HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Երկար մտածելուց հետո Հովիկ Աղազարյանը որոշեց վայր չդնել մանդատը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։ 

Աղազարյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը սկսեցին պտտվել նոյեմբերի 18-ից, երբ հայտնի դարձավ, որ Կառավարության մի շարք անդամներ ազատման դիմումներ են գրել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Կառավարության մի շարք անդամների խնդրել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ասաց, որ Հովիկ Աղազարյանին նույնպես խնդրել է հեռանալ և վայր դնել մանդատը։ 

Փաշինյանի՝ WhatsApp-ով ուղարկած հաղորդագրություններից հետո աշխատանքից ազատման դիմումեր գրեցին կառավարության հինգ անդամներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վարչապետի խնդրանքով պաշտոնը թողեցին նաև Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Նարեկ Զեյանալյանի և Արգիշտի Քյարամյանի հեռացումը կապված է հոկտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմավերպված լսումները մարդկանց հիշողության մեջ մնացին Աղազարյան-Քյարամյան լեզվակռվով և Քննչական կոմիտեի ղեկավարի վարքի մասին Նարեկ Զեյնալյանի քննադատությամբ։ 

ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում Քյարամյանը հայտարարեց, որ իրեն մի քանի անգամ զանգել են Հովիկ Աղազարյանին որդու հետ կապված քրեական գործը կարճելու համար։ Աղազարյանն էլ պահանջել էր անուններ հնչեցնել։ Լեզվակռիվը վերածվել էր փոխադարձ վիրավորանքների։ Միջադեպից հետո ելույթ էր ունեցել Նարեկ Զեյնալյանը՝ անընդունելի համարելով Քյարամյանի պահվածքը և արած հայտարարությունները։

Այս դեպքից հետո Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ էր նախաձեռնվել Քյարամյանի վարքի հետ կապված հարցերը քննելու համար։ Վարույթ էր նախաձեռնվել նաև ՔՊ-ի ներսում, որը պիտի ուսումնասիրեր Աղազարյանի և Զեյնալյանի պահվածքը։

Բացի այս կարգապահական վարույթից, Աղազարյանը ներգրավված է նաև մի քրեական գործում, որպես վկա։ Գործը վերաբերում է մանր եղջերավոր անասունների արտահանմանը։ 

Երբ հայտնի դարձավ, որ Աղազարյանը նույնպես ստացել է հաղորդագրություն Նիկոլ Փաշինյանից, վերջինս հայտարարեց, որ որոշման մասին կհայտնի երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին։ Երկուշբթի, սակայն, պատգամավորը չտվեց սպասված հարցի պատասխանը։ Իսկ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հայտարարեց, որ դեռ որոշում չունի և սպասում է Մոսկվայում բնակվող ընկերոջը, որը Աղազարյանի համար բացարձակ հեղինակություն է։ Հովիկ Աղազարյանին ընկերը խնդրել էր պատգմավորական մանդատը վայր չդնել՝ առանց իր հետ հանդիպելու։ 

Հայտնի չէ՝ Աղազարյանը հանդիպեց ընկերոջը, թե ոչ, սակայն որոշումն արդեն կայացված է։ Հայտնի չէ նաև՝ կհեռանա Հովիկ Աղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter