Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՏԻՄ օրենքում առաջարկվող լրացմանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Քլոյանն ու Էմմա Պալյանն առաջարկել են լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ համամասնական կարգով ձեւավորված համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվում է իրավիճակ, որի հանգուցալուծման համար պետք է ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպել: Իր հերթին, ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքն ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Զեկուցողը նշել է, որ նման իրավիճակ առկա է Գյումրիում:
Հարցի լուծման նպատակով օրենսդրական նախաձեռնության հեղինակներն առաջարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարել լրացում եւ ամրագրել, որ ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է եւ, միաժամանակ, թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կբացառվի կառավարման ճգնաժամերի առաջացումը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, միաժամանակ տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինեն:
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ ավագանու ընտրությունների կազմակերպման ընթացքում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով համապատասխան համայնքի ղեկավարին (պաշտոնակատարին) պատվիրակված են կոնկրետ լիազորություններ՝ ընտրական տեղամասերի կազմավորում եւ տեղամասային կենտրոնների սահմանում, քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի սահմանում ու հատկացում եւ այլ գործառույթներ: Այսինքն՝ ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման փուլում համայնքը չի կարող համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար չունենալ:
Նախարարը նշել է, որ գործող օրենքով բոլոր դեպքերում քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը: Նախագծով որեւէ նոր փոփոխություն չի կատարվում. անհնարինության դեպքերին ավելացվում է եւս մեկը, որի պարագայում վարչապետին տրվում է լրացուցիչ լիազորություն՝ նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար: Սրբուհի Գալյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Զեկուցողները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել