HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգ. քննական հայացք

Լեոնիդ Ներսիսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող 

2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունը դրդեց քննարկումների և քայլերի՝ Հայաստանի զինված ուժերի վերափոխման ուղղությամբ: Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի երկօրյա ագրեսիան ընդգծեց խորը փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը։ 2022 թվականի վերջին Հայաստանը ձեռնարկեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ գնումներ նոր գործընկերներից՝ հիմնականում Հնդկաստանից և Ֆրանսիայից, և սկսեց ամրաշինական աշխատանքներ իր սահմաններում, ինչպես նաև ակտիվացրեց ոլորտի բարեփոխումները։ 2024թ. նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել Է զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Բանակի կերպափոխման հայեցակարգի իրականացման հայտարարված ժամկետն է 2024 - 2035 թվականները: Հայեցակարգը շոշափում է առկա բազմաթիվ խնդիրներ, և սույն հոդվածի նպատակն է վերլուծել դրա ամենակարևոր կետերը: 

Անցում արհեստավարժ բանակի և արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում 

Զինված ուժերի վերափոխման հայեցակարգը պարունակում է արհեստավարժ բանակի աստիճանական անցման ծրագիր: Այն մատնանշում է երկու հիմնական խնդիր՝ պայմանագրային ծառայության անբավարար որակը և զորակոչիկների սահմանափակ քանակը։ Հայեցակարգի VIII բաժնում առաջարկվում են ավելի բարձր չափանիշներ, որոնք սպաներից և սերժանտներից պահանջում են համապատասխանաբար բարձրագույն կրթության և մասնագիտական պատրաստվածության առկայություն: Առաջարկվում է նաև զորակոչիկների վեցամսյա վերապատրաստման ծրագրի իրականացում, որը բաղկացած կլինի 4,5 ամիս տեսական ուսուցումից և 1,5 ամիս գործնական պատրաստությունից:

Հատկանշական է, որ ծրագիրը նախատեսում է 2027 թվականից կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, որը ներկայում կազմում է երկու տարի, և դա ուղեկցել պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմամբ։ Այնուամենայնիվ, առաջարկվող ժամկետում այս նպատակին հասնելը զգալի դժվարություններ է առաջացնում՝ ժողովրդագրական սահմանափակումների պատճառով: Ներկայիս զորակոչիկների մեծ մասը ծնվել է 2005 և 2006 թվականներին, երբ, ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների, ծնվել է շուրջ 36.000 տղա: Լավագույն դեպքում, այս խմբից հնարավոր է զինվորական ծառայության զորակոչել մոտ 70%-ը (25.000 մարդ), քանի որ մնացածներն ունեն առողջական խնդիրներ կամ արտագաղթել են: Ծառայության ժամկետը մինչև 18 ամիս կրճատելը կպահանջի լրացուցիչ 6250 պայմանագրային զինծառայող: Համապատասխանաբար, մեկամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետի դեպքում կպահանջվի լրացուցիչ 12.500 պայմանագրային զինծառայող, վեցամսյա ժամկետի դեպքում՝ 18.750 պայմանագրային: Զինծառայողների ներկայիս թվաքանակի պահպանումը կպահանջի լուրջ և նպատակասլաց ջանքեր՝ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու համար, ներառյալ վարձատրության բարձրացումը և սոցիալական ապահովության փաթեթի ընդլայնումը:

Արհեստավարժ սերժանտական համակարգ 

Բանակի կերպափոխման հայեցակարգում նախատեսված մեկ այլ ուշագրավ փոփոխությունն արհեստավարժ սերժանտական համակարգի հիմնադրումն է: Հայեցակարգային փաստաթղթի VIII բաժնի համաձայն՝ զինված ուժերն առաջնորդվելու են "սերժանտական կորպուսը բանակի ողնաշարն է" կարգախոսով: Այս նախաձեռնությունը ներառում է սերժանտների հավաքագրում, վերապատրաստում, ուսուցում և կառավարում, ինչը կենսական է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Արհեստավարժ սերժանտական համակարգը շեշտում է ստորադաս ստորաբաժանումների ինքնավարությունը, հատկապես կապի կամ հրամանատարության համակարգերի խաթարման իրավիճակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել հրամանատարական և կառավարման համակարգ, որը կբարձրացնի փոքր ստորաբաժանումների արդյունավետությունը: Այս ոլորտում բարեփոխումներն արդեն իրականացվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Դրա հաջողությունը կախված կլինի արհեստավարժ սերժանտական դպրոցի ստեղծումից և զինված ուժերի ընդհանուր հեղինակության բարձրացումից, ինչը թույլ կտա ծրագրին բավարար թվով մասնակից թեկնածուներ ներգրավել:

Տարածքային պաշտպանության համակարգ և ակտիվ պահեստազոր

Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է նաև տարածքային պաշտպանության համակարգի ստեղծում, որը նախատեսված է Հայաստանի մարզերի համակարգված և համաչափ պաշտպանության համար: Հայեցակարգի XI բաժնի համաձայն՝ այս համակարգում կկիրառվեն պահուստային ուժեր՝ ելնելով բնակչության բաշխումից և առկա ռեսուրսներից։ Այն առաջարկում է տեղական պաշտպանական ստորաբաժանումների ձևավորում, որոնք, խաղաղ պայմաններում վերապատրաստման և կազմակերպչական միջոցառումների շնորհիվ, կառուցվածքային առումով պատրաստ կլինեն պատերազմի ժամանակ մոբիլիզացիայի: Այս ստորաբաժանումները հիմնականում կազմված կլինեն համայնքի անդամներից՝ պահեստազորայինների երկրորդ խմբից (նրանք, ովքեր ակտիվ պահեստազորայինների զորակոչի առաջնահերթությունների ցանկում չեն առողջական վիճակի, տարիքի և այլ պատճառներով) կամ պաշտոնաթող զինծառայողներից:

Այս ստորաբաժանումների վարժեցումը շարունակաբար կթարմացվի տարածքային պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ելնելով վերջին հակամարտությունների միջազգային դասերից և փորձից: Այս նոր ուժերի ստեղծման ավելի մանրամասն նախագիծը ներկայացված է Տարածքային պաշտպանության համակարգի հայեցակարգում (փաստաթուղթը ներկայում հասանելի չէ հանրությանը): Բացի այդ, Ազգային ժողովը վերջերս ընդունեց օրենք, որը պաշտոնական է դարձնում տարածքային պաշտպանության ասպեկտները:

Տարածքային պաշտպանության համակարգի ստեղծումը կարող է Հայաստանի Զինված ուժերին ապահովել լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներով։ Համակարգի արդյունավետությունն ապահովելու համար պատրաստվածության, վարժեցման և սպառազինության չափանիշները պետք է համապատասխանեն կանոնավոր բանակի չափանիշներին: Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ զորքերն արդյունավետ լինեն մարտական իրավիճակներում։ Շարունակական վարժեցման գործընթացները և ստորաբաժանումների անձնակազմի հաստիքացուցակի շարունակական, բազմամյա համալրվածությունը նույնպես կենսապես կարևոր են ստորաբաժանումների ներսում բարձր գործնական համատեղելիության հասնելու համար:

Դրա հետ կապված խնդիրը վերաբերում է ակտիվ պահեստազորի կառավարմանը, ինչի լուրջ պակասն ի հայտ է եկել 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է զորահավաքային ռեսուրսների կառավարման միասնական թվային համակարգի ստեղծման ծրագրեր: Այս մոտեցումը խելամիտ և իրագործելի է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նշանակալի փորձը, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում ներքին զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով կիբեռանվտանգության ոլորտը: Նման համակարգը կփոխարինի զինկոմիսարիատների հնացած ու խնդրահարույց համակարգին, որն այդքան էլ չհաջողեց կազմակերպել պահեստազորայինների հստակ կազմակերպված զորակոչ:

Քաղաքացիական կազմակերպությունների հետ համագործակցություն և ռազմաքաղաքացիական հարաբերություններ

Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժնում մանրամասն ներկայացվում են ռազմամարզական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը՝ առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար: Նման համագործակցության կանոնների նախագիծը նախքան ընդունվելը թափանցիկ եղանակով կքննարկվի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի զինված ուժերում  ինտեգրել անկախ կամավորական ստորաբաժանումներ, ինչպիսիք են «ՈՄԱ»-ն կամ «Մեծն Տիգրան»-ը, ինչպես նաև ստանդարտացնել այդ ստորաբաժանումների կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերը: Ըստ լավագույն պրակտիկայի՝ լիցենզավորված ռազմամարզական կազմակերպությունում ձեռք բերված դասընթացները, ինչպիսիք են հետևակի ընդհանուր ուսուցումը կամ ԱԹՍ օպերատորների վերապատրաստումը, պետք է հաշվի առնվեն պահեստազորայիններին զորակոչելիս կամ պարտադիր ծառայության ընթացքում դերերի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Հայեցակարգը վերաբերում է նաև քաղաքացիական և ռազմական ոլորտների միջև ավելի լայն հարաբերություններին՝ սահմանելով երեք հիմնական նպատակ՝ բանակի ռազմական արդյունավետության բարձրացում, մասնավոր պաշտպանական հատվածի ներդրման ավելացում և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովում: Այս նպատակները կախված են զինվորականների, պաշտպանական հատվածի քաղաքացիական անձնակազմի, գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության միջև առողջ, հավասարակշռված փոխհարաբերությունների ամրապնդումից: Արդար վարձատրության, կրթական հնարավորությունների և ծառայողական առաջխաղացման միջոցով բանիմաց և հմուտ քաղաքացիական ծառայողների ներգրավումը կենսական է այդ նպատակներին հասնելու համար:

Այս մոտեցման կիրառումը կարող է բանակին ապահովել զգալի մտավոր ներուժ, քանի որ քաղաքացիական անձնակազմը կարևոր դեր է խաղում լավ զարգացած զինված ուժերում: Ավելին, զարգացած պետությունների օրինակով, հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), ներառյալ վերլուծական կենտրոնները, կարող են կառուցողական առաջարկություններ ներկայացնել, աջակցել զինված ուժերի օպտիմալ զարգացմանը և ծառայել որպես պաշտպանության նախարարության գրագետ կադրերի ռեզերվ:

Հայաստանի ռեսուրսներն օպտիմալացնելու համար հարկ է դիտարկել նաև հայկական սփյուռքի ներգրավման հնարավորությունը։ մի բաղադրիչ, որն ակնհայտորեն բացակայում է հայեցակարգային փաստաթղթում: Օրինակ, Հայաստանի կամ արտերկրի շահագրգիռ հայերի և կազմակերպությունների նյութական և ֆինանսական օգնությունը կարող է ուղղվել նշանակված գործընկեր ստորաբաժանումներին՝ դրանց կոնկրետ կարիքների հստակ ըմբռնմամբ: Առանց նման համակարգման, առկա է անարդյունավետության վտանգ, որն ակնհայտ դարձավ 2020 թվականին:

Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործում 

Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժինը սահմանում է Հայաստանի սահմանային անվտանգության համակարգի զարգացման մի քանի առանցքային ուղղություն. 

  • սահմանի պահպանության գործառույթների փուլային հանձնում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերին,
  • մարտական հերթապահության օպտիմալացում՝ տեխնիկական միջոցների (ռոբոտների) ներդրմամբ՝ առաջնագծից ստորաբաժանումների աստիճանաբար դուրսբերմամբ,
  • ԶՈՒ պաշտպանության գոտու, նոր զբաղեցրած բնագծերի ինժեներական սարքավորում և ամրացված շրջանների կառուցում, 
  • պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների համակարգի զարգացում: 
  • ԶՈՒ կարևորագույն օբյեկտների պատսպարում՝ օդուժի ռադիոլոկացիոն հետախուզությունից և նշանառու հարվածներից պաշտպանվելու համար։

Այս նախաձեռնություններից մի քանիսն արդեն իրականացվում են, օրինակ՝ սահմանապահ զորքերի դերի ընդլայնումը, թեև դա պահանջում է նրանց ներուժի և թվաքանակի զգալի աճ: Նմանապես, պաշտպանության երկրորդ գծի երկայնքով կառուցվում են նոր հզոր ամրություններ։ 

Անձնակազմի փոխարինումը անօդաչու համակարգերով, մասնավորապես՝ ռոբոտացված ցամաքային տրանսպորտային միջոցներով, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է թվում՝ հաշվի առնելով նույնիսկ ամենազարգացած երկրներում առկա տեխնոլոգիական սահմանափակումները: Այնուամենայնիվ, առկա է սահմանների հետախուզման և դրանց խախտման կասեցման համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընդլայնման զգալի ներուժ: Նմանապես, գնդացիրներով, հակատանկային հրթիռներով և զինված հեռակառավարվող պտուտաաշտարակների ավելի լայն կիրառումը կարող է մեծացնել սահմանների պաշտպանության հնարավորությունները:

ԶՈՒ տարբեր զորատեսակների և ստորաբաժանումների ինտեգրումը թույլ կտա հետագայում կիրառել հեռահար ականապատման կատարելագործված մարտավարություն։ Այն ենթադրում է հրետանու միջոցով հակատանկային կամ հակահետևակային ականների ճշգրիտ տեղադրում հակառակորդի հարձակվող զորքերի ճանապարհին, ինչը լայնորեն կիրառվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։ 

Մարտավարական և ռազմավարական կերպափոխում 

Բանակի կերպափոխման հայեցակարգը պարունակում է գաղտնի բաղադրիչները՝ կերպափոխման հիմնական ռազմական և ռազմավարական ասպեկտների խորը պատկերմամբ: Դրանք ներառում են՝

  • հրամանատարության և վերահսկողության (C2) արդյունավետության բարձրացում. առանձին հրամանատարությունների ստեղծում, հրամանատարության և շտաբերի գործառույթների հավասարակշռում, «առաքելության հրամանատարության» ապակենտրոնացված կառավարման սկզբունքների ներդրում, հրամանատարական կետերի կայունության և շարժունակության բարձրացում և կառավարման ավտոմատացված համակարգերի ինտեգրում: 
  • մարտական գործողությունների վարման ձևերի և մեթոդների վերանայում. օպերացիաների մշակում՝ հաշվի առնելով Հայաստանի տեղանքի առանձնահատկությունները, շեշտելով գործողությունների ապակենտրոնացման, շարժունակության ռազմավարական պլանավորման կատարելագործումը,
  • մարտական պատրաստության կատարելագործում. որակավորման բարձրացում մասնագիտացված ուսումնական կենտրոնների, մոդելավորման հնարավորությունների և հրահանգիչների ուսուցման ժամանակակից համակարգերի միջոցով,
  • սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում՝ թիրախների ժամանակին հայտնաբերում և չեզոքացում, օդային և ցամաքային պաշտպանության ուժեղացում և ճշգրտության և շարժունակության բարելավում: Վերը նշված նպատակներին հասնելուն կօգնի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացումը և տեղական պաշտպանական արտադրության շեշտադրումը:

Հայեցակարգում շարադրված այս բաղադրիչներն ու կառուցվածքային փոփոխությունները ներկայացնում են Հայաստանի ռազմական կերպափոխման ամենաբարդ և կրիտիկական տարրերը: 

Զարգացած ՏՏ ոլորտի և աճող պաշտպանական արդյունաբերության շնորհիվ Հայաստանը զգալի ներուժ ունի հրամանատարության և վերահսկողության (C2) թվային համակարգերի ներդրման համար: Ժամանակակից C2 համակարգերը առանցքային դեր կխաղան առաջարկվող կառուցվածքային և դոկտրինալ փոփոխությունների իրականացման գործում, քանի որ դրանք անհամատեղելի են հին ռազմական կանոնադրությունների, և, ըստ էության, ստեղծում են նոր գործառնական իրողություն: Այս իրողությունները համապատասխանաբար կնպաստեն պատերազմի վարման նորացված մեթոդների և օպերատիվ ռազմավարությունների ներդրմանը։

Չի կարելի գերագնահատել տեղական մշակման և արտադրության C2 համակարգերի կարևորությունը զինված ուժերի համար: Կիբերանվտանգությունը դարձել է կարևորագույն խնդիր, և նման զգայուն ոլորտում օտարերկրյա ծրագրակազմի օգտագործումը զգալի ռիսկեր է պարունակում: Բացի այդ, C2 թվային համակարգերն անհրաժեշտ են Հայաստանի առկա և նախատեսվող զինանոցի ինտեգրման համար: Նման ինտեգրման բացակայությունը վտանգում է ինքնավար զենքի համակարգերի անարդյունավետությունը, հատկապես խորհրդային ժամանակների հնացած սարքավորումները՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ պոտենցիալ գործընկերների կողմից արտադրված ժամանակակից համակարգերի հետ համատեղելու դժվար պայմաններում:

Բանակի և կրթության հեղինակությունը

Բանակի կերպափոխման հայեցակարգի եզրափակիչ բաժինը նվիրված է բանակի հեղինակության և կրթության կարևորագույն դերին: Առանց այս ոլորտներում արդյունավետ և ժամանակին բարեփոխումների, հնարավոր չի լինի հասնել բարեփոխումների ավելի լայն նպատակների, քանի որ դրանք են հանդիսանում բազմաթիվ բարեփոխումների հիմքը: 

Հայեցակարգն առաջարկում է տեղեկատվական նոր քաղաքականություն՝ ուղղված բանակի հեղինակության բարձրացմանը և հանրային ընկալման բարելավմանը: Անձնական նվաճումներն ընդգծելու փոխարեն, այս քաղաքականությունն ընդգծում է զինվորական ծառայության ազնիվ կողմերը՝ անկեղծ ներկայացնելով դրա մարտահրավերները, տնտեսական բեռը և դրան բնորոշ ռիսկերը: Նպատակն է հասարակությունում սերմանել այն ըմբռնումը, որ մարտունակ բանակի պահպանումը կենսական է ազգային անվտանգության համար: Զինծառայողները պետք է ճանաչվեն որպես հասարակության հիմնադիր դաս, ինչն արտացոլում է նրանց անփոխարինելի դերը պետության կայունության ապահովման գործում: Ակնկալվում է, որ սպաները, որպես բանակի առանցքային ներկայացուցիչներ, հավատարիմ կմնան բարեխղճության ամենաբարձր չափանիշներին՝ դրա հեղինակությունը բարձրացնելու համար:

Վարքագծի կանոնագրքերը, ինչպիսիք են Հայ զինվորի էթիկական վարքագծի կանոնագիրքը և Արտաքին տեսքի, կեցվածքի և վարքագծի կանոնագիրքը, թույլ կտան ստեղծել զինվորների և սպաների կատարյալ կերպար՝ էլ ավելի բարելավելով զինվորական ծառայության հանրային ընկալումը: Քաղաքականությունը նախատեսում է նաև սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործում, ներառյալ զինվորական կենսաթոշակները, բնակարանները և նպաստները զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար: Վետերանների, գործող զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար կմշակվեն մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր: Անձնական և հոգեբանական զարգացման ծրագրերը կնպաստեն նաև կենսունակության, հոգեկան առողջության և բարձր մարտունակության բարձրացմանը՝ ռազմական կրթության և ծառայողական աճի թափանցիկ համակարգերի աջակցությամբ:

Այս միջոցառումները կենսական նշանակություն ունեն պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու և բարձր որակավորում ունեցող դիմորդներին ռազմական ուսումնական հաստատություններ ներգրավելու համար՝ ներառյալ սերժանտական դպրոցներ և սպայական ՌՈՒՀ-եր: Հասարակության հետ կապերից բացի, հավասարապես կարևոր է զինվորական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ ծառայություն՝ առաջարկելով հմտություններ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական կյանքում: Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել զինված ուժերում մասնագիտացված արհեստավարժների ինտեգրմանը։ Օրինակ, պաշտպանության նախարարությունը կարող է հովանավորել բարձրագույն կրթության ծրագրերը քաղաքացիական ԲՈՒՀ-երում՝ վճարելով ուսման վարձը և տրամադրելով զգալի կրթաթոշակներ, պայմանով, որ շրջանավարտները կնքեն բանակում ծառայելու հնգամյա պայմանագիր:

Մեկ այլ առանցքային խնդիր է վարձատրությունը: Արհեստավարժ անձնակազմ ներգրավելու և պահպանելու համար շարքային զինծառայողների վարձատրությունը պետք է առնվազն երկու անգամ գերազանցի ՀՀ միջին եկամուտը, իսկ սպաների վարձատրությունը պետք է համապատասխանի երկրի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտներին: Մրցակցային վարձատրությունը կստեղծի իրական մոտիվացիա՝ զինուժում շարունակական մասնագիտական զարգացման և ողջ կյանքի ընթացքում վերապատրաստման համար:

Ռազմական կրթության կերպափոխում 

Ռազմական կրթության կերպափոխման նպատակն է Հայաստանի ռազմական կրթության համակարգը դարձնել ինքնաբավ և միջազգայնորեն մրցունակ: Դա ներառում է ժամանակակից ուսումնական ծրագրերի մշակում, ենթակառուցվածքների բարելավում և ռազմական կրթության ինտեգրում քաղաքացիական կառույցների հետ՝ արտերկրի աջակցությունից կախվածությունը նվազեցնելու համար: Ավագ դպրոցի աշակերտների համար վերապատրաստման և Նախնական զինվորական պատրաստության ընդլայնված դասընթացները կբարձրացնեն ռազմական գիտելիքների և պատրաստվածության մակարդակը:

Նախատեսվում է, որ ուսումնական կենտրոնները կհամալրվեն ժամանակակից վարժասարքերով, մարտավարական մոդելավորման համակարգերով և վիրտուալ իրականության միջոցներով՝ ուսումնական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար: Վերափոխումների հաջողության համար անհրաժեշտ են բարձր կրթված և արհեստավարժ սպաներ և անձնակազմ: Օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը կարևոր նշանակություն ունի միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման և ռազմական գիտության առաջխաղացման համար:

Եզրակացություն 

Բանակի կերպափոխման հայեցակարգը պետք է արագացնի տեղերում շոշափելի փոփոխությունների իրականացումը, որոնցից շատերը պետք է լրամշակվեն փորձերի և մոդելների փորձարկման միջոցով: Ի սկզբանե բոլոր բարեփոխումները նեղ սահմանված, համապարփակ վարդապետական փաստաթղթերում ուրվագծելու փորձը և դրանց իրականացումը հղի են ձգձգումներով և, որոշ դեպքերում, օպտիմալից ցածր արդյունքներով: Կարևոր է ունենալ իրականացման միջանկյալ հստակ ժամկետներ, ինչպես նաև նշանակել կոնկրետ բարեփոխումների պատասխանատուներ, որոնք պետք է ապահովեն սահմանված բարեփոխումների իրականացումը: Ռազմական ծախսերի ավելացման միտումը պահպանելը նույնպես կարևոր նշանակություն ունի պլանավորված կարևոր կերպափոխումներն ավարտելու համար:

Բանակային կառույցների համատարած թվայնացումն ինքնին էապես կփոխի պատերազմի վարման մեթոդները՝ ստեղծելով նոր դոկտրինաների և կանոնների մշակման հնարավորություններ։ Այդ դոկտրինաները պետք է գործեն որպես կենդանի, պարբերաբար թարմացվող փաստաթղթեր՝ ի հայտ եկած խնդիրները ժամանակին լուծելու և փորձից քաղված դասերը հաշվի առնելու համար: 

Միաժամանակ, զինվորական ծառայությունը պետք է դառնա Հայաստանի ամենահեղինակավոր ծառայության ուղիներից մեկը։ Այս նպատակին հասնելու համար այն պետք է լինի մրցունակ, ապահովի հարմարավետ կենսամակարդակ և ծառայի որպես սոցիալական շարժունակության հուսալի միջոց՝ զինծառայողների և նրանց ընտանիքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter