HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան. վարչապետ

Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության և պետականության ընկալման թեմայի շրջանակում սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ Վարչապետի, կարելի է ընդլայնել և անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին»:

«Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք մեծ հաշվով սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ առաջին հարցը, որին ուզում է անդրադառնալ վերջերս Հայաստանում տեղի ունեցած Ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությանն է վերաբերում՝ Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը:

«Պիտի արձանագրեմ, որ մեր զինվոր մարզիկները բավականին հաջող հանդես եկան այդ առաջնությունում և նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ, որը ոչ միայն հաջող, այլև պետք է խոստովանեմ՝ անսպասելի հաջող արդյունք էր»,-ասել է երկրի ղեկավարը և կիսվել այս առաջնության մասին քննարկումների վերաբերյալ իր վերաբերմունքով, որը ձևավորվել է նույնիսկ հանրային քննարկումներից առաջ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է լրահոսում հայտնված այն լուրերի մասին, որոնց համաձայն՝ հայտնի մարզիկները զորակոչվել են բանակ: Այդ մարզիկների հիմնական խնդիրն Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն է եղել: «Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի Հանրապետության բանակի և այս առաջնության նկատմամբ: Եվ մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա նաև պետության ռեպուտացիայի հարց է, որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որը լինելով արդարության և ֆեյքազերծման ջատագով, կարող է հայտնվել սխալ իրավիճակում: Սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցման մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում»,-ասել է երկրի ղեկավարը:

Խոսելով բանակը ընդամենը մրցմանը մասնակցելու գործիք դարձնելու անթույլատրելիության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպության կանոնադրությանը և՛ տառին, և՛ ոգուն համապատասխանող տրամաբանությանը: Եվ այս մոտեցումը ձևավորվում էր առաջին հերթին մեր պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բանակի նկատմամբ մեր վերաբերմունքից»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, վերաբերել է նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը՝ ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ միջոցառումից տեղյակ չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ Գլխավոր շտաբի պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ ՏԿԵ նախարարը: «Եվ սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ ես այս դահլիճում տասնյակ անգամներ խոսել եմ այդ մասին, և ԿԳՄՍ նախարարն է խոսել այդ մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում՝ դե յուրե միջոցներով, չեղարկել այդ որոշումը: «Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և այսպես հրապարակային են ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի:

Եվ ես խիստ դիտողություն եմ անում Շիրակի մարզպետին և Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Կրկնում եմ՝ կա պետություն և կա ապապետություն, թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, հետևանքները կլինեն համապատասխան»,- նշել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter