HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մերձավոր Արևելքի կենտրոնում գտնվելու «հմայքը». ո՞ւմ է ԱՄՆ-ն որպես գործիք օգտագործում Սիրիայում

Այսօրվա մամուլի ասուլիսում արաբագետ Սուրեն Մանուկյանը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակի, հակամարտության մեջ ներգրավված կողմերի, դրանց շահերի և սիրիահայերի խնդիրների այն պատկերը, որը ստացել է Հայաստանից:

-Պրն Մանուկյան, ի՞նչ ազդեցություն են թողնում սիրիական իրադարձությունները համաշխարհային իրադարձությունների վրա:

-Հալեպի գրոհը և ճակատամարտը 1-ին կարևոր իրադարձությունն է: Կարծում եմ, որ այն, ինչ տեղի կունենա Հալեպում, և այն, թե ինչպես կհանգուցալուծվեն Հալեպի իրադարձությունները, կկանխարոշեն այս ճգնաժամի զարգացումը: Հալեպի մի քանի շրջաններ ընդդիմադիրների կողմից զբաղեցվել էին, և 2 օր առաջ կառավարական զորքերը նախ փակեցին դեպի Հալեպ տանող մուտքերը և ելքերը, և սկսեցին քայլ առ քայլ մաքրել քաղաքը: Հենց այս գրավված շրջաններից մի քանիսում էլ մինչև այսօր շարունակվում է պայքարը, և բավականին արյունալի և աղմկալի իրադարձություններ են տեղի ունենում այդ թաղամասերում:

Հալեպը 1,5 տարի հաջողացրել էր անվտանգ մնալ և համեմատաբար ապահով լինել նաև այնտեղ ապրող բնակչության, այդ թվում նաև հայերի համար, որոնք այդտեղ շատ մեծ թիվ են կազմում: Ընդհանրապես հայկական համայնքը հենց Հալեպում էլ կենտրոնացված է:

Հալեպը Սիրիայի առևտրական և արդյունաբերական կենտրոնն է, և պետության նորմալ կենսագործունեության հետ կապված բոլոր հանգույցները հատվում էին Հալեպում: Հալեպը այդ պատճառով շատ ավելի մեծ ուշադրության էր արժանանում կառավարության կողմից, ավելի մեծ էր վերահսկողությունը, և ընդդիմադիրներն էլ, հասկանալով, թե ինչ դժվարություն կհարուցեն Հալեպը գրավելու փորձերը, չէին ձգտում դրան:

Բայց վերջին մեկ ամսվա ընթացում մարտավարության որոշակի փոփոխություն տեղի ունեցավ ընդդիմության մոտ: Եթե նախկինում թվում էր, թե հիմնական մարտավարական գիծը գնում է դեպի պարտիզանական պատերազմ, երկարատև, պետության ռեսուրսները և հնարավորությունները հյուծող գործողությունների, ապա հիմա պարզ է դարձել, որ Սիրիայի հարցը ուզում են վերջակետի հասցնել շատ շուտ:

Դրա համար շատ մեծ ուժեր կենտրոնացրին Դամասկոսում սկզբում, բայց հետո պարզ դարձավ, որ Դամասկոսը ընդամենը ուշադրություն շեղելու ձև ուներ: Դամասկոսում որոշակիորեն կռվելուց հետո ընդդիմադիրները, այնուամենայնիվ, գլխավոր հարվածը հասցրին Հալեպում: Ասում են՝ մոտ 10 հազար ընդդիմադիր ուժեր կան կենտրոնացված Հալեպում: Թեև Հալեպի բնակչությունը 2 մլն-ից ավելի է, բայց 10 հազար գրոհայիններ մի քաղաքում շատ լուրջ թիվ է, և դրա համար սիրիական զորքերը շատ մեծ դժվարություններ են ունենում այդ տարածքը մաքրելու հետ:

Ես չեմ կարծում, որ ընդդիմադիրները կկարողանան եկար պահել Հալեպը: Ի վերջո, կանոնավոր զորքերը միշտ էլ առավելություն ունեն անկանոն և պարտիզանական, ընդդիմադիր զորքերի նկատմամբ, և Հալեպը քայլ առ քայլ կմաքրվի, մանավանդ որ սիրիական կառավարությունը ծանր տեխնիկա է օգտագործել: Ասում են՝ որոշ շրջաններում, որտեղ բարձրահարկ շենքեր չկան, նույնիսկ ավիացիա է օգտագործում:

Շատ կարևոր կլինի, թե ինչ արդյունքներով կլինի Հալեպի մաքրումը: Եթե հնարավոր լինի հնարավորինս շատ ընդդիմադիրներ և գրոհայիններ ձերբակալել, ոչնչացնել, վնասազերծել, ապա հետագայում սիրիական կառավարության համար շատ հեշտ կլինի, որովհետև ընդդիմադիրները ամբողջ իրենց ներուժը կենտրոնացրել են Հալեպում: Միաժամանակ կա նաև այս հարցի երկրորդ կողմը: Այս ճակատամարտը կարող է շատ հյուծիչ լինել կառավարության համար, և հետևանքները ռեսուրսների կորստի առումով շատ մեծ կարող են լինել:

Երկրորդ կարևոր իրադարձությունը քննարկվող այն թեման է, որ գտնվել է կոմպրոմիսային ֆիգուր, որը կարող է փոխարինել Բաշար Ասադին իշխանության գլխում: Դա նախկին պաշտպանության նախարար Մուստաֆա Տլասի որդին է՝ Մանաֆ Տլասը: Մանաֆը Բաշարի մանկության ընկերն է: Երբ լուրը տարածվեց, որ նա երկրից փախել է, ինձ համար դա 1-ին պահին ընկալվեց որպես կառավարության կողմից կազմակերպված օպերացիա: Այսինքն՝ պայմանավորվածություն կա Բաշարի և նրա միջև, իմ կարծիքով, որ նա երկրից դուրս կգա և հետո կվերադառնա երկիր որպես կոմպրոմիսային ֆիգուր:

Խոսում են այն մասին, որ Մանաֆ Տլասը հանդիպել է արդեն Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ, ընդունելության տանը գաղտնի հանդիպում է եղել Անկարայում, և իբր թե Թուրքիան նույնպես համաձայն է այս թեկնածությանը: Թվում է, թե կոնսենսուս կա այս մարդու շուրջ, բայց սիրիական ճգնաժամը այնքան խառն է, այնքան շատ արտաքին խաղացողներ կան, ներքին թնջուկը այնքան է խճճվել, որ շատ հեշտ է մենք հիմա ասենք՝ «Բաշարը գնում է, գալիս է Մանաֆ Տլասը», բայց դժվար է դա իրականացնել:

Այնքան մարդիկ կան, որոնք երաշխիքներ են պահանջում իշխանությունից հեռանալու համար, կլաններ կան, որոնք երկրի տնտեսական հզորությունը իրենց ձեռքում են կենտրոնացրել, և գիտեն, որ իշխանության փոփոխության դեպքում կարող են այն կորցնել, կան էթնոկոնֆեսիոնալ փոքրամասնություններ՝ քրդեր, հայեր կան, որոնք նույնպես որոշակի պայմանավորվածություններ ունեն իշխանությունների հետ: Եվ հարց է, թե նոր կառավարությունը, ինչքան էլ այն փոխհամաձայնության միջոցով եկած լինի իշխանության, արդյոք կկատարի՞ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերված:

Այս առումով, հայերիս ճակատագիրն էլ շատ մտահոգիչ է, որովհետև հայերս պաշտպանեցինք Բաշար Ասադին: Հայկական համայնքը Բաշար Ասադի կառավարման շրջանում այնքան մեծ հնարավորություններ էր ստացել, որ ուրիշ կառավարության ժամանակ դժվար էր պատկերացնել, և դրա համար սա շատ պարզ երախտագիտության զգացում էր: Այնուամենայնիվ, հայերը թեև հայտնեցին Բաշար Ալ-Ասադին պաշտպանություն, բայց փորձեցին չեզոք մնալ և մինչև այսօր չեզոք մնում են:

Երրորդ կարևորագույն խնդիրը քրդական հարցն է: Մերձավոր Արևելքում կա մի խնդիր, որ ցանկացած հակամարտության պարագայում դուրս է գալիս: Դա քրդերն են: Տասնյակ միլիոններ ունեցող քրդական ժողովուրդը չունի պետականություն, և ինչ-որ մի տեղ պետք է այդ պետականությունը ստեղծի: Իրաքում որոշ չափով իրականացրել է, Թուրքիայում երկարատև պատերազմների ընթացքում դիրքային պայքար է գնում, Իրանում խնդիրներ կային, այսօր նաև՝ Սիրիայում:

Ինչքան ես պատկերացնում եմ, Սիրիայի հյուսիսային շրջանները ամբողջությամբ վերահսկվում են քրդերի կողմից: Ըստ երևույթին, Բաշար Ալ-Ասադը եկել է համաձայնության, որ քրդերը ընդդիմադիրներին չեն պաշտպանում, բայց դրա դիմաց հետագայում ստանում են շատ լայն ինքնավարության, որը քրդերին ձեռք է տալիս իրաքյան տարբերակով: Վերջերս երբ լսում եմ լուրերը Հալեպի իրադարձություններից, միշտ շեշտում են, որ քրդերը պաշտպանում են իշխանությանը, նույնիսկ իշխանական զորքերի կողմից կռվում են նաև քրդական ջոկատներ: Սա նշանակում է, որ փոխհամաձայնություն ձեռք է բերվել: Բացի դրանից՝ Սիրիան սկսել է քրդերին օգտագործել Թուրքիայի վրա ճնշում իրականացնելու համար: Սիրիայում կան Քրդական աշխատավորական կուսակցության ճամբարներ, և այսօր Սիրիան սատարում է քրդերին, որոնք Թուրքիայի դեմ որոշակի գործողություններ են իրականացնում:

Չորրորդ հարցը արտաքին քաղաքական ճնշումն է, որովհետև Սիրիան ընդամենը ներքին հակամարտություն չէ: Եթե ներքին հակամարտություն լիներ, եթե ընդդիմադիրները չստանային զենքի, փողի, տեղեկատվական աջակցության մշտական հսկայական հոսք, այս հարցը մի շաբաթում կլուծվեր: Այսինքն՝ կճնշվեին ընդդիմադիրները, և խաղաղություն կտիրեր Սիրիայում: Բայց քանի որ փողի և զենքի մշտական հոսք կա Սիրիա, ապա այս հակամարտությունը ավելի շատ միջազգային բնույթ ունի, քան ներսիրիական:

-Որքանո՞վ է Հայաստանն աջակցում սիրիահայերին:

-Ես մշտական կապի մեջ եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների հետ, որովհետև հաճախ եմ գնում-գալիս Սիրիա և ունեմ ծանոթներ: Հալեպը մինչև վերջերս անվտանգ էր, և առաջ երբ խոսում էիր Հալեպում ապրող հայերի հետ, բոլորը ասում էին. «Չէ, նորմալ է, իրականում մի հավատացեք նրան, ինչ գրվում է, այստեղ հանգիստ է»: Բայց վերջին 2 շաբաթում շատ ընկճված են, և շատերը նույնիսկ ասում են, որ իշխանություններն արդեն կորցրել են երկրի կառավարումը:

Խոսք կա, որ պետք է ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել, պետք է թաղերը կարողանալ պահել, որովհետև Հալեպը, ասում են, որ այս կռիվներից հետո և կռիվների ընթացքում անիշխանության շրջանում է, և բանդաներ կան, որոնք նաև հարձակումներ են գործում տարբեր թաղամասերի վրա՝ անկախ նրանից՝ հայկական թաղամասե՞ր են, թե՞ չէ: Հայերը, որոնք բավականին կապիտալ ունեն, բավականին բարեկեցիկ և բարգավաճ կյանքով են այնտեղ ապրել, միշտ հարձակումների թիրախ կարող են դառնալ և դառնում են:

Հայկական պետությունից պահանջվում է ամեն օր անդրադառնալ այս խնդրին: Շատ կարևոր կլիներ, եթե մենք շաբաթը մեկ ունենանք ինչ-որ մշակութային, սպորտային, կրթական, տնտեսական պատվիրակություն, որ գնար Սիրիա, սիրիական իշխանությունների հետ հանդիպեր: Նաև այդ ընթացքում առիթ կլիներ անպայման հանդիպել հայկական համայնքի հետ, և հայկական համայնքը միշտ զգար, որ հայրենիքը իր թիկունքում է: Այնտեղի հայերը միշտ ասում են, որ «մենք առավելություն ունենք շատ ազգերի նկատմամբ, որոնք հիմա Սիրիայում ապրում են և այդ վիճակում են, նրանով, որ մենք ունենք հայրենիք»: Հայաստանի ուշադրությունը պետք է միշտ զգան, զուտ զգայական մակարդակում սիրիահայերը դրա կարիքը ունեն:

Հայկական դեսպանատունը եզակի դեսպանատներից է, որ մնացել է աշխատելու Սիրիայում: Ռուսականը, հայկականը և ևս մի 2-3 երկիր են: Այս առումով կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում էր: Ոչ դեսպանատունն է փակվել, ոչ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Սա նույնպես վստահություն է ներշնչում համայնքին:

Չպետք է մտածենք, որ հայկական համայնքը ամբողջությամբ մի օրում կելնի և կգա Հայաստան: Այդ մտայնությունը մեզ մոտ կա: Պարզ է, որ մենք այդ ձևով պետք է ընկալենք, որովհետև Բաքու, Սումգայիթ ենք տեսել: Շատ ծանր նյութական և ֆիզիկական վիճակում և մարդկանց բարոյալքված հոսքը եկել էր, և մենք դա տեսել ենք: Սիրիայի դեպքում նման բան չի կարող լինել, որովհետև, նախ, այդ մարդիկ այնտեղ ունեն տասնյակ տարիների ընթացքում կուտակած միջոցներ, կապեր, ստեղծած բիզնեսներ, և բնականաբար մի օրում չեն ելնի և չեն գա Հայաստան:

Երկրորդը՝ մենք չպետք է խուճապի մատնվենք, որովհետև Սիրիան բազմաթիվ ճգնաժամեր է անցել միշտ: Հալեպի հայկական համայնքը հազարամյակի պատմություն ունի: Հազար տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ քաղաքը գրավվել է, վերագրավվել է, իշխանություն է փոխվել, հայկական համայնքը մնացել է: Հայկական համայնքը միշտ գտնում է եզրեր՝ իշխանությունների հետ լեզու գտնելու: Այդ առումով նաև չպետք է թերագնահատենք մեր համայնքին: Այնտեղ կան մարդիկ, որոնք հենց այսօր էլ նույն ընդդիմության հետ էլ (ես համոզված եմ) ինչ-որ տեղ աշխատում են՝ հետագայում եթե նույնիսկ լինի իշխանափոխություն, կարողանան որոշակի երաշխիքներ ստանալ:

Իհարկե, 60 հազարը չի գա մի օրում Հայաստան, բայց իհարկե, որոշակի հոսք կարող է լինել: Շատերը գնում են Լիբանան, որովհետև հենց կողքին է, Լիբանանում ունեն նաև բարեկամներ և հարազատներ, ընկերներ, որոնց մոտ կարելի է ժամանակավորապես ապաստան գտնել: Այս առումով հոսքը մեծ չի լինի, և հայկական պետությունը կարող է և պարտավոր է այդ հոսքին պատրաստ լինել: Պետք է գոնե կացարաններ այդ մարդկանց համար գտնել, պետք է ֆինանսական միջոցներով կարողանանք ապահովել որոշ ժամանակահատվածում: Կարծում եմ՝ հազար, 2 հազար կարող է այդ հոսքը լինել: Հայաստանը շատ դեպքերում կարող են ընտրել որպես տրանզիտային երկիր. գալ Հայաստան և Հայաստանի միջոցով գնալ Եվրոպա և կամ այլ երկրներ:

Ես այդ առումով այնքան էլ խանդավառված չեմ այս օրերին հայկական անձնագրեր ստանալու մեծ թափով: Շատերը կարծում են, որ եթե այդքան շատ անձնագրերի համար այս շրջանում դիմում են սիրիահայերը, դա Հայաստան գալու և Հայաստանի լիիրավ քաղաքացի դառնալու համար է: Այդպես չէ: Աշխարհում սիրիական անձնագիրն այդքան լավ չի ընկալվում՝ և վիզա ստանալու, և տարբեր երկրներ դրանով ճանապարհորդելու առումով: Դրա համար սիրիահայերը փորձում են ունենալ նաև հայկական անձնագիր, որը քիչ թե շատ ավելի լավ է ընկալվում աշխարհում, և շատ ավելի հեշտ է հայկական անձնագրով, օրինակ, ստանալ վիզա Եվրոպա, քան սիրիական անձնագրով:

-Պրն Մանուկյան, արաբները հայերին Ցեղասպանությունից հետո տեղ են տվել իրենց երկրներում: Հիմա հայերն ավելի շատ վախենում են արաբների վրեժխնդրությունից ու մեկնաբանությունից, թե «հայերը ծանր պահին լքում են երկիրը»: Արաբներն ինչպե՞ս են ընկալում երկրից դուրս գնացող այդ հոսքը, և անվտանգությունն այդ առումով ինչպիսի՞ն է:

-Միայն հայերը չէ, որ գնում են երկրից: Եթե լինեին միայն հայերը, որոնք «թողեցին այս դժվար պահին, գնացին», դա իհարկե վատ կընկալվեր բոլոր երկրներում: Բայց իրենք՝ սիրիացիք են շատ մեծ չափերով գաղթում երկրից, և հայերի տոկոսը շատ փոքր է: Սիրիայից գաղթողները շատ բազմազան են: Սիրիան մինչև այս իրադարձությունները ընդունեց մոտավորապես 1,5 մլն իրաքյան փախստական: Բացի դրանից՝ Սիրիան ուներ իր երկրում կես մլն պաղեստինցի փախստական: Եվ հիմնական հոսքը, որը հիմա երկրից գնաց (երկրից մոտավորապես 2-3 մլն մարդ է գաղթել այս ամբողջ ընթացքում), նախկին իրաքյան փախստականներն էին, որոնք Սիրիայում իրենց տեղ չգտան, և պաղեստինյան փախստականները, նաև բուն սիրիացիներ, և այդ թվում՝ շատ փոքր թվով հայեր:

Այդ առումով հայերը «խորտակվող նավը առաջինը լքող» մարդկանց կերպար չունեն: Հայերին շատ հարգում են: Հայերը այդ հարգանքը վաստակել են ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելուց հետո: Հալեպի հայկական համայնքը հազար տարվա պատմություն ունի: Հայերը օտար տարր չեն արաբական միջավայրում, և հայերին երբեք չեն ընկալել քրիստոնյա եվրոպացիների նման, որոնց պատկերը շատ բացասական է Սիրիայում:

Այդ առումով հիմա հայերի նկատմամբ վատ դրսևորումներ չկան: Հայերին չեն առանձնացնում ընդհանուր բնակչության ֆոնից, որովհետև ի տարբերություն Լիբանանի, որտեղ հայերը իրոք առանձին քաղաքական կշիռ, քաղաքական միավոր են՝ Սիրիայում հայերը շատ մերված են ընդհանուր արաբական զանգվածին, և նույն Դամասկոսում կամ Հալեպում արդեն այլև չեն մնացել «մաքուր հայկական» թաղամասեր: 1960-70-ականներին կային, շատ դեպքերում գետտոների էին նմանվում, փակ համայնքներ: Հիմա տարրալուծվել են ամբողջ քաղաքում, հարևանները արաբներ են:

Ես բացառում եմ մոտ ժամանակներս հայերի դեմ ինչ-որ վատ տրամադրվածություն: Մի խնդիր կա, որ կարող է մտահոգիչ լինել: Դա այն կառավարության որակն է, որը կարող է հավանաբար գալ Բաշար Ասադի հրաժարականից հետո: Եթե դրանք լինեն որոշ ուժեր, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից («Սիրիայի ազգային խորհուրդ» միավորում կա, որը հիմնականում թուրքական հովանավորության տակ է և իր նիստերը գումարել է Անկարայում կամ Ստամբուլում), այս ուժերը կարող են որոշակի տրամադրվածություն ունենալ դեպի Թուրքիա, և այս առումով կարող են հայերի կարգավիճակի վրա որոշակի բացասական հետևանքներ լինել:

-Սիրիան առանցքայի՞ն նշանակություն ունի աշխարհաքաղաքական այժմյան վերադասավորումներում: Ինչո՞ւ է Արևմուտքը այդքան շահագրգռված իր վերահսկողությունն այնտեղ հաստատելու հարցում:

-Սիրիան գտնվում է Մերձավոր Արևելքի կենտրոնում, և բոլոր ուղիները, որոնք Մերձավոր Արևելքը իրար են միացնում և այդ ամբողջ հսկայական տարածաշրջանը մեկ տարածաշրջան դարձնում, անցնում են Սիրիայի միջով: Այն ուժը, որը վերահսկում է Սիրիան, կարողանում է շատ մեծ ստրատեգիական հնարավորություն ունենալ ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Սա 1-ին պատճառն է՝ ինչու է կարևոր Սիրիան, և ինչու Սիրիան այս հորձանուտի մեջ մտավ: Ես կարծում, որ արհեստական մտավ՝ ի տարբերություն, օրինակ, Թունիսի և Եգիպտոսի, որտեղ իրոք կար բնակչության բուռն կամարտահայտություն:

Երկրորդ կարևորությունը, որ ունի Սիրիան արտաքին քաղաքական խոշոր խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի համար, Իրանի հետ շատ սերտ կապերն են: Սիրիան Իրանի՝ Մերձավոր Արևելքի միակ ուժեղ և հավատարիմ դաշնակիցն է: Կորցնելով Սիրիան՝ Իրանը բոլորովին կտրվում է արտաքին աշխարհ տանող ճանապարհներից, ընդ որում և ավտոճանապարհներից և երկաթգծի ճանապարհներից, և ինչ-որ չափով նաև նավթամուղային ճանապարհներից, և այդ դեպքում Իրանի վրա ճնշում գործադրելու օպերացիան շատ ավելի հեշտ կիրականացվի: Այդ առումով սիրիական իշխանության փոխելը կարող է լուծել նաև Իրանում իշխանության փոխելու հարցը:

Երրորդ կարևոր բան կա: Դա մեծ ածխաջրածնային պատերազմն է, որն ընթանում է Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում կան խաղացողներ՝ Ծոցի արաբական պետություններ Սաուդյան Արաբիան և Քաթարը: Քաթարը գազի մեծ պաշարներ ունի, Սաուդյան Արաբիան՝ նավթի: Այս երկուսն էլ իրենց հիմնական մրցակից տեսնում են Իրանին, որը նույնպես տիրապետում է և գազային, և նավթային պաշարների: Սիրիայի վրայով անցնում է կարևորագույն գազամուղ, որը իրանական գազը թույլ է տալիս Միջերկրական ծովի միջոցով տանել շատ եվրոպական պետություններ և աշխարհի այլ պետություններ: Այդ ճանապարհը կտրելով՝ Սաուդյան Արաբիան և Քաթարը լիարժեք վերահսկողություն են ունենում մերձավորարևելյան նավթի նկատմամբ: Եվ Ռուսաստանի շահը հենց այդ է՝ թույլ չտալ Քաթարի և Սաուդյան Արաբիայի ուժեղացումը, որովհետև նրանք նույնպես իր մրցակիցներն են գազային և նավթային պայքարում:

Չորրորդ կարևորությունը: Մինչև հիմա բոլոր պետություններում, որտեղ ընթացել է «արաբական գարուն» կոչվող երևույթը, հանգուցալուծվել է հաջողությամբ՝ Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն: Այս 4 երկրների իշխանություններն էլ փոխվել են, եկել են նոր ուժեր, որոնք նոր վերադասավորություն կտան Մերձավոր Արևելքին: Սիրիան վերջինն է, որ դիմադրում է: Եթե Սիրիայում հնարավոր եղավ կանգնեցնել «արաբական գարնան» ընթացքը, դա ցույց կտա, որ այն կորցնում է իր արդյունավետությունը, և պետք է ինչ-որ նոր բաներ մտածել: Այն ցույց կտա, որ սիրիական իշխանությունները գտան բանալին՝ ինչպես պայքարել այդ երևույթի դեմ, որի անվանումը տվեցին «արաբական գարուն»: Եթե Սիրիայում Բաշար Ալ-Ասադի իշխանությունը տապալվի, նշանակում է, որ այդ մոդելը կկիրառվի նաև շատ այլ երկրներում՝ Իրանում, նույնիսկ կարող է տարածաշրջանից դուրս անցնել այս մոդելը: Եվ այս առումով Սիրիան նաև դրա համար է կարևոր:

-Պրն Մանուկյան, խնդրում եմ կոնկրետ նշել այն անմիջական մասնակից երկրները, որոնք Սիրիայի հարցում շահ ունեն թե հեռակա կարգով, թե տնտեսական, աշխարհաքաղաքական առումներով:

-Սիրիայում կան մի քանի խոշոր խաղացողներ, որոնք աշխատանքի բաժանում են կատարել: Դա Սաուդիան Արաբիան է, նախ և առաջ, որը իր վրա է վերցրել այս ամբողջ օպերացիայի ֆինանսավորումը: Օրական միլիոնավոր դոլարներ են մտնում Սիրիա՝ սիրիական ընդդիմությանը սնելու և սիրիական հակակառավարական ուժերին ֆինանսական ռեսուրսներ տալու առումով:

Սաուդյան Արաբիան ունի մի գլոբալ խնդիր՝ տարածաշրջանային առաջնորդություն՝ Իրանի ամբիցիաները մեղմելու և տարածաշրջանում իրեն որպես նոր առաջնորդ ձևակերպելը: Սաուդյան Արաբիան ամեն ինչի կգնա դրա համար, որովհետև այդ երկիրը ունի ամենը, ինչ հնարավոր է: Տնտեսական, տարածքային ոչ մի խնդիր չունի, ռազմական ոչ մի վտանգ չունի, և մնում է միայն իշխանության համար պայքարը, որը այսօր Մերձավոր Արևելքում կարող է լինել միայն Իրանի դեմ: Իրանը միակ պետությունն է, որ հավակնություն է ներկայացնում տարածաշրջանային առաջնորդության համար:

Երկրորդը Քաթարն է, որն ավելի շատ ունի իր գազային ամբիցիաները բավարարելու խնդիր: Քաթարը հիմնականում ներգրավված է տեղեկատվական պատերազմի դաշտում, և հիմնական հակակառավարական լուրերը, որոնք շրջանառվում են Սիրիայի վերաբերյալ, իրականացնում է «Ալ ջազիրայի» միջոցով: «Ալ ջազիրան» վերահսկում է Քաթարի թագավորական ընտանիքը:

Երրորդ խոշոր խաղացողը ԱՄՆ-ն է: Ես կարծում եմ, որ իրենք չեն հրահրել այս «արաբական գարունը», բայց իրենք մեծապես փորձում են օգտվել այն պտուղներից, որ կարող էր բերել «արաբական գարունը»: ԱՄՆ-ի հիմնական շահագրգռվածությունը նորից Իրանի վերջնական շրջափակումն է, իսկ սիրիական վարչակարգն այդ պարագայում միշտ խանգարում էր և Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհին Սիրիայի այսօրվա իշխանությունը վերացնելու ամենակարևոր և ամենակարճ ճանապարհն էր:

ԱՄՆ-ի հիմնական օգնությունն է՝ դիվանագիտական ճնշում, նոր բանաձևերի ստեղծում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ճնշում, և նաև դա իրականացնում է իր դաշնակիցների միջոցով: Իսկ Սաուդյան Արաբիան և Քաթարը ԱՄՆ-ի շատ կարևոր դաշնակիցներ են: Կարելի է ինչ-որ տեղ ասել, որ ԱՄՆ-ն Քաթարին և Սաուդյան Արաբիային որոշ դեպքերում օգտագործում է որպես գործիք՝ Սիրիայում ուղղակիորեն ներգրավված չլինելու պայմաններում:

Եվրոպական դիրքորոշումը մի քիչ այլ է: Եվրոպան պատժամիջոցներ մտցրեց, մի քանի օր առաջ Եվրամիությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթը ընդունեց: Ընդ որում, ԵՄ-ն մի ուժ էր, որը Բաշար Ալ-Ասադին բավականին լոյալ էր վերաբերվում: Բաշարը ինքը երկար տարիներ սովորել էր Լոնդոնում, բրիտանական շարժուձև ուներ և շատ հարազատ էր եվրոպացիներին: Բայց այս հակամարտության սկզբում եվրոպացիները շատ կոշտ սկսեցին, բայց վերջին շրջանում նկատվում է որոշակի մեղմացում՝ ոչ այն պատճառով, որ վերաբերմունքն է փոխվել Սիրիայի նկատմամբ: Ուղղակի Եվրոպան իր տնտեսական ճգնաժամի հարցերի պարագայում ոչ ռեսուրս, ոչ ժամանակ, ոչ ցանկություն և ոչ էլ միջոցներ չունի Սիրիայում մեծ ներգրավվածություն ունենալու համար: Դրա համար հիմնականում Բրիտանիայի և Ֆրանսիայի շահերը այս պարագայում ԱՄՆ-ին սատարելն է արտաքին դիվանագիտական ճակատում:

Հինգերորդ խաղացողը Թուրքիան է: Թուրքերը նույնպես շատ լավ էին սիրիական իշխանությունների հետ: Սիրիան և Թուրքիան ստրատեգիական դաշնակիցներ էին, բայց Թուրքիան, հասկանալով, որ այս «արաբական գարունը» բերում է իշխանությունների փոփոխություններ, մի փոքր սթափվեց Սիրիայի պարագայում, որովհետև կարծում էր, որ Սիրիայում նույնպես իշխանափոխությունը շատ արագ կլինի, և ինքը 1-ինը կքաղի այն պտուղները, որ իր հետ կբերի նոր Սիրիան: Թուրքիան առաջարկում է չափավոր իսլամականության իր մոդելը Սիրիայում, բոլոր երկներում, որտեղ «արաբական գարուն» տեղի ունեցավ:

Եգիպտոսում ինչ-որ չափով հաջողվեց այդ մոդելը իրականացնել: Հիմա թուրքական մոդելի սցենար փորձում են նաև Սիրիայում իրականացնել: Թուրքիան հասկանում է, որ այդ միջոցով Սիրիային կկարողանա վերջնականապես գցել իր ազդեցության ոլորտ, և այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ է կատարում. սահմանին մի քանի փոխստականների ճամբարներ ունի, զինում է նաև գրոհայիններին, որոնք Լիբիայից գալիս են, մարզվում են Թուրքիայում և հետո տեղափոխվում են սիրիական տարածք:

Սա այն 5 կողմն է, որը այսօրվա սիրիական իշխանությունների դեմ է գործում: Սակայն կան նաև Ռուսաստանը և Չինաստանը, որոնք մի քանի խնդիր ունեն լուծելու: Առաջին խնդիրը ԱՄՆ-ին կանգնեցնելը և ԱՄՆ-ի առանց կանոնների խաղը կասեցնելն է, որովհետև Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հայտարարում է, որ Սիրիայում տեղի ունեցածը միջազգային իրավունքի և ձևավորված միջազգային հարաբերությունների ավանդույթի սասանման փորձ է:

Ռուսաստանի 2-րդ շահը այն է, որ Սիրիան միակ պետությունն է մնացել տարածաշրջանում, որ քիչ թե շատ ռուսական ազդեցություն ունի: Ռուսները, որոնք վաղուց արդեն հեռացել են Մերձավոր Արևելքից Խորհրդային Միության փլուզումից հետո, հասկացան, որ սխալ են արել, բայց հեռացած տեղերը զբաղեցրել էին արդեն այլ խաղացողներ: Միակ տեղը Սիրիան էր, որը մնում է ռուսական ազդեցության գոտում, և այս միակ տեղից հեռանալը ընդհանրապես Ռուսաստանին Մերձավոր Արևելքից դուրս կմղի շատ երկար ժամանակով (եթե չասեմ՝ ընդմիշտ):

Երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը, ինձ համար գոնե Ռուսաստանի սիրիական քաղաքականությունը պարզ էր: Չի կարող մի մարդ, որը ամբողջ իր իշխանությունը կառուցել է ռուսական շահերի կոշտ պաշտպանության վրա, մեղմություն թույլ տալ և գնալ ինչ-որ սակարկությունների և զիջումների այս հարցում. այն, ինչ ժամանակին արեց Դմիտրի Մեդվեդևը: Լիբիայի պարագայում Ռուսաստանը ձեռնպահ մնաց և դեմ չքվեարկեց ԱԽ բանաձևին: Բայց Ռուսաստանի նախագահի իմիջը՝ որպես կոշտ և շատ եռանդուն կերպով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պաշտպանող մարդու, նաև թույլ չի տա, որ ռուսները Սիրիայում գնան զիջման: Այլ հարց է իհարկե՝ մինչև ուր է ձգվում Ռուսաստանի ռեսուրսը, որովհետև Ռուսաստանը կարող է շատ բաներ հայտարարել, բայց ի վիճակի չլինել գործել այն վճռականությամբ և հնարավորություններով, ինչ անում է ԱՄՆ-ն:

Սիրիացիների միակ հույսը մնացել են ռուսները: Այլևս ոչ մի արտաքին հույս սիրիացիները չունեն: Իրանը ինքն է շատ վատ վիճակում, տնտեսական պատժամիջոցները թույլ չեն տալիս օգնել Սիրիային այն չափով, որով կուզենար Թեհրանը: Չինաստանը երբեք մենակ դուրս չի գա ԱՄՆ-ի և այլ գերտերությունների դեմ: Եվ եթե ռուսները մի փոքր զիջեն և մի փոքր հնարավորություն տան կասկածել իրենց վճռականության մեջ, հարցը շատ արագ կլուծվի, և Սիրիա արտաքին ներխուժում կլինի:

Ես կարծում եմ, որ այդ խաղացողների թվում մենք նաև Հայաստանը պետք է դասենք, որովհետև Հայաստանը պետք է միշտ հայտարարի, որ ինքը սիրիական ճգնաժամի և կարգավորման մեջ նույնպես դերակատար է, որովհետև ունի հայկական համայնք: Իհարկե, մենք պարբերաբար հայտարարում ենք, որ կողմ ենք հնարավորիս շուտ երկրում կայունություն ապահովվելուն, բայց նաև պետք է հայտարարենք, որ մենք տեր ենք նաև մեր քաղաքացիներին: Այնտեղ կան մարդիկ, ովքեր երկքաղաքացիություն արդեն ունեն: Պետք է միշտ հայտարարենք, որ ցանկացած պահի պատրաստ ենք ցանկացած միջոց կիրառել՝ այդ մարդկանց անվտանգ էվակուացնելու և Հայաստան հասցնելու համար:

-Արդյոք բախում չի՞ առաջանում Սիրիայում շահեր ու մասնակցություն ունեցող այս բազմակողմանի ուժերի մեջ, թե՞ յուրաքանչյուր կողմը փորձում է իր փոքրիկ շահը կորզել ընդհանուր դաշտից:

-Ավելի շուտ՝ երկրորդը, որովհետև այնքան հստակ են բաժանվել ճամբարները, որ ճամբարների ներսում ավելի շատ փորձում են իրենց հասանելիք մասնաբաժինը ստանալ:

-Պրն Մանուկյան, ասացիք, որ սա ԱՄՆ-ն չի հրահել: Այդ դեպքում ո՞վ է հրահրել:

-Ճիշտն ասած, չգիտեմ: Երևի ոչ ոք չգիտի: Դա երևի հետագայում տասնամյակների հետազոտության նյութ կլինի, բայց ես կարծում եմ, որ նաև բացառված չէ, որ ոչ ոք էլ չէր հրահրել, որովհետև այս երկրների տնտեսական և սոցիալական պայմանները այնպիսի վիճակում էին, որ մի օր այդ երկրները պետք է պայթեին:

-Բայց առանց կողմնակի ազդեցությա՞ն:

-Ինչու ոչ: 20-30 տարի ոչ մի բան տեղի չէր ունենում այդ երկրներում, և ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար: Մի օր տեղի ունեցավ: Քաղաքագիտության մեջ կա «ժամանակի ոգի» տերմին: «Ժամանակի ոգին» բերում է նրան, որ մի երկրում պայթյունը բերում է նաև ամբողջ տարածաշրջանի պայթյունի, եթե կան նույն կամ նման սոցիալ-տնտեսական պայմաններ: Իսկ ամբողջ արաբական աշխարհը գրեթե նույն սոցիալ-տնտեսական պայմաններում է զարգանում:

Միշտ հեղափոխությունները շղթայական ռեակցիա առաջացնում են, և թունիսյան հեղափոխությունը նաև շղթայական ռեակցիա առաջացրեց ամբողջ արաբական աշխարհում: Այլ հարց, որ շատ ուժեր փորձեցին օգտվել իրավիճակից և արդեն ուղղորդել: Հետագա գործողությունները Եգիպտոսում, Սիրիայում, Եմենում ավելի շատ ուղղորդված էին, բայց կայծը արդեն տրվել էր, և հրդեհը արդեն կար, ուղղակի պետք էր հրդեհը ուղղորդել հենց այն ձևերով, որոնք ավելի ձեռնտու կլինեին այս կամ այն ուժի համար:

-Իսկ կայծի դեպքում ԱՄՆ-ին մեղադրելը միանշանակ ճիշտ չէ՞:

-Միանշանակ ոչ մի բան չի կարելի ասել: Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն չէր հրահրել սա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter