Հաշվառվում է պետական գույքը. ԼՂՀ կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Գործադիրը, նախ, փոփոխություններ է կատարել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և լցակայանների անվտանգության վերաբերյալ կառավարության` նախկինում ընդունած երկու որոշման մեջ: Փոփոխությունները միտված են խստացնելու այդ ոլորտում տեխնիկական անվտանգության պահանջները, նորացնելու գազաբալոնային սարքավորումների տեղադրման պարբերական վկայագրումը: Նպատակ է հետապնդվում նաև` բնագավառում հստակեցնել օրենսդրական դաշտը և նպաստել գործարարության զարգացմանը:
Նիստում տնտեսական զարգացման նախարար Կ. Եսայանը տեղեկատվություն հաղորդեց պետական գույքի հաշվառման ուղղությամբ 2011թ. կատարված աշխատանքների մասին: Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ պետական գույքի հաշվառման բազայում առկա պետական մարմինների ընդհանուր թիվը կազմել է 176, որից` պետական կառավարչական հիմնարկներ` 37, ՊՈԱԿ-ներ` 135, պետական այլ հիմնարկներ` 4: Նրանց օգտագործմանը հանձնված շինությունների (ընդհանուր առմամբ` 4164) մի զգալի մասում, նախարարի ներկայացմամբ` դեռևս ավարտված չեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները: Պետական մարմինների հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների քանակը կազմում է 539, իսկ հաշվեկշռային արժեքը` 1754. 0 մլն դրամ (2010թ. համեմատ այն ավելացել է 78. 8 մլն դրամով): Նախատեսվում է հանրապետությունում պետական գույքի հաշվառումն ավարտել 2013 թվականին: Այլ մանրամասներով հագեցած տեղեկատվությունը կառավարությունն ընդունել է ի գիտություն:
Նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական երկու նախաձեռնությամբ: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում և ԼՂՀ դատական օրենսգրքում: Նոր խմբագրությամբ է, մասնավորապես, ներկայացվել քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը. ըստ այնմ` ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)` փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա:
ԼՂՀ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ արդարադատության նախարար Ն. Նարիմանյանի` թելադրված են առաջին ատյանի դատարանի չափազանց ծանրաբեռնվածությամբ. նախատեսվում է դատական այդ ատյանում գործող 9-ի փոխարեն ներգարվել 11 դատավորի, ինչը պետք է նպաստի արդարադատության որակի բարձրացմանը:
Գործադիրի` նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարված փոփոխությամբ հաշմանդամներին անհատույց օգտագործման համար հատկացված ձեռքի կառավարման ավտոմեքենաները այսուհետ կգրանցվեն սեփականության իրավունքով, իսկ անհատույց օգտագործման պայմանագիրը կփոխարինվի նվիրատվության պայմանագրով:
Կառավարության կողմից հաստատված փոփոխությամբ ԱրՊՀ-ին իրավունք է վերապահվել սեփական շինություններում վարձակալության տված տարածքներից գանձվող եկամուտները ուղղել համալսարանի կարիքներին: Կրթության բնագավառին առնչվող մյուս որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի զարդակիրառական արվեստ մասնագիտության` միջնակարգ կրթության հիմքի վրա ավելացված 20 վճարովի ուսուցման տեղերի ծախսերը հատուցելու է «AJA» ոսկերիչների համաշխարհային միությունը:
Գործադիրը հաստատել է նաև կրթության և գիտության ասպարեզում անցկացվող միջոցառումների մասնակիցների սննդի և գիշերավարձի օրական վճարման և մրցանակակիրների պարգևատրման նոր չափերը և ուժը կորցրած ճանաչել նախկին` նմանօրինակ որոշումը:
Փոփոխություններ են կատարվել ԼՂՀ-ում քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության գործող կարգում: Արձանագրվել է, մասնավորապես, որ պետական վերահսկողության են ենթակա քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերը` ծրագրային փաստաթղթերի պահանջների իրականացում, կենսագործունեության միջավայրի նախատեսվող փոփոխությունների մասին իրազեկում, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, փորձաքննություն և այլն:
Գործադիրը լրացումներ է կատարել կառավարության «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» 2001թ. №168 որոշման մեջ: Ի մասնավորի, փաստաթղթում հավելվել է, որ կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքի դիմաց վճարվող գումարները: Բացառություն են համարվում վարձու աշխատող անձանց կողմից կատարվող աշխատանքները:
Հարկային ոլորտին առնչվող մյուս որոշմամբ կառավարությունը հաստատել է օֆշորային գոտիների (երկրների) ցանկը: Դրա մեջ ներառվել է 69 պետական-վարչական միավորում:
Նիստում երկու որոշում է ընդունվել ավիացիոն ոլորտի վերաբերյալ: Սահմանվել են ԼՂՀ-ում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության, ինչպես նաև` օդանավակայաններում օդանավերի ու օբյեկտների պահպանության կարգերը: Միաժամանակ հաստատավել են օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները:
Նիստում մի շարք որոշումներ են կայացվել հանրապետության տարբեր համայնքներում առանձին հողատարածքների նպատակային նշանակությունը փոխելու մասին: Փոփոխությունները հիմնականում կատարվել են բնակելի և հասարակական կառուցապատման նպատակով:
Հաստատվել է ԼՂՀ տարածքում գտնվող` ձկների ձվադրման գոտիներ հանդիսացող գետերի և դրանց վտակների ցանկը: Գետերի հորդառատության, բնական ռեժիմի պահպանման և վերականգնման նպատակով ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում ուսումնասիրել և, ելնելով կոնկրետ պայմաններից, սահմանել անտառային պահպանվող շերտերի լայնությունը, որտեղ սահմանափակվում է տնտեսական գործունեությունը, այդ թվում` անտառամթերման աշխատանքները: Վարչապետ Ա. Հարությունյանը վարչությանը հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել նաև Սարսանգի ջրամբարում` պարզելու այնտեղ առկա կենդանական և բուսական աշխարհի ողջ պատկերը:
Նիստում կառավարության ընդունած վերջին որոշումը վերաբերում է «Հոնուտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի զարգացման 2012-2017 թվականների հայեցակարգային ծրագրին: Հաստատելով այն` գործադիրը, միաժամանակ, նախատեսել է միջոցառումների ընդարձակ ցանկ, որի կապակցությամբ իր նկատառումներն է հայտնել կառավարության ղեկավարը: Ծրագրի պատասխանատու զբոսաշրջության վարչությանը Ա. Հարությունյանը հրահանգեց հստակեցնել անելիքները և հաշվարկել անհրաժեշտ ծախսերը: Նա առաջնահերթ համարեց, որ ստեղծվեն նվազագույն պայմաններ այդ գրավիչ կիրճում զբոսաշրջային աշխուժություն առաջացնելու համար Հունուտի կիրճում նախատեսվում է, մասնավորապես, կառուցել այցելուների կենտրոն, ճոպանուղի, հեռադիտակային հրապարակ և այլն:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել