Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են եվրոպամետ ուժերը
Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են եվրոպամետ դիրքորոշում ունեցող կուսակցությունները, որոնք հանդես են գալիս նաև Ուկրաինային աջակցելու օգտին։ BBC-ն գրում է, որ այդ կուսակցությունները ստացել են բավականաչափ ձայներ՝ երկրի հաջորդ կառավարությունը ձևավորելու համար:
Ընտրությունները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անսպասելիորեն դուրս եկավ աջ պոպուլիստ թեկնածու Քելին Ջորջեսկուն:
Reuters գործակալությունը, հղում անելով ԿԸՀ տվյալներին, նշում է, որ քվեաթերթիկների 99,45%-ի հաշվարկից հետո իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 22,6%-ը։ Ընդդիմադիր «Միություն հանուն Ռումինիայի փրկության» լիբերալ կուսակցությունը հավաքել է ձայների 12,1%-ը, իսկ սոցիալ-դեմոկրատների հետ իշխող կոալիցիայի մեջ մտնող Ազգային-լիբերալ կուսակցությունը՝ 14,4%: Ծայրահեղ աջ «Դաշինք հանուն ռումինացիներին միավորման» կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 18,2%-ը։ Աջ ծայրահեղական մյուս կուսակցությունները՝ «SOS Ռումինիա»-ն և «Երիտասարդների կուսակցություն»-ը, համապատասխանաբար, ստացել են 7,6% և 6,3%։ Եվ վերջապես Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միությունն էլ ստացել է ձայների 6,5%-ը։
Ռումինիայում ընտրական անցողիկ շեմը 5% է: Թե կուսակցություններից յուրաքանչյուրը խորհրդարանում քանի մանդատ կստանա, պարզ կդառնա այն բանից հետո, երբ կբաշխվեն 5 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները։
Եթե արդյունքները արմատապես չփոխվեն, ապա սոցիալ-դեմոկրատները և եվրոպամետ մյուս կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կունենան բավարար մանդատներ կառավարություն ձևավորելու համար:
Լուսանկարը՝ Andreea Alexandru/The Associated Press
Մեկնաբանել