
ՀՀ-ն և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել համագործակցության շրջանակը իրավապահ համակարգում ընդլայնելու
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը։
«Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։
Նա ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ աշխատանքները, կառուցվածքի, գործառույթների ու կադրային քաղաքականության մանրամասներ։
Բարձր գնահատելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Զաքարի Բարթերը կարևորել է անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկվել են փորձի փոխանակման, ծառայողների կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել