HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչն ուղղորդված հարցեր է տվել վկաներին իր ուզած ցուցմունքն ստանալու համար

2012թ. հուլիսի 30-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ դատական նիստին ներկա էր գործով հինգ վկա` «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ ընկերությունում մանրածախ վաճառքի կետ չի եղել:

Առաջինը ցուցմունք տվեց ընկերության անվտանգության նախկին աշխատակից Հովհաննես Մարգարյանը: Նա էլ, նախկինում ցուցմունք տված վկաների պես, հաստատեց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետ է եղել: «Ընկերությունից ես էլ եմ գնումներ կատարել»,-ասաց նա: Դատախազի հարցին, թե արդյոք ստացե՞լ է դրա դիմաց ինչ-որ փաստաթուղթ,  վկան պաստախանեց` այո:

Վկան չբացառեց նաեւ, որ օտար քաղաքացիները դրսից եւս մեքենաներով կարող էին գալ ու տանել ապրանք: Դատախազն այս մասով հակասություն գտավ վկայի` նախաքննական մարմնին եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ (ի դեպ, դատախազը ձեռքի տակ չուներ ցուցմունքի օրինակը, որի մասին հայտարարություն արեց): Այդուհանդերձ, վկան չհրաժարվեց իր նախկին ցուցմունքից` ընդգծելով, որ պարզապես  քննիչը  դատարանում հնչեցրած հարցերն իրեն չի տվել:

Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարություն արեց` փաստելով, որ քննիչն ուղղորդված հարցեր է տվել` վկայից ստանալով այն ցուցմունքը, որը ցանկացել է: Նման հայտարարություն արեց նաեւ պաշտպանության կողմի մյուս փաստաբանը` Անի Թորոսյանը. «Քննիչը հատուկ հարցերով ստացել է այն ցուցմունքը, որն իրեն պետք է եղել»,-ասաց նա:

Այնուհետեւ ցուցմունք տվեց Նարեգ Հարթունյանի հոր`Գարաբեդ Հարությունյանի անձնական օգնական Ջուլիետա Ազատյանը: Նա ասաց, որ 2008 -2011թթ.  աշխատել է անձամբ Գ. Հարությունյանի համար: Նա էլ հաստատեց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետ է եղել, որտեղից ինքն էլ է գնումներ կատարել:

 Վկայի խոսքով` իր աշխատելու ժամանակահատվածում ընկերության տնօրենն եղել է Սեւակ Արծրունին:

Ընկերության նախկին աշխատակից, շուկայի զարգացման պատասխանատու Գեւորգ Հակոբյանն էլ ասաց, որ ընկերությունում առեւտուր է իրականացվել, կատարած գնումների դիմաց իրենք ստացել են ստացականներ, հաշիվ-ֆակտուրաներ կամ էլ ՀԴՄ-ի կտրոն: Դատախազը հարցրեց` արդյոք ինքն անձամբ խանութից առեւտուր արե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց` այո:

Նա նաեւ նշեց, որ խանութում ցուցադրված են եղել ապրանքների նմուշները:  Նա կարծիք հայտնեց, որ դրսից եւս մեքենաներ են եկել, որոնք գնումներ են կատարել ընկերությունից: Վերջիններս ընկերության տարածք են մուտք գործել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ընկերությունում եղած այլ դարպասներից:

-Քաղաքացիները կարո՞ղ էին ազատ մուտք գործել ընկերության տարածք ու գնումներ կատարել,-հարցրեց դատախազը:

-Միանշանակ,-եղավ վկայի պատասխանը:

Ցուցմունք տվեց նաեւ 2009-2012 թթ.  ընկերությունում որպես վարորդ-առաքիչ աշխատած Սարգիս Գրիգորյանը: Նա նույնպես ասաց, որ ընկերությունում հնարավոր է եղել գնումներ կատարել:

Ընկերության նախկին անվտանգության աշխատակիցներից ցուցմունք տվեց նաեւ Սամվել Սարգսյանը: Նա «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ում աշխատել է  մի քանի օր` 9 հերթափոխ:

Նա, ի տարբերություն մյուս վկաների, ասաց, որ ընկերությունում մանրածախ առեւտրի կետի մասին տեղյակ չէ:

Հարցին, թե մի՞շտ է ցերեկվա ժամերին աշխատել, վկան ասաց. «Ոչ, կեսը ցերեկվա ժամերին, կեսը` գիշերվա»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին` 12.00-ին:

Մարիամ Մուղդուսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter