Նորաբաց սպասարկման կետը գործում է
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը այցելեցին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան վարչական տարածքում նույն օրը բացված Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ` տեղում ծանոթանալու ստորաբաժանման աշխատանքային պայմաններին, քաղաքացիների սպասարկման կարգին ու առանձնահատկություններին:
Ոստիկանության եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ բացված սպասարկման կետը հնարավորություն է տալու առավել բարձր մակարդակով կազմակերպել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման աշխատանքները, բարձրացնել բնակչության սպասարկման որակը: Մասնավորապես, քաղաքացիները կկարողանան անմիջապես տրանսպորտային միջոցների մաքսազերծումից հետո կատարել «Ներմուծում ազատ շրջանառության համար» եւ «Ժամանակավոր ներմուծում» (2 ամսից ավելի ժամկետով) մաքսային ռեժիմներով հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում եւ պետական հաշվառում` տեղում հաշվառման վկայագրի հատկացմամբ:
Տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատան վարչական տարածքից դուրս գալու կատարել նաեւ սեփականության իրավունքի գրանցման եւ հաշվառման բոլոր գործառույթները` ցանկալի եւ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացմամբ:
Սպասարկման նոր կետի գործարկումը թույլ է տալիս թեթեւացնել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ բացառել ներմուծված տրանսպորտային միջոցների տրանզիտային համարանիշերով շահագործումը հանրապետության ճանապարհներին:
Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությունն ուղղված է հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների պարզեցմանն ու արագացմանը, ճանապարհային երթեւեկության կատարելագործմանը ու, մեծ հաշվով, եւս մեկ քայլ է բարեփոխումների իրականացման եւ հասարակության ակնկալիքների իրագործման ճանապարհին:
Ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել