ՀՀ-ն պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդարանում բյուջետային շահագրգիռ քննակումների համար եւ արձանագրել, որ պետական բյուջեն պետականության եւ ինքնիշխանության շատ կարեւոր հատկանիշ է:
«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջեն, բայց նաեւ պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է: ՀՀ-ում չկա նույնիկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում»,- փաստել է երկրի ղեկավարն ու մտքեր արտահայտել մեր պետության մասով աշխարհընկալման վերաբերյալ:
«Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձեակերպվել հետեւյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, եւ սա իմ հիմնավոր տպավորությունների արգասիքն է: Այն ուղերձը, որն ուզում ենք հղել աշխարհին, հետեւյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու այս համատեքստում խոսել ազգ-բանակ հայեցակարգի մասին: Ըստ վարչապետի՝ ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է եւ բխում է նրանից, որովհետեւ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, ապա, անխուսափելիորեն, քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:
«Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է, մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց ուզում եմ, որ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ: Այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուղիղ ու անկեղծ ուղերձներ փոխանակենք մեր ժողովրդի հետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով վարչապետն անդրադարձել է լուծման ուղիներին ու կարծիք հայտնել, որ ազգ-նահատակ եւ ազգ-բանակ բանաձեւերը հաղթահարելու համար պետք է որդեգրել մեկ այլ, բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է բացառապես սեփական շահերին համապատասխան: «Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք եւ գործում է միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու փաստել՝ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: «Հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- հավելել է վարչապետը եւ նշել, որ այդ թեման տասնյակ շերտեր ունի:
Ըստ երկրի ղեկավարի՝ պետությունը պետք է իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների՝ հռչակված եւ ընդունված կանոններով եւ օրենքներով: Այս համատեքստում նա խոսել է ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու օրակարգի մասին, այնուհետեւ անդրադարձել արտագաղթի պատճառներին, այդ երեւույթը մեծամասամբ պայմանավորել մեր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ: ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ մի շարք արձանագրումներ է կատարել:
«Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մե՛նք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում: Շնորհակալ եմ եւ խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել 2025 թվականի պետական բյուջեին»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:
Մեկնաբանել