HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիայի իրադարձությունները եւ հայկական լրատուադաշտը

Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ եւ թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչեւ Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով:

Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից եւ սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարեւոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ կարեւոր միջավայր է:

Լրատուական լուսարձակների մոտայիկ կեդրոնացումը, մրցակցային կշռույթով ստուգված ու չստուգված լուրերը շրջանառության մեջ դնելու հեւքը այսօր ստեղծած են խայտաբղետ մի իրավիճակ, ուր լրագրողական շուկան պահանջ-սպառողի կանոնների հիմամբ հեղեղած է լրատուադաշտը:

Այստեղ, որոշ լրատվությունների դեպքում կան պատվերային շարժառիթներ, իհարկե, այլոց համար ընդհանուր մրցավազքից  ետ չմնալու մղումներ, իսկ սակավաթիվերի համար ալ` սիրիահայության ձեռք երկարելու գիտակցական ինքնաթելադրանքներից  ներշնչված քայլեր:

Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արեւմտյան քարոզչության ուղղակի հայացման, նման լրատվությունների բառացի կրկնօրինակացումին եւ բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը` խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը եւ ապալուսաբանելը:

Որոշ լրատուամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրության չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրներ առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել` միաժամանակ լուծելով թե՛ սիրիահայության խնդիրը եւ թե՛ Ջավախքի հայաթափումի հարցը: Ուրիշներ գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին` հաստատելով, որ սիրիահայությունը արեւմտահայերի շառավիղ է, առ այդ` պետք է վերադառանա Արեւմտահայաստան (մոռանալով Կիլիկիան):

Մինչ, ֆեյսպուքահայությունը իբրեւ այլընտրանքային լրատուադաշտի օգտատերերի նկատառելի համրանք քննարկում է Հայաստանում սիրիահայերի ապաստան տալու անհետաձգելի գործը: Կարելի չէ անշուշտ բացառել հայրենակիցների օգնության փութալու միաժամանակ թե՛ ազգային եւ թե՛ մարդասիրական պատրաստակամության փաստը:

Խնդիրը սակայն ունի քաղաքական երանգներ: Ուղերձը այս երեւույթին նաեւ այն է, որ ի բացակայություն պետական կառույցների ձեռնարկելիք գործին, քաղաքացիական հասարակությունն է, որ ուզում է կազմակերպել ճգնաժամի մեջ հայտնված մարդոց օգնության փութալու աշխատանքը: Այս շարժումը նախաձեռնողները հայտարարում էին, որ մինչ այժմ սիրիահայ մեկ ընտանիքի օգտակար էին դարձել` Երեւանի մեջ ճարելով աժան վարձքով բնակարան:

Խնդիրը անշուշտ զերծ չէ նաեւ ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որեւէ ձեւով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերը. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը: Եւ այսպես մինչեւ... «Միջին Արեւելքի մեջ ռուսական վերջին կայանի կորստից հետո կարգը կովկասյան ռուսական կայանին` Հայաստանի Հանրապետությանն է» պիտի ուզեր կանխատեսել մի մեկնաբան։ 

Սիրիահայությունը համասփյուռքյան առումով հայկական արժեհամակարգի պահպանման մեծ դերակատարություն ունեցած կուռ, կազմակերպ համայնք է, որ ունի խոր արմատներ: Այն քաղաքական շահարկումների ենթարկելը` փոքր եւ կարճաժամկետ առավելներ ապահովելու համար նվազագույն ըսելաձեւով լրատուական առարկայականության հետ աղերս չունեցող երեւույթ է:

Բայց հարցը անշուշտ միայն լրագրողական արհեստավարժության հետ կապ չունի: Չմոռանանք ստեղծված տագնապին եւ պատերազմական իրավիճակին հետ թուրքական շահագրգռվածության չափը եւ Թուրքիայի առաջադրած «անվտանգության գոտի»-ին անմիջականությունը: Հայկական յուրաքանչյուր լրատուամիջոցի կողմից նման հաշվարկ չկատարելու փաստը լրագրողական աշխատանքից  ակնկալուած օրինաչափությունների չի վերաբերվում միայն:

Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակին հետ կարող է երկար տեւել: Հայկական լրատուադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության եւ թշնամիին քայլերը հաշվարկելու հրամայականին առջեւ է: Հեռու` խուճապայնությունից, շահարկումներից եւ ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից:

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter