
slaq.am-ի ղեկավարությունն ընդունել է սխալը և առաջարկել հաշտվել
www.slaq.am լրատվական կայքի խմբագիրն ընդունում է, որ վիրավորել և զրպարտել են թիվ 32 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված փաստաբան Անուշավան Նիկողոսյանին:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել թիվ 32 ընտրատարածքում (ք. Տաշիր) պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված փաստաբան Անուշավան Նիկողոսյանի հայցով դատական նիստն ընդդեմ slaq.am-ի: Պատասխանողն ընդունել է հայցն ամբողջությամբ, իսկ հայցվոր Անուշավան Նիկողոսյանը պնդել է իր հայցը:
Հիշեցնենք, որ Անուշավան Նիկողոսյանը դատի է տվել slaq.am-ին («Վիրտուալ Մեդիա» ՍՊԸ)` պահանջելով իր հասցեին «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հոդվածում գրված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար ներողություն խնդրել, հերքում տպագրել slaq.am կայքում և փոխհատուցել զրպարտության համար 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ:
Դատավոր Ռ.Ափինյանը զարմացած էր որ slaq.am-ի ներկայացուցչի լիազորագիրը ընդամենը 10 օրով է տրված եղել: slaq.am-ի ներկայացուցիչ, վերջինիս գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը դատարանին հայտնել է, որ պատրաստ է հաշտության գալ կողմի հետ:
Դատարանը կողմերին ժամանակ է տրամադրել մինչև օգոստոսի 10-ը՝ հաշտության եզրեր գտնելու համար:
«Հետքին» Կ.Վարդանյանը հայտնեց, որ իրենք ընդունում են, որ սխալ են գործել և պատրաստ են հերքում տպագրել, սակայն տեղյակ չեն Ա.Նիկողոսյանի դիրքորոշմանը: «Ուսումնասիրելով նյութերը` ընդունում եմ, որ սխալմունք է եղել, ճիշտ ձևակերպումներ չեն եղել: Դե հիմա բոլորս էլ սխալվում ենք, ոչ մեկն ապահովագրված չէ սխալներից»,- ասաց Կ. Վարդանյանը:
Կ. Վարդանյանը նաև տեղեկացներց, որ նախքան հայց ներկայացնելը, ինքը դիմել է Անուշավան Նիկողոսյանին հաշտության եզրեր գտնելու համար, սակայն վերջինս չի համաձայնել: «Չնայած հիմա նման բաներ շատ կան կայքերում, լրատվամիջոցներից մեծ մասում, օրինակ` ընդդիմադիր լրատվամիջոցները նախագահի հասցեին, տարբեր քաղաքական գործիչների հասցեին վիրավորանքեր են հասցնում, բայց հիմնականում դրա համար իրար դատի չեն տալիս: Բայց դա իր սահմանադրական իրավունքն է, եթե գտնում է, որ դրա համար պետք է դատի տալ, ուրեմն թող տա»,- նշեց Կ. Վարդանյանը:
Հայցվորի 3 մլն դրամ գումարային պահանջին կապված, Կ. Վարդանյանն ասաց, որ դա պետք է դատարանը որոշի, իսկ եթե դատարանն անգամ հաշտության դեպքում պարտավորեցնի իրենց վճարել 3 միլիոն դրամ, ապա ստիպված են լինելու վճարել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել