HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության նկատմամբ

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների դեմ՝ Վրաստանի քաղաքներում հակակառավարական ցույցերի և պաշտոնական Թբիլիսիի կողմից Եվրոպական միությանն անդամակցության բանակցությունների դադարեցման ֆոնին: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ անանուն երկու դիվանագետի։

Վերջիններիս տվյալներով՝ եվրոպական արտաքին քաղաքական ծառայության նոր ղեկավար Կայա Կալասի պնդումն այն մասին, որ ցուցարարների դեմ գործողությունները և Վրաստանի իշխող կուսակցության՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները դադարեցնելու որոշումը «հետևանքներ կունենան Եվրամիության կողմից», կարող է նշանակել այդ երկրի իշխող կուսակցության անդամների դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանում:

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին Բրյուսելում։ Ըստ Politico-ի զրուցակիցների՝ «դա պատեհ պահ կլինի համապատասխան որոշում կայացնելու համար»։

Մեկ այլ դիվանագետի խոսքով էլ՝ պատժամիջոցները «կարող են առաջարկվել ցանկացած պահի», այդ թվում՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում, և հաստատվել շատ ավելի ուշ։ «Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ինչը նշանակում է, որ նա ունի պարտականություններ, բայց նույնը վերաբերում է նաև ԵՄ-ին, հատկապես այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցելու և դրանց արձագանքելու առումով»,- ասել է Politico-ի զրուցակիցը։

Ինչպես նշում է պարբերականը, Եվրամիությունը կարող է նաև կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի գործողությունը, որն ընդունվել է 2017 թվականին և թույլ է տալիս վրացիներին, առանց վիզայի, երեք ամիս մնալ ԵՄ երկրներում։ Պարբերականի գնահատականներով՝ ԵՄ-ն այժմ սկսում է հակվել «ավելի կոշտ միջոցների ընդունմանը, որոնք կընդգծեն, թե որքան թանկ կարող է արժենալ Եվրոպայից Թբիլիսիի քաղաքական շրջադարձը»:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter