
20 տարի անկողնուն գամված Լուսինեն միշտ ինչ-որ դրական բան է փնտրում ու գտնում
37-ամյա Լուսինե Ավագյանը մոտ 20 տարի է` չի կարողանում քայլել: Նա դեռ մեկ տարեկան էլ չէր, երբ բուժքույրը սխալ ներարկում արեց, ինչի հետեւանքով Լուսինեն սկսեց դժվարությամբ քայլել: Բուժումներն արդյունք չտվեցին, իսկ երեխային արտասահմանում բուժելու համար ընտանիքը, մոր` տիկին Օֆելյայի խոսքերով, գումար չուներ: Լուսինեի վիճակն աստիճանաբար բարդացավ: 15-16 տարեկանից արդեն նա չկարողացավ քայլել:
«Ամեն ինչն էլ պառկած եմ անում:Միայն երբ դուրս եմ գալիս, սայլակ եմ նստում: Մենակ ոչ մի բան չեմ կարողանում անել: Նույնիսկ հիմա եթե ուզենամ շրջվել, չեմ կարող. պետք է օգնեն ամեն ինչում»,- ասում է Լուսինեն: Նրան օգնում են մայրն ու քույրը` Լաուրան, ով ասում է, որ Լուսինեն չընկճվող մարդ է, հաճախ ինքն է հուսադրում ընտանիքի մյուս անդամներին:
Լուսինեն ծնվել եւ ապրում է Չարենցավանում: Նա դպրոց չի գնացել առողջական վիճակի պատճառով: Երկու տարի ուսուցիչները նրան դպրոցական առարկաները դասավանդել են տանը: Այս ընթացքում Լուսինեն երկու գովասանագիր է ստացել: Հետո առարկաները շատացել են, եւ Լուսինեն ինքնուրույն է շարունակել սովորել դպրոցական ողջ ծրագիրը:
«Ես չեմ սիրել ոչ մի անգամ, որ ինձ օգնեն: Հիմա էլ ինչ-որ բաներ երբ լինում են, թեկուզ ինչ-որ հանելուկներ, չեմ սիրում, որ իմ տեղը պատասխանեն. ես պետք է մտածեմ, տանջվեմ, գտնեմ»,- ասում է Լուսինեն: Նա այնքան լավ է տիրապետում դպրոցական առարկաներին, որ եղբոր երեխաներին միշտ օգնում է դասերը սովորել: «Չեմ սիրում, որ ոչ պիտանի լինես: Ուզում եմ զգալ, որ ես էլ եմ կարողանում օգնել: Ես ուրախանում եմ, որ թեկուզ ինչ-որ փոքր բաներով, բայց կարողանում եմ օգնել»,- ասում է Լուսինեն:
Քույրը` Լաուրան, պահում է բազմաթիվ մանկական պատմվածքները, հեքիաթներն ու շարադրությունները, որոնք Լուսինեն գրել է եղբոր երեխաների համար: Լաուրան ասում է, որ հնարավորության դեպքում Լուսինեի գրածների ժողովածու կհրատարակեր:
Լուսինեն օրվա մեծ մասը զբաղված է հելունագործությամբ: Ավելի քան 15 տարի առաջ նրան մի անգամ ցույց են տվել, թե ինչպես հյուսել, իսկ հետո արդեն նա ինքնուրույն է սովորել: Նա հեշտությամբ է գլուխ հանում հելունագործության բարդ գծագրերից:
«Առավոտը արթնանում եմ, գործում եմ մինչեւ օրվա վերջ: Ամբողջ օրս դրանով անցկացնում եմ: Գործելուց հոգնում եմ, բայց չեմ ձանձրանում»,- ասում է Լուսինեն: Նրա համար հյուսելը դժվարանում է նրանով, որ անընդհատ պառկած է: Բացի հելունագործությունից` նա օրն անցկացնում է սոցիալական ցանցերում. մեկ տարի առաջ ընկերուհին Լուսինեին համակարգիչ է նվիրել: Երբեմն նա ժամերով համացանցում հելունագործության, ձեռագործ աշխատանքների գծագրեր է փնտրում եւ ուսումնասիրում:
Նա իր աշխատանքների նկարները տեղադրել է սոցիալական ցանցերում` հուսալով, որ ոմանք կարող են գնել դրանք կամ պատվիրել նորը: Լուսինե Ավագյանը 2005 թ. Երեւանում մասնակցել է «Ունիսոն» ՀԿ-ի կազմակերպած, հաշմանդամ ստեղծագործողների աշխատանքների առաջին հանրապետական մրցույթ-ցուցահանդեսին եւ երկրորդ տեղը զբաղեցրել «Գոբելեն եւ ասեղնագործություն» անվանակարգում:
Մեկ հելունագործ աշխատանք հյուսելը տեւում է մոտ մեկ ամիս: Լուսինեի ամենամեծ աշխատանքը մահճակալի ծածկոցն է, որը նա հյուսում է արդեն երկու տարի: «Երեւի մյուս ամսվա վերջին նոր կվերջացնեմ: Ուղղակի հիմա թելերի պրոբլեմ կա: Թելերը թանկ են: Միայն էդ հարցով եթե օգնողներ լինեին, շատ ուրախ կլինեի»,- ասում է նա: Լուսինեն իր ունեցած գումարի զգալի մասը թելերի վրա է ծախսում. մեկ աշխատանքի համար մի քանի կգ թել է պետք:
6 հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը 55 հազար դրամ է: Լուսինեի քույրն ու եղբայրը չեն աշխատում: Լաուրան մասնագիտությամբ դերասանուհի է, նկարահանվել է հեռուստածրագրում, մանկական ֆիլմում, սերիալներում: Մինչ դա Չարենցավանի գործիքաշինական գործարանում աշխատել է որպես համակարգչային օպերատոր: Լաուրան ասում է, որ արձակուրդ էր վերցրել` Լուսինեին առողջարանում խնամելու համար, սակայն այդ ժամանակ նոր տնօրեն է նշանակվել, ով իրեն ասել է, որ նոր աշխատանք գտնի: Երեք տարի է` Լաուրան աշխատանք է փնտրում:
Ընտանիքի միակ աշխատողը մայրն է` տիկին Օֆելյան, ով 31 հազար դրամ աշխատավարձ է ստանում: 24 հազար դրամ նպաստ էլ ստանում է Լուսինեն: Ընտանիքը պատրաստվում է փաստաթղթեր ներկայացնել «Փարոս» ստանալու համար եւ հույս ունի, որ իրենց չեն մերժի: Լաուրան ասում է, որ ինչպես ստանում է Լուսինեի նպաստը, այնպես էլ ամբողջը ծախսում է կոմունալ վճարումների վրա: «Լուսինեի թոշակից մի կոպեկ չի մնում իրեն»,- ասում է Լաուրան: Օֆելյան էլ նշում է, որ ընտանիքը երբեմն պարտքով է սնունդ գնում:
Լուսինեի համար առողջարան գնալու ուղեգրերն անվճար են, սակայն նրան ուղեկցող խնամակալը, օրինակ` քույրը, պետք է վճարի մոտ 150-200 հազար դրամ: Լուսինեն ասում է, որ Չարենցավանի քաղաքապետը մի անգամ իրեն տրամադրել է խնամակալի ուղեգրի գումարի մի մասը: Իսկ գումարի մեծ մասը վճարել է Լուսինեի մտերիմներից մեկը:
Երկու տարի առաջ Լուսինեն վիրահատվել է «Արաբկիր» բժշկական համալիրում եւ «Սբ. Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում: Ընտանիքի անդամներն ասում են, որ հիվանդանոցներում իրենցից որեւէ գումար չեն վերցրել եւ շատ բարեհամբույր են վերաբերվել, իսկ Չարենցավանի պոլիկլինիկան տրամադրել է այնքան անվճար ուղեգիր, որքան անհրաժեշտ է եղել:
Լուսինեն ասում է, որ ինքը դժվարությունները հաղթահարում է` շնորհիվ ընտանիքի անդամների եւ իր բնավորության: «Ես ինքս չեմ կարողանում երկար տխուր մնալ, դրա համար անընդհատ ինչ-որ դրական բան եմ գտնում, անընդհատ ուրախանալու բաներ եմ փնտրում: Պետք է անընդհատ ինչ-որ բանով զբաղվեմ, հետաքրքրվեմ»,- ասում է նա: Իսկ տիկին Օֆելյան հավելում է, որ Լուսինեն շատ է սիրում մարդկանցով շրջապատված լինել եւ շատ ուշադիր է ընտանիքի անդամների, բարեկամների նկատմամբ: Նա մտերիմ ընկերներ ունի, ովքեր այցելում են: «Ուղղակի ճակատագիրն այդպես ստացվեց»,- ասում է Օֆելյան:
Լուսինեն մի քանի երազանք ունի: Երազում է իր հելունագործ աշխատանքների անհատական ցուցահանդեսի մասին: Երկու տարի առաջ նրա երեւանաբնակ ընկերուհին զբաղվում էր ցուցահանդեսը կազմակերպելու հարցով, բայց ցուցահանդեսից մի շաբաթ առաջ Լուսինեին վիրահատեցին, եւ ցուցահանդեսն այդպես էլ չստացվեց:
«Ֆրանսիա էլ եմ շատ ուզում գնալ. քանի տարի է` երազում եմ գոնե մի շաբաթով գնալ, գալ: Դե, քայլելու մասին էլ չեմ երազում: Դա էլ երազանք չի»,- ասում է Լուսինեն: «Ինչի՞ չես երազում. կարող է սայլակով գնում ես Ֆրանսիա, քայլելով հետ ես գալիս»,- արձագանքում է քույրը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել