HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բողոքի զանգվածային ակցիաներ Վրաստանում. ինչ է կատարվում հարևան երկրում

Հարևան Վրաստանում արդեն չորրորդ օրն է, ինչ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։ 

Շաբաթ երեկոյան և գիշերը վրացական ոստիկանությունը շարունակել է Թբիլիսիի կենտրոնից բերման ենթարկել ու ցրել ցուցարարներին։ Ցուցարարների մի մասը մինչև առավոտ մնացել է Ռուսթավելի պողոտայում, երբ ոստիկանությունը կրկին ջրցան մեքենա է կիրառել: Դրան ի պատասխան` ցուցարարները պիրոտեխնիկա են նետել ոստիկանների ուղղությամբ: 

Զուգահեռաբար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շաբաթ օրը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, քանի դեռ չի ձևավորվել լեգիտիմ խորհրդարան: Կիրակի գիշերը ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և փորձել ցրել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։

Ընդ որում, շաբաթօրյա բողոքի ակցիային մասնակցել է ավելի շատ մարդ, քան հինգշաթբի և ուրբաթ օրերին։ BBC-ի թղթակիցները նշում են, որ մարդկանց թվի ավելացումը հավանաբար պայմանավորված է նախորդ օրերին ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններով։

Վրաստանի կառավարությունը շաբաթ օրը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ նրանց գործողությունների համար և մեղադրել «արմատականներին և նրանց արտասահմանյան տերերին» երկրում անկարգություններ կազմակերպելու և «Վրաստանն ուկրաինացնելու» փորձերի մեջ:

Նախագահ Զուրաբիշվիլին հրաժարվում է հեռանալ իր պաշտոնից

Շաբաթ երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես եկավ հեռուստաուղերձով, որտեղ հայտարարեց, որ քանի որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, նա չի կարող իր լիազորությունները փոխանցել նոր նախագահին, որին պետք է ընտրեն պատգամավորները։ Ինչպես վրացական ընդդիմությունը, այնպես էլ Զուրաբիշվիլին չեն ճանաչում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։ Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են նոր խորհրդարանը և կառավարությանը մեղադրում զանգվածային կեղծիքների մեջ: Իշխանությունները պնդում են, որ քվեարկությունն անցկացվել է ժողովրդավարական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։ 

«Լեգիտիմ խորհրդարան չկա, համապատասխանաբար՝ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել։ Այսպիսով, ոչ մի երդմնակալություն չի կարող լինել։ Եվ իմ մանդատը շարունակվում է, մինչև ձևավորվի լեգիտիմ ընտրված խորհրդարան։ Բայց ես ձեզ հետ եմ, կմնամ ձեզ հետ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի կեսերին։

Զուրաբիշվիլին նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ բանակցությունները հետաձգելու որոշման դեմ զանգվածային բողոքի ակցիաներին։ Բացի այդ, հինգշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում նա միացել էր ցուցարարներին:

Նոյեմբերի 30-ին նախատեսված էր միանգամից երեք բողոքի ակցիա։ Դրանցից առաջինը, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, տեղի էր ունեցել Վրաստանի առաջին ալիքի շենքի մոտ։ 

Այստեղ միջադեպեր չէին եղել։ Ցուցարարների մոտ էին դուրս եկել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վասիլ Մագլապերիձեն: Նրանք ակտիվիստներին առաջարկել էին շաբաթ երեկոյան դուրս գալ ուղիղ եթեր։ 

Բողոքի մյուս երկու ակցիաները տեղի էին ունեցել երեկոյան՝ խորհրդարանի շենքի և կառավարության մոտ։ Ցուցարարներից շատերը պարզել էին Եվրամիության և Վրաստանի դրոշները, իսկ Ռուսթավելի պողոտան խիստ մարդաշատ էր։ Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներն այրել էին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի խրտվիլակը։ Խորհրդարանի շենքում նաև փոքր հրդեհ էր սկսվել, ինչը կարող էր պայմանավորված լինել հրավառությամբ:

Որոշ ժամանակ անց իրավիճակը սկսեց լարվել։ Խորհրդարանին հարակից փողոցներում բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը սկսեց կիրառել ջրցան մեքենա։

Դրա պատճառով ցուցարարները խորհրդարանի մոտ սկսեցին բարիկադներ կառուցել։ Գիշերը ոստիկանությունը, արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի կիրառմամբ, ցրեց ցուցարարներին։ 

Դրանից հետո ցուցարարները սկսեցին բարիկադներ տեղադրել Tbilisi Marriott հյուրանոցի մոտ։ Paper Kartuli-ն գրում էր, որ արդեն կիրակի առավոտյան Թբիլիսիի օպերային թատրոնի մոտ ոստիկանությունը կիրառում էր ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

Կոբախիձեն էլ շնորհակալություն է հայտնում ոստիկանությանը

Շաբաթ օրը Վրաստանի վարչապետն իր շնորհակալությունն է հայտնել ուժայիններին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարարին և յուրաքանչյուր ոստիկանի այն բանի համար, որ նրանք երեկ կանխեցին երկրի սահմանադրական համակարգի վրա հարձակումը և կանգնեցին Վրաստանի ինքնիշխանության և անկախության պահպանման կողքին»,- ասել է Կոբախիձեն։ 

Ընդդիմադիրներն ասում են, որ ուրբաթ օրը ոստիկանության որոշ աշխատակիցների գործողություններն աչքի են ընկել առանձնակի դաժանությամբ: Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը ոտքով հարվածում կամրջին պառկած մարդու գլխին:

Կոբախիձեն, սակայն, հայտարարել է, որ ընդդիմությունն այլ պետությունների աջակցությամբ «փորձում է առիթներ հնարել երկրում անկարգություններ կազմակերպելու և Վրաստանն ուկրաինացնելու փորձերի համար»:

«Նրանք դեռ չեն գիտակցել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի՝ Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, որ ամենակարևորն է, ունի փորձառու և իմաստուն ժողովուրդ, որի տոկունությունը ոչ ոք չի սասանելու։  Վրաստանում «Մայդանի» սցենարը չի անցնի»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի Առաջին ալիքն էլ տարածել է Պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, որ «մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնք ուղղված են ապակառուցողական և բռնի սցենարների զարգացմանը»:

Այս կառույցի փոխանցմամբ՝ կասկածյալներ դեռ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter