
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավել է երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«Ի դեպ, սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։
Գարիկը հաջորդիվ կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի Աշխարհի գավաթին և Աշխարհի առաջնությանը»,- ասված է գրառման մեջ։
Մեկնաբանել