HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վրացական ընկերության մասնաճյուղը մրցույթը հաղթելուց հետո հայտարարել է, թե ֆինանսական միջոցներ չունի

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա գյուղի մշակույթի տան շենքի գազիֆիկացման համակարգի կառուցման աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը, որի հետ 2024թ. սեպտեմբերին կնքվել է պետական գնման պայմանագիր: Սակայն պայմանագիրը կնքելուց մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին, ընկերությունից Մեծամորի համայնքապետարան գրություն է ուղարկվել, որ ընկերությունն ի վիճակի չէ իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Համայնքի ղեկավարին խնդրել են լուծել պայմանագիրը:

Հոկտեմբերի 31-ին պայմանագիրը միակողմանի լուծվել է: Այդ մասին ծանուցվել է «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին՝ առաջարկելով տուժանքների մասին համաձայնագրերի համաձայն կատարել վճարումներ՝ մոտ 300 հազ. դրամի չափով: ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին սպասարկող «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Մեծամորի համայնքապետարանին տեղեկացրել է, որ ՍՊԸ-ի մասնաճյուղի բանկում սպասարկվող հաշվին առկա միջոցները բավարար չեն ապահովելու ներկայացված վճարման պահանջագրերի կատարումը:

Նշենք, որ պայմանագրի գինը խոշոր գումար չի եղել, կազմել է 840 հազ. դրամ:

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը նոյեմբերի 25-ին որոշել է «Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տվյալները համապատասխան հիմքերով ուղարկել Ֆինանսների նախարարությանը՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով:

«Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը 2024թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի, Թալինի համայնքապետարանի, «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ պայմանագրեր է կնքել՝ ընդհանուր մոտ 33 մլն դրամ ընդհանուր գնով:

«Կապիտալ գրուպ» ՍՊԸ-ն վրացական ընկերություն է: Հայաստանյան մասնաճյուղը, որն առանձին իրավաբանական անձ չէ, հիմնադրվել է վրացական ընկերության կողմից: Իսկ Հայաստանում գրանցվել է 2020թ. հունվարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter