Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի շինարարությունն ակնկալվում է ավարտել 2026թ․ վերջում
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան նոր մարզադպրոցի շինարարությունն, ըստ Երևանի քաղաքապետարանի, ակնկալվում է ավարտել 2026 թվականի վերջին եռամսյակում:
Շինարարությունը դեռևս չի սկսվել։ Կազմվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը: Մասնավորապես, ներկայում նախագիծը գտնվում է պարզ փորձաքննության իրականացման փուլում:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Մարզադպրոցը կառուցվելու է Ծիծեռնակաբերդի խճուղի Հ2/2 հասցեում, որը Հրազդան մարզահամալիրի հարևանությամբ է, «Դալմա» առևտրի կենտրոնի հարավային կողմում։
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցման մասին դեռևս 2020 թվականի մայիսին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մարզադպրոց կատած այցի և լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ հանդիպման ժամանակ։
2023 թվականի մարտի 30-ի նիստին Կառավարությունը որոշեց Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:
Շինարարական ընկերությունը դեռևս ընտրված չէ
Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից: Շինարարության համար ընկերություն դեռևս ընտրված չէ։
«Շինարարական աշխատանքները կիրականացվեն առաջիկայում մրցույթի արդյունքում ընտրված՝ հաղթող ճանաչված ընկերության կողմից, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- նշում են քաղաքապետարանից։
Թե որքան կարժենա այս դպրոցի կառուցումը, քաղաքապետարանից չեն նշում։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունների ավարտից և հաստատված նախագծի առկայության դեպքում հայտնի կլինի ծրագրի արժեքը, որը «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի:
«Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման համար միջոցների աղբյուրին, ապա ներկայում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված են համարժեք ռեսուրսներ՝ 2025 թվականի ընթացքում պլանավորվող աշխատանքների իրականացման համար»,- ասվում է քաղաքապետարանի պատասխանում, որտեղ կրկին չի նշվում որևէ գումար:
Ինչպիսին կլինի մարզադպրոցը
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է նոր մարզադպրոցի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։
Ըստ դրա՝ կառուցվելու է ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադպրոց։
Այն ունենալու է գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի սրահ, ունիվերսալ մարզադահլիճ, հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա՝ մինչև 532 նստատեղով, հանդերձարաններ, սանհանգույց, վարչական և սպասարկման տարածքներ և այլն։
Շենքը լինելու է երկհարկանի (մասնակի 3)։ Շենքի տակ նկուղային հարկում կլինի 88 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, տեխնիկական տարածք, ինչպես նաև մարզասրահ, գույքի պահեստներ և արհեստանոց։
Ըստ նախագծի՝ հաշվի են առնվել մարզադպրոցում սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց (նաև երեխաների և դեռահասների) համար մարզահամալիրի հասանելիությունն ապահովելու առանձնահատկությունները, ներառյալ սանհանգույցներում:
Շենքը ջեռուցման և օդափոխության կենտրոնացված համակարգ է ունենալու, ինչպես նաև՝ կենցաղային և անձրևաջրերի հեռացման ցանցեր։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է տարածքը կանաչապատել և բարեկարգել:
Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Այն ներկայում գտնվում է Մոսկովյան 3 հասցեում։
Միայն երկու տասնամյակ առաջ դպրոցը կոսմետիկ նորոգվել է։ Մարզադպրոցից ստացված տվյալների համաձայն՝ այն ունի 280 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները:
Գլխավոր լուսանկարում՝ Ալբերտ Ազարյանի անվան գործող մարզադպրոցը
Մեկնաբանել