Ռազմական դրություն, դրա չեղարկում, նախագահի իմպիչմենտի գործընթաց. ինչ է կատարվում Հարավային Կորեայում
Հարավային Կորեայի ընդդիմադիր վեց կուսակցությունները նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտ հայտարարելու առաջարկ են ներկայացրել։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Քվեարկությունը պետք է տեղի ունենա լիագումար նիստում դրա քննարկումից հետո 24-72 ժամվա ընթացքում: Նիստը նշանակված է դեկտեմբերի 5-ի գիշերը։ Հավանաբար իմպիչմենտի հարցով քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 6-ին կամ 7-ին: Նախագահին իմպիչմենտ հայտարարելու առաջարկությանն իր համաձայնությունն է հայտնել արդեն 191 պատգամավոր։
Հարավային Կորեայի խորհրդարանն ունի 300 տեղ, որից 108-ը վերահսկում է նախագահական «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը։ Եթե նախաձեռնությունը ստանա անհրաժեշտ թվով ձայներ, հարցը կներկայացվի Սահմանադրական դատարանի քննությանը։ Ինը դատավորներից վեցը պետք է աջակցեն Յուն Սուկ Յոլին իշխանությունից հեռացնելու առաջարկին: Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում նախագահի լիազորությունները կդադարեցվեն։ Նրա պարտականությունները կկատարի վարչապետը։
Իսկ ինչու են Հարավային Կորեայում ուզում իմպիչմենտի ենթարկեն գործող նախագահին։ Բանն այն է, որ երեկ երեկոյան Հարավային Կորեայի նախագահն իր ուղերձում հայտարարեց երկրի ողջ տարածքում ռազմական դրության հայտարարման մասին, որը հեռարձակում էր YTN հեռուստաընկերությունը։
Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել էր, որ դա անհրաժեշտ է հյուսիսկորեամետ ուժերին ոչնչացնելու և սահմանադրական կարգը պահպանելու համար: «Ես հայտարարում եմ արտակարգ ռազմական դրություն՝ Հյուսիսային Կորեայի ուժերը ճնշելու և ազատ սահմանադրական կարգը պաշտպանելու համար»,- ասել էր նա։
Դրանից հետո ռազմական դրության պարետ գեներալ Պակ Ան Սուն արգելեց կուսակցությունների և խորհրդարանի գործունեությունը, ինչպես նաև քաղաքական գործունեության ցանկացած ձև։
Շուտով Սեուլում բողոքի ցույցեր սկսվեցին, իսկ քաղաքում սկսեցին նկատվել ռազմական տեխնիկայի շարասյուներ։ Չնայած դրան՝ պատգամավորներին հաջողվեց մտնել խորհրդարանի շենք և չեղարկել ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը։ Կողմ քվեարկեցին ներկա բոլոր 190 պատգամավորները։
Խորհրդարանի կողմից Յուն Սուկ Յոլի այդ որոշման չեղարկումից անմիջապես հետո զինվորականները սկսեցին լքել Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը։
Yonhap-ի տվյալներով՝ նախագահը նման որոշում էր կայացրել՝ փաստացի հայտարարելով «իշխանության կաթվածի սպառնալիքի» մասին, բայց իրականում պատճառն իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու ընդդիմության փորձերն էին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել