
Հ1-ը, «Բանաձևը» և Սիրակ Եղիազարյանը պարտավոր են հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ ամբիոնի վարիչից
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Թադևոսյանը մասնակի բավարարեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի, Սիրակ Եղիազարյանի և Սոնա Հարությունյանի:
Դատարանը գտել է, որ իրավաբանական անձը չի կարող ունենալ պատիվ և արժանապատվություն, ուստի և չի կարող այդ իրավունքների ենթադրյալ խախտման պաշտպանության հայց ներկայացվել դատարան, այսինքն` Երևանի պետական համալսարանը պատշաճ հայցվոր չէ, և այս մասով հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Դատարանը նաև գտել է, որ Սոնա Հարությունյանի նկատմամբ ներկայացված պահանջը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ, համաձայն Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի, հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ տվյալ դեպքում հայցվորը քննարկվող հաղորդման մասին իմացել է 2011թ. մայիսի 28-ին, իսկ Սոնա Հարությունյանի մասով պահանջը ներկայացվել է 2011 թ. նոյեմբերի 29-ին` ավելի քան 6 ամիս հետո: Այսինքն, կողմը բաց է թողել դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը։
Դատարանը գտել է, որ Արա Գաբուզյանի մասով ներկայացված հայցը ենթակա է բավարարման: Համաձայն դատարանի վճռի՝ Սիրակ Եղիազարյանը, «Բանաձև» ՍՊԸ-ն, ինչպես նաև Հ1-ը պարտավոր են հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հրապարակային բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում։
Սիրակ Եղիազարյանը պարտավոր է «Բանաձև» ՍՊԸ-ի կողմից պատրաստվող և Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող ստորև բերված փաստացի տվյալները` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում.
- նրանք ասում են. «Մենք աշխատում ենք ծավալի վրա, մեզ բովանդակությունը չի կարևոր»,
- «ըստ մասնագետների իմ գրավոր աշխատանքն ավելի քան հինգ միավոր էր և ավելի քան ութ միավոր էր»:
«Բանաձև» ՍՊԸ-ն պարտավոր է իր իսկ կողմից պատրաստվող և Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հերքել ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի վերաբերյալ զրպարտություն համարվող ստորև բերված փաստացի տվյալները` տեղադրելով այդ տեսանյութը նաև «Ականատես» հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com կայքում.
- «Մայր բուհում դիմորդի գրավորը անբավարար են գնահատել առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով»,
- «քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է, «Կարևորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել»,
- «խնդրի լրջությունը գնահատականից հեռու է գնում. իրավաբաններն ակնհայտ կասկած ունեն, որ գործը կոռուպցիոն ռիսկեր ունի։ Դիմում են կրթության և գիտության նախարարություն, որ գործն ուսումնասիրեն և հավանական կոռուպցիան կանխեն..., թաքնված կոռուպցիայի կասկած հայտնում է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ..., Սխալներ գտնելու համար նախարարությունը նայեց ամեն տեղ բացի այնտեղից, որտեղ սխալներ հաստատ կգտներ»,
- «պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալն է»,
«Բանաձև» ՍՊԸ-ն նաև պարտավոր է ինտերնետային կայքի սկզբի էջում երևացող մասում, ինչպես նաև http։//akanates.banadzev.com ինտերնետային կայքի սկզբի և 28.05.2011 թ. հաղորդման էջերում երևացող մասերում հրապարակել դատարանի վճիռը` նշումով. «ք. Երևան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել և հերքել ԵՊՀ «Քրեական իրավունքի» ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից և հերքել վերջինիս վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի և զրպարտության համար»։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել