
«Թռչկան» նախաձեռնության նամակը բնապահպանության նախարարին
Հարգելի պարոն Հարությունյան,
Ինչպես տեղեկացել ենք ՀՀ բնապահպանության նախարարությունից, «Թռչկան» ջրվեժ բնության հուշարձանի անձնագրի նախագծի վերաբերյալ մեր 18.07.2012թ. ներկայացրած առաջարկությունների մեծ մասն ընդունվել է նախարարության կողմից՝ բացառությամբ ամենակարևոր առաջարկներից մեկի, որը վերաբերվում էր ջրվեժի պահպանման գոտու ստորին A հանգուցակետին:
Մենք գտնում ենք, որ A հանգուցակետը մինչև Շիրակամուտի ջրանցքի ջրառն ընկած հատվածը մոտ 1 կմ գետի հոսանքն ի վար հասցնելը ոչ միայն նպատակահարմար է, այլեւ խիստ անհրաժեշտ, քանի որ բնության հուշարձանը պետք է դիտարկել իր շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, իսկ այդ ներդաշնակությունն ու ամբողջականությունը կապահովվի միայն վերոնշյալ տարածքը եւս պահպանման գոտում ներառելու ճանապարհով:
Վերոնշյալ առաջարկությունը հիմնավորելու և ապացուցելու համար կարող ենք կազմակերպել համատեղ այց տվյալ տարածք՝ մեր եւ ձեր մասնագետների մասնակցությամբ, որտեղ մանրամասն կներկայացնենք ջրվեժի եւ գետի հոսանքով վար գտնվող ձորի ամբողջականությունը եւ պահպանման գոտում ընդգրկելու անհրաժեշտությունը: Այդ ամբողջականությունը երեւում է նաեւ հետեւյալ նկարում, որն արված է դեպի ջրվեժ տանող հիմնական ճանապարհից.
Ակնկալում ենք ստանալ Ձեր դրական պատասխանը սույն առաջարկության վերաբերյալ:
Հարգանքով,
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել