Սերբիայում ևս խորհրդարան են ներկայացրել «արտասահմանյան գործակալների» մասին օրենքը
Դեկտեմբերի 3-ին Սերբիայի խորհրդարան է ներկայացվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը, որը մեծ քննադատության է արժանացել ողջ աշխարհում, հատկապես դրա վրացական և ռուսական տարբերակները։ Այս օրենսդրական նախագիծը Սերբիայի խորհրդարան են ներկայացրել իշխող քաղաքական ուժին աջակցող Սոցիալիստների շարժման պատգամավորները, որի առաջնորդը փոխվարչապետ Ալեքսանդար Վուլինն է։
Ինչպես հայտնում է ռուսական Коммерсант-ը, փաստաթղթից հետևում է, որ «օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող բոլոր կազմակերպություններն ու քաղաքականությամբ զբաղվող անձինք ենթակա կլինեն գրանցման, նրանց կպարտավորեցնեն յուրաքանչյուր հրապարակման մեջ նշել իրենց օտարերկրյա գործակալի կարգավիճակը»:
Օրենքը խախտելու համար նախատեսվում է գործունեության որոշակի տեսակների արգելք, քրեական պատիժ կամ տուգանք՝ 5 հազար դինարից (մոտ 42 եվրո) մինչև 2 միլիոն դինար (մոտ 17 000 եվրո):
Ալեքսանդր Վուլինը Սերբիայի կառավարությունում համակարգում է ԲՐԻԿՍ-ի երկրների հետ փոխգործակցությունը: Ընդ որում, նա պարբերաբար լինում է Ռուսաստանում։ 2023 թվականից նրա նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցները։
TV Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում Վուլինը հայտարարել է, որ նրա գլխավորած ուժի կողմից մշակված օրինագիծը օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի (FARA) կրկնապատկերն է, «որը հասարակական կազմակերպություններին արգելում է ֆինանսավորվել արտերկրից»: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ այն ավելի շատ նման է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական կամ վրացական օրենքներին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել