
Օլիգարխիան ու մոնոլիտ իշխանության խաբկանքը
Հայաստանում իշխանությունը մոնոլիտ եղել է միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ու այդ համակարգի հիմքերը դրվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Իշխանության մոնոլիտ մոդելի ստեղծումը փաստացի երկրորդ նախագահի համար այլընտրանք չուներ: Որպեսզի նա պահպաներ իշխանությունը, պետք է լիներ երկրում միակ օլիգարխը, միակ մարդը, որից է կախված քաղաքական, տնտեսական և հասարակական համակարգերի կենսագործունեությունը:
Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվում էր ոչ թե ժողովրդավարական, այլ կազմակերպված պետության փիլիսոփայությամբ: Եվ կազմակերպումն իրականացնում էր այնպես, ինչպես թույլ էր տալիս պետության մասին ունեցած իր սովետական պատկերացումը, բնավորության առանձնահատկությունները: Նրա իշխանությունը մոնոլիտ չլինել չէր կարող, որովհետև Քոչարյանը կոմպրոմիսների գնացող տեսակ չէր, որովհետև այլակարծության հետ հաշվի նստելու սովորություն չուներ և որովհետև միշտ համոզված էր իր որոշումների անսխալականության մեջ:
2006-ին էլ նա «Բարգավաճ Հայաստանը» ստեղծեց ոչ թե իշխանության մոնոլիտ կառուցվածքը կազմաքանդելու, այլ նրա միջոցով իր վերադարձը երաշխավորելու և կրկին իշխանության մոնոլիտ կառուցվածքը վերականգնելու համար: Դա նրան հիմա չի հաջողվում, որովհետև գործ ունի Սերժ Սարգսյանի հետ, ով ուղնուծուծով գիտի իրեն, հասկանում է նպատակները և թե այն մեթոդները, որոնց ապավինում է իշխանությունը վերադարձնելու համար:
Սերժ Սարգսյանը չցանկացավ նախագահ աշխատել «ամենաերիտասարդ թոշակառուի» մոտ և պարզապես նրա վերադարձի ցատկահարթակի դեր կատարել: Ահա այստեղ էր սխալ հաշվարկներ կատարել Ռոբերտ Քոչարյանը:
Նրանից առաջ իշխանությունը մոնոլիտ չէր, որովհետև մտավորական Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ ռոմանտիկ պատկերացումներ ուներ հայկական սպասվող ժողովրդավարության մասին և որովհետև նա թիմային առաջնորդ էր: Նա, ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացնելով արտաքին քաղաքականության վրա, ներքին քաղաքական հարթությունը թողել էր իր թիմին, որն էլ այդ հարթության հետ վարվում էր այնպես, ինչպես ցանկանում էր:
Լևոն Տեր Պետրոսյանը ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն ուներ ազդելու այդ թիմի վրա, որը կտրվելով հասարակությունից` սեփական իշխանության պահպանման համար դրեց Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հիմքերը: Դա կապիտալի նախնական, բայց վայրենի կուտակման ժամանակահատված էր, որը պարզապես դեռ օրորոցում խեղդամահ արեց Հայաստանում նոր ձևավորվող տնտեսական, քաղաքական և սեփականության պաշտպանության համակարգերը:
Տեր-Պետրոսյանը իշխանության ձևի իմաստով ընտրության հնարավորություն չուներ` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը Ռոբերտ Քոչարյանից ժառանգեց մի իշխանությունը, որի առաքելությունը, կարծես թե պետք է լիներ հենց Քոչարյանի սահուն վերադարձի ապահովումը: Եվ Սերժ Սարգսյանն ընտրեց այդ մեխանիզմները չեզոքացնելու ճանապարհը` առանց երկար-բարակ մտածելու իշխանության մոնոլիտ կառուցվածքը պահելու կամ չպահելու մասին:
Սերժ Սարգսյանը խաղացող է և նա ոչ այնքան կառավարում, որքան խաղում է քաղաքական, տնտեսական համակարգերի հետ` առաջնորդվելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Նա իր իշխանավարումն ապահովում է` ճիշտ ժամանակին ճիշտ կոմբինացիաներով տնտեսական ու քաղաքական տարբեր շահերը միմյանց հակադրելու կամ համադրելու միջոցով: Նա խաղում է դիմացինների սխալների, հույզերի, մարդկային տեսակների հետ և խաղում է թե որպես խաղացող, թե միաժամանակ որպես մրցավար, ինչպես դիպուկ կերպով նկատել էր երկրորդ նախագահը, որը ոչ այնքան մրցավար էր, որքան դատավճիռ կայացնող դատավոր:
Խաղացող լիդերի համար իշխանության մոնոլիտը նույնիսկ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում նա ամբողջությամբ է պատասխանատու այդ իշխանության որակի համար: Իսկ որպես խաղացող` նա կարող է ազատ մանևրել, սեփական սխանլերը բարդել այլոց ու հանգամանքների, ինչ-որ երևույթների վրա ու իրեն իրավունք վերապահել անհրաժեշտ պահին հանդես գալու որպես այդ սխալները լուծելու հարցով մտահոգ, ժողովրդի հոգատար ու նվիրված հայր: Նա կարող է կեղծ թիրախներ ընտրել, մանիպուլացնել հանրությանը ու միշտ մնալ ձիու թամբին:
Իրականում խնդիրը իշխանության մոնոլիտ կառուցվածքի արդյունավետության, կենսունակության և դրանց պատճառների մեջ չէ, այլ այն հարցի առայժմ անհայտ պատասխանում, թե ո՞վ է, ի վերջո, այսօր իրական իշխանության կրողը Հայաստանում. Հայասանի նախագա՞հը, պետական, սահմանադրական իշխանության թևերը և օրե՞նքը, թե՞ օլիգարխիան, որն ապահովում է այդ նախագահի կենսունակությունը և պետական իսնտիտուտների գոյությունը դարձում ձևական:
Քոչարյանը մոնոլիտ իշխանություն էր ձևավորել` հիմնվելով օլիգարխիայի ծառայությունների վրա: Նրա իշխանության մոնոլիտ կառուցվածքի շաղախը իր օլիգարխիայի միջև հաստատված վասալային հարաբերություններն էին: Այսօր Սերժ Սարգսյանը ևս հենվում է օլիգարխիայի վրա, բայց ոչ թե նրանց հետ վասալային, այլ ձևական գործընկերային հարաբերությունների մեջ մտնելու տարբերակով: Իսկ քանի որ գործընկերը լինում է և ազնիվ և անազնիվ, Սերժ Սարգսյանը, որպես խաղացող, կարողանում է անհրաժեշտ պահին լինել և ազնիվ և անազնիվ գործընկեր: Նա օլիգարխներին ներշնչել է, թե իրենք հիմա ավելի ազատ են, քան Քոչարյանի ժամանակ, հետևաբար ինքը նրանց համար ավելի նախընտրելի նախագահ է:
Բայց սա իրականում խաբկանք է. որքան օլիգարխներն իրենց ազատ են զգում, այնքան չպատժվելու երաշխիք ունենալով ավելի լկտի են դառնում` և դրանով իսկ դառնում խոցելի հասարակության համար: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ նրանց կարող է մենակ թողնել հասարակության անհանդուրժողականության դեմ հանդիման, և հետո հայրական հոգատարությամբ իր թևի տակ առնել`այդպիսով նրանց ավելի մեծ կախվածության մեջ գցելով իրենից: Սակայն սրանք ընդամենը օլիգարխերին վերահսկելի պահելու մեթոդներ են:
Գլխավորն այն է, որ թե Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի իշխանավարման շարժիչ ուժը եղել ու մնում է օլիգարխիան: Ինչպիսի վարիացիաներ, կոմբինացիաներ էլ գործադրվեն, կենտրոնում մշտապես օլիգարխներն են` ապապետական մտածողությամբ ու անձնական շահերի գերադասմամբ: Եվ սա այնքան ամուր է նստած պետական կառավարման, քաղաքական, տնտեսական ձևախեղված համակարգերի հիմքում, որ անգամ դժվար է ասել` որևէ մեկը երբևէ կկարողանա՞ ձերբազատվել այս բազմագլխանի հրեշի ճիրաններից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել