Ցեմենտի ներմուծումն աճել է, արտադրությունը՝ նվազել
Երրորդ երկրից Հայաստան ցմենտի ներմուծման լիցենզավորումը կերկարաձգվի վեց ամսով։ Կառավարությունը դա բացատրում է տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Այս կարգավորումը սահմանվել է 2023 թվականին, ինչպես նաև՝ 2024 թվականի մայիսի 23-ին՝ 6 ամիս ժամկետով։
2024 թվականի միայն առաջին ինն ամիսների ընթացքում ցեմենտի ներմուծումը շուրջ 151 հազար տոննայով ավելի է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Գործադիրում կարծում են, որ նախորդ տարվա սահմանափակումը նպաստել է տեղական արտադրության զարգացմանը։ Մասնավորապես՝ 2023 թվականին Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Իսկ ներմուծման աճը բացատրում են նրանով, որ կարողացել են ապահովել հավասար շուկայական պայմաններ և հավասարակշռել ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի գները։ Նախորդ տարում ցեմենտ ներմուծվել է նաև Վրաստանից և ՌԴ-ից։
2024-ին ցեմենտրի ներմուծումը շարունակում է աճել։ Էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորվում է, որ Իրանից ավելի ցածր գնով է գալիս այդ ապրանքը։ Իրանի կառավարությունը պետական աջակցություն է տրամադրում ցեմենտ արտադրողներին, ինչն էլ նվազեցնում է ապրանքի գինը։
Գործադիրը եզրակացրել է, որ կարգավորումները չեն խոչընդոտում ցեմենտի ներմուծման գործընթացին, այլ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը՝ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող հումքից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսվարողների միջև մրցակցության շնորհիվ։
Չնայած՝ այս տարի նվազել է տեղական ցեմենտի արտադրությունը։ 2024 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 485.9 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 31.6%-ով քիչ:
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նվազել է մրցունակությունը, արդյունքում՝ վատացել ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։
Մեկնաբանել