Ինքնությունն՝ ափսեում. գերմանահայ լրագրողների խոհարարական գիրքը
2023 թ. նոյեմբերի 21-ին Համբուրգի «Հոբընքուք» ռեստորանում հավաքվել էին 120 հյուրեր գերմանախոս երկրներից՝ տոնելու ոլորտի ամենանշանակալի իրադարձությունը՝ խոհարարական գրքի ամենամյա մրցանակաբաշխությունը: Հրավիրվածների մեջ էին նաև գերմանահայ լրագրողներ Աննա Արիջանյանն ու Մարիաննա Դեհինյանը: Ընդամենը մեկ ամիս առաջ էր լույս տեսել նրանց «սրտի նախագիծը»՝ «Երևան» խոհարարական գիրքը: Եկել էին առանց հավակնությունների: Սա հեղինակների առաջին գիրքն էր, իսկ ոլորտը՝ մրցակցային ու հագեցած: Աննան ու Մարիաննան, ծիծաղելով ու սրամտելով, տեղավորվեցին առաջին շարքում․ «մոտ նստենք, որ բեմ բարձրանալը հեշտ լինի»: Նրանք դեռ չգիտեին, որ իսկապես բեմ են բարձրանալու՝ ստանալու «միջազգային» անվանակարգի երկրորդ մրցանակը: Ովքե՞ր են նրանք՝ Աննան ու Մարիաննան:
Աննա
4 տարեկան էր Աննան, երբ հայտնվեց Գերմանիայում՝ փախստականի կարգավիճակով: 1991 թիվն էր, խառը ժամանակներ էին Հայաստանում: Աննան մեծացավ Համբուրգում՝ լավ ինտեգրված գերմանական հասարակությանն ու հեռու՝ սեփական արմատներից: Ու մինչ հայ գրականությունը, հոգևոր երաժշտությունը, բարձր արվեստը հասանելի չէին Աննային, նա ամեն օր ճաշակում էր հայկական կերակուրներ, ու դրանց մասին փոխանցվող պատմությունները դառնում էին Աննայի ծագման ու ինքնության անփոխարինելի հիմքերից մեկը.
«4 տարի ապրել ենք փախստականների հատուկ կացարանում: Մայրս, որ փոքր երեխաներ ու մեծ խնդիրներ ուներ, ժամերով կանգնում էր ընդհանուր խոհանոցում, լավաշ ու մատնաքաշ էր թխում: Նա կարող էր ուղղակի սովորական հաց գնել, բայց մեզ մատուցում էր մեր հացը, ու երևի ինքն էլ տան զգացողություն էր ապրում այդպես, հաղթահարում կարոտը…Նա նաև համառոտ տեղեկություններ էր տալիս ճաշատեսակների մասին, օրինակ՝ սա հարիսա է, մեր նախնիներն այն համարել են տոնական կերակուր…»,- հիշում է Աննան։
Աննա Արիջանյան
Աննան ոչ միայն ազգային խոհանոցի նկատմամբ հետաքրքրության, այլև կրթության հանդեպ սիրո և հաջողված կարիերայի համար է երախտապարտ մորը: Աննա Արիջանյանը լրագրող է, աշխատել է Գերմանիայի մի շարք հայտնի ընկերություններում («Spiegel Online», «Welt», «BuzzFeed Deutschland», «t-online»), այժմ էլ «Stern» ամսագրում խմբագիր է:
Մասնագիտական աշխատանքից բացի՝ Աննան, որ X սոցցանցի գերմանախոս տիրույթի ամենաճանաչված հայ օգտատերերից է, միշտ ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանն ու Արցախը: Դեռ տարիներ առաջ նա նկատել էր, որ գերմանացիները քաղաքական թեմաներին արձագանքելիս զգուշավոր են, մինչդեռ մշակութային նյութերը՝ լիներ դա փոփ մշակույթ, գեղանկարչություն, թե ազգային խոհանոց, մեծ հետաքրքրություն են առաջացնում: Ու ահա 2018-ին Աննան նախաձեռնում է «թվիթերյան ադվենդ օրացույցը». դեկտեմբերի 1-ից մինչև Սուրբ ծննդյան երեկո ամեն օր մեկ հայկական կերակուր էր ներկայացնում լսարանին, բաղադրատոմս էր գրում՝ կցելով ինտերնետից գտած լուսանկար. «Երբ սկսեցի, չէի էլ սպասում, որ այդ հրապարակումները «viral» կդառնան, հարյուրավոր տարածումներ ու հետադարձ բուռն կապ կստանամ»,- ասում է Աննան:
2019 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ Աննա Արիջանյանը պատրաստվում էր վերահրապարակել «օրացույցը», նա մի նամակ ստացավ Մարիաննայից:
Մարիաննա
Մարիաննա Դեհինյանն ազատ լրագրող և ռադիոհաղորդավար է Քյոլնից: Նա աշխատել է մի շարք հեղինակավոր մեդիա ընկերություններում («WDR», «WDR5», «COSMO», «Ռադիո Բրեմեն», «Deutschlandfunk Nova» և այլն): Մարիաննան ծնվել է Երևանում, Խորհրդային Միության փլուզումից մի քանի ամիս անց: 1994 թվականին նրա ծնողները, ապագայի հեռանկար չտեսնելով հայրենիքում, տեղափոխվեցին Գերմանիա: Մարիաննան էլ, Աննայի պես, հայկական համայնք կամ կիրակնօրյա դպրոց չի այցելում, ու գերմանական առօրյայի ծալքերում կուլ գնացող հայկական ինքնության միակ կամուրջը դառնում է ազգային խոհանոցը և դրա մասին մոր պատմածները…
Մարիաննա Դեհինյան
Մարիաննա Դեհինյանն ու Աննա Արիջանյանը թվիթերից գիտեն իրար: Շուրջ տասը տարվա ընկերությունն ամրապնդվել է հատկապես Հայաստանի համար ծանր ժամանակներում: 2020 թվականին Մարիաննան Աննայի գերմանական միջավայրից միակ մարդն էր, որն ամբողջությամբ կիսում էր նրա զգացածը. երկուսն էլ ազգային ողբերգության ականատեսն էին, ու իրենց մասնագիտական պարտականություններին զուգահեռ, որպես փորձագետ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին տալիս գերմանական ԶԼՄ-ներին՝ փորձելով տեղի ունեցողի մասին անաչառ ինֆորմացիա տարածել:
Տարիների ընթացքում ընկերուհիները սովորել էին իրար կես բառից հասկանալ: Նման մի բան տեղի ունեցավ այդ օրը, երբ Մարիաննան նամակով ներկայացրեց իր գաղափարը. հայկական խոհանոցային արվեստի մասին գերմաներենով գիրք գրել: Նամակը կարդալիս Աննան ծիծաղեց, որովհետև մի քանի օր շարունակ իր գլխում էլ էր նույն միտքը պտտվում:
Գերհագեցած շուկան ու անփորձ հեղինակները
Գերմանիայում ամեն տարի մոտ 2000 խոհարարական գիրք է լույս տեսնում։ Դրանք գրում են խոհարարներ, մշակութաբաններ, «ֆուդ բլոգերներ», սննդաբաններ, ֆերմերներ…․ Գերմանացիները սիրում են տարբեր խոհանոցներ փորձարկել՝ համարելով, որ սնունդը, նոր համերի որոնումից բացի, նաև մշակութային փորձառություն է: Գերմանիայում ընդունված է, որ որակյալ, վստահելի բաղադրատոմսեր միայն տպագրված գրքերում կգտնեն: Համացանցում ցանկացած մեկը կարող է գրել, մինչդեռ հրատարակչությունները գիրք հրապարակելուց առաջ մանրակրկիտ ստուգումներ են անցկացնում՝ պարզելու համար, թե որքան ճշգրիտ են բաղադրատոմսերում նշված չափաքանակները, ջերմաստիճանը և պատրաստման քայլերը։ Որոշ հրատարակչություններ անգամ «ֆոկուս» խմբեր են հրավիրում բաղադրատոմսերը փորձարկելու համար, իսկ վերջնական ստուգումը վստահվում է լուսանկարչին, ով ապահովում է լուսանկարի և իրական ուտեստի համապատասխանությունը:
Աննան ու Մարիաննան արագ հասկացան, որ այս ինդուստրիայում հաջողության հասնելը բարդ կլինի առանց պրոֆեսիոնալ աջակցության: Նրանց ընկերներից մեկը, որն արդեն 10 խոհարարական գիրք էր հրապարակել, խորհուրդ տվեց գրական գործակալ գտնել, որն իր իր վրա կվերցնի աշխատանքի կազմակերպչական մասը: Այդպես էլ արեցին: Գտան գործակալ, գտան հրատարակչություն ու սկսեցին կյանքի կոչել իրենց «սրտի նախագիծը»՝ «Երևան» խոհարարական գիրքը:
Գիրքը կոչվեց «Երևան», նախ, որովհետև Երևանը հեղինակների ծննդավայրն է, բայց նաև այն պատճառով, որ Երևանում են խաչվում հայկական մշակույթի, կենցաղի ու ազգային խոհանոցի վրա ազդած պատմական իրադարձությունները:
Աննա և Մարիաննա, Մրցանակաբաշխությունից
Ազգային խոհանոցը՝ որպես հայոց պատմության վկա
«Երևան» խոհարարական գիրքը պարզապես բաղադրատոմսերի հավաքածու չէ, այն ներկայացնում է հայկական խոհանոցի զարգացման պատմական և սոցիալ-մշակութային համատեքստը։ Յուրաքանչյուր բաղադրատոմսին կից՝ կարճ տեքստով, հեղինակները պատմում են տվյալ ուտեստի ծագման մասին և առաջարկում պատրաստման այլընտրանքային տարբերակներ։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Սփյուռքին, հեղինակներն ասում են, որ խոհանոցային մշակույթն էլ է խորապես ազդվել հետապնդումների ու գաղթի ալիքներից: Օրինակ՝ ո՞րն է ամենատիպիկ հայկական կերակուրը հարցը տարբեր պատասխաններ ունի՝ կախված այն բանից, թե ում են հարց տվել և որտեղ է ապրում նա: Աննան ու Մարիաննան, ուսումնասիրելով գիտական հոդվածներ, թերթելով իրենց մայրերի ու տատիկների գրառումները, այցելելով Հայաստան ու մասնակցելով վարպետության դասերի, մի շարք հարցերի պատասխան են տալիս: Օրինակ՝ ինչու են հայկական խոհանոցի որոշ տարրեր թուրքական կամ արաբական խոհանոցին նման, ինչու հայկական որոշ կերակուրներ օտար անվանումներ ունեն… Խոսելով հարիսայի մասին, որն, ի դեպ, Աննա Արիջանյանի ամենասիրելի կերակուրներից է, հեղինակները նշում են, որ ԽՍՀՄ քաղաքականության և տնտեսության ազդեցությունը զգալիորեն փոխել է հայկական խոհանոցը, օրինակ՝ ավանդական ճաշատեսակներում տավարի կամ գառան միսը փոխարինվել է խոզի մսով կամ թռչնամսով՝ պայմանավորված պարենային պլանավորմամբ: Ի դեպ, հենց այդ ժամանակներից էլ սկիզբ է առել բաժակի՝ որպես միասնական չափման միավորի օգտագործումը. ԽՍՀՄ ամբողջ տարածքում կենցաղում օգտագործվող բաժակը նույն տարողությունն ուներ՝ 200 միլիլիտր:
«Հայոց պատմությունն ուժեղ լինելու, դիմանալու մասին է»
Գիրքը գրելիս Աննան ու Մարիաննան բազմաթիվ էմոցիոնալ պահեր են ապրել։ Հայոց պատմությանն ու սեփական ինքնության հետ առերեսվելը հեշտ չէր. ներքին դիմադրություն, տխրություն, զարմանք, զայրույթ, տարբեր հույզեր էին ալիքվում նրանց ներսում։ Վերջում նրանք եզրահանգեցին, որ հայոց պատմությունը վկայում է հայ ժողովրդի տոկունության մասին:
«Երբեմն նույնիսկ մի աղցանի անվան ստուգաբանությունը մեզ տանում էր դեպի պատմության ամենամռայլ էջերը՝ էթնիկ զտումներ, աքսորներ, հետապնդում, տեռոր… Սկզբում դա շատ ցավոտ էր, բայց հետո հասկացանք. այո՛, մեզ փորձել են ցեղասպանել, բայց մենք դիմացել ենք։ Եթե այսօր կան մեր ավանդական ճաշատեսակներն ու բաղադրատոմսերը, դա նշանակում է, որ մեր նախնիները չեն հանձնվել։ Գաղթական հայ կանայք՝ ցեղասպանությունից մազապուրծ, կարող էին հրաժարվել իրենց ինքնությունից՝ ասելով, վե՛րջ, ես արդեն Հալեպում եմ, Ֆրանսիայում, Նահանգներում, ես այլևս չեմ ուզում անդրադառնալ իմ տրավմատիկ պատմությանը։ Բայց նրանք պահել ու փոխանցել են մեր մշակույթը՝ բաղադրատոմսերով, ավանդույթներով ու ընտանեկան պատմություններով: Իսկ դա ցույց է տալիս նրանց անկոտրում լինելը»,- ամփոփում է Աննան:
Մեկնաբանել