HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն տվեց օրհներգի փոփոխության նախագծին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ դիմել են Կառավարությանը։

Առաջարկում են խմբագրել օրհներգի տեքստը․ չորրորդ տունը բարձրացնում են առաջին տնից հետո։ Այդ տարբերակում հիմնը ավարտվում է

«Նայիր նրան` երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։

«Շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի նույն ձևի կատարման։ Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ։ Երբեմն ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Եթե մենք միջոցառում ենք կազմակերպում, որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- Կառավարության նիստում նշեց վարչապետ Փաշինյանը։

Ըստ նախագծի, այսուհետ ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և քոլեջներում պարտադիր կլինի օրհներգի կատարումը։

Ըստ օրենքի գործող տարբերակի՝ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների բացման և փակման ժամանակ է օրհներգը կատարվում։ Առաջարկվում է օրհներգը կատարել նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախատեսվող փոփոխությամբ առաջարկում են նաև հանել օրենքի հետեւյալ հատվածը՝ օրհներգի տարբերակը գործում է մինչև նոր օրհներգի տեքստի ու երաժշտության սահմանումը։

Իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում կառավարությունը կարող է թույլ տալ օգտագործել օրհներգի կարճ տարբերակ։

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter