HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում ոռոգման ցանցը մաշված է, իսկ գյուղերի մի մասում՝ բացակայում է

Արմավիրի մարզի 42 բնակավայրում 4493 հա հողատարածք չի մշակվում ոռոգման ջրի բացակայության պատճառով, իսկ 37 բնակավայրում ոռոգման ցանց չկա, չի մշակվում 3447 հա հողատարածք:

Գայը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի գյուղերից է: Համայնքում, որի կազմի մեջ մտնում է 12 գյուղ, ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվում 1261 հա հողատարածք: Նույն համայնքի 5 բնակավայրում՝ Գայում, Հայկաշենում, Ջրարբիում, ոռոգման ցանց չկա, իսկ մյուս համայնքների համար անհրաժեշտ է մոտ 45 կմ ոռոգման ջրի ցանցի կառուցում:

Գարիկ Խուրշուդյանն իր տան դիմացի ջերմոցում կանաչի է ցանել: Այս տարի վերջին անգամ միացրել է տան բակում փորված խորքային հորի պոմպը, որպեսզի հողը ջրով հագեցնի, կանաչու սերմերը լավ ծլեն: Ոռոգումից հետո ծածկելու է պոմպը, որ ցրտից չվնասվի ու սպասի գարնան գալուն: Գայ գյուղում ոռոգման ցանց չկա, հողօգտագործները միայն խորքային հորերից պոմպերի միջոցով դուրս եկող ջրով են կարողանում իրենց հողատարածքները ոռոգել: Գարիկ Խուրշուդյանը մի քանի տասնյակ մետր խողովակ է անցկացրել ճանապարհի տակով, որ խորքային հորից ջուր հասցնի նաև դիմացի հատվածում գտնվող հողատարածք, որտեղ նույնպես ջերմոց ունի:

Գայ գուղում 2024թ. 145,5 հա հողատարածք չի մշակվել ոռոգման ցանցի բացակայության պատճառով:

Այս գյուղը չի սպասարկվում Ջրօգտագործողների ընկերության կողմից հենց ցանցի բացակայության պատճառով: Այլ կերպ ասած՝ ջրատարների միջոցով կանոնավոր ոռոգման ջուր չի մատակարարվում:

Գարիկ Խուրշուդյանը պատմեց, որ ոռոգման առուներով վերջին անգամ ջուր հողամաս հասցրել է 1990-ականների սկզբին, որից հետո ամեն մեկն իր բակում հոր է քանդել, պոմպի միջոցով ոռոգում է հողատարածքները: Ցանցի բացակայության պատճառով սեփականաշնորհված հողատարածքների զգալի մասը չեն մշակում: Մշակվող հողերին ձկնաբուծարանների երկրորդային ջրերն են բաժին հասնում:

«Մեր առուները հիմա կենցաղային ջուրը թափելու համար է, այնտեղից մենք ոռոգման ջուր չենք վերցնում: Դրա համար, որ նայեք՝ ճահճացել են արդեն, չեն հոսում»,- ասում է Գ. Խուրշուդյանը:

Գայ գյուղում, կախված տեղանքից, 7-12 մետր հորատելով ջուր է դուրս գալիս: Գյուղացիները պատմում են, որ նախորդ տարիներին ավելի շատ էր ջուր դուրս գալիս, այժմ ջրի քանակը նվազել է: Որպես լուծում հողագործների մի մասն անցել է կաթիլային ոռոգման, դրանով փորձում են ջուր խնայել: Ամբողջ մարզում ոռոգման ցանցն արդիականացման կարիք ունի:

Ոռոգման ջրի ցանց չունեցող գյուղերում տնամերձ հողամասերը ոռոգում են խորքային հորերից դուրս եկող ջրերով: Արաքսի համայնքապետարանից «Հետք»-ին հայտնում են, որ օրինակ՝ Ջրառատ գյուղում 15-20 տարի առաջ հողատարածքները ոռոգվել են խորքային հորերի միջոցով, և նույն խորքային հորերն օգտագործվել են խմելու նպատակով, սակայն, ներկա պահին խորքային հորերի ջրերի մակարդակը բավականին ցածր է և ջրերի սակավության պատճառով հորերը ծառայում են միայն խմելու ջրի համար: Այստեղ ոռոգման նպատակով այլ հորեր են փորվել: Մեծամոր գյուղում 5, Ապագա գյուղում 23 խորքային հորերն օգտագործվում են տնամերձերի ոռոգման և խմելու նպատակով:

Մարզի այլ համայնքներում պատկերը գրեթե նույնն է: Մեծամոր համայնքում, որի մեջ մտնում է 30 բնակավայր, 662 հա հողատարածք չի ոռոգվում ցանցի բացակայության պատճառով, իսկ 1815 հա հողատարածք՝ ջուր չլինելու:

Մեծամորում 216 խորքային հոր կա, որի կեսից ավելին՝ 146-ը, օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ 70-ը՝ խմելու: 2024թ. 2976 հա հող է խորքային հորերի միջոցով ոռոգվել:

Մարզի Բաղրամյան համայնքն ամենաչորայիններից է: Սակայն, համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մեզ հայտնել է, թե համայնքում չկա տարածք, որը չի մշակվում ոռոգման ջրի կամ ցանցի բացակայության պատճառով: Ավելին՝ նշել է, թե համայնքում ոռոգման ջրի ցանցի կառուցման կարիք այս պահին ևս չկա: Մինչդեռ տարիներ շարունակ՝ մինչև համայնքների խոշորացումը (2021թ. դեկտեմբեր), թե՛ համայնքապետերը, թե՛ Արմավիրի մարզպետարանը հայտարարում էին, որ ոռոգման ներտնտեսային ցանցերի բարելավման խիստ անհրաժեշտություն կա հատկապես Արգավանդ, Արտաշար, Երասխահուն, Մրգաշատ, Ակնալիճ, Բաղրամյան (Էջմիածնի տարածք), Նորակերտ, Բաղրամյան (Բաղրամյանի տարածք), Արտամետ, Մյասնիկյան, Տալվորիկ, Շենիկ, Քարակերտ, Բագարան, Եղեգնուտ համայնքներում: Նշված համայնքներում հողօգտագործողներն ունենում են ջրի մեծ կորուստ և ոռոգման ջրամատակարարման լուրջ դժվարություններ: Այդ գյուղերի մի մասն այժմ ընդգրկված է Բաղրամյան խոշորացված համայնքի կազմում:

Փարաքար խոշորացված համայնքում 2024թ. ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվել 673 հա հողատարածք, նախորդ տարվա 706 և 2020թ. 756 հա-ի փոխարեն: Այստեղ նաև վատ վիճակում է ներտնտեսային ցանցը: 1276 հա հողատարածք չի մշակվել ոռոգման ցանցի բացակայության պատճառով՝ 2020թ. 1313 հա համեմատ: Փարաքարում համեմատաբար ներտնտեսային ցանցը բարելավվել է:

Ցանցի բացակայության պատճառով տուժում են հատկապես Բաղրամյան (Էջմիածնի նախկին տարածաշրջան) գյուղի հողօգտագործողները: Վերջիններս այդ պատճառով չեն մշակում 463 հա հողատարածք, հաջորդը Նորակերտ գյուղն է, որտեղ նույն պատճառով չի մշակվում 320 հա: Նշված երկու գյուղերը համայնքում «առաջատար» են նաև ոռոգման ջրի բացակայության պատճառով չմշակվող հողերի քանակով:

«Համայնքում առկա են ոռոգման ցանցեր, որոնց որոշակի մասն անմխիթար վիճակում է: Համայնքը նախատեսել է 2025թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացնել 20 կմ երկարությամբ /յուրաքանչյուր բնակավայրին 2կմ/ նոր ոռոգման ջրագծերի կառուցումը»,- փոխանցում են Փարաքարի համայնքապետարանից և հավելում, որ համայնքում կան 10 գործող խորքային հորեր, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակով: Խորքային հորերից դուրս եկած ջրով 2024թ. համայնքում ոռոգվել է 86 հա հողատարածք:

Արմավիր համայնքում 2024թ. ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվել 275 հա հողատարածք, իսկ ցանցի բացակայության պատճառով՝ 103 հա: Համայնքն ունի մոտ 16 կմ երկարությամբ նոր ոռոգման ցանցի կարիք:

Արմավիրի մարզի Խոյ համայնքում, որն ընդգրկում է 17 գյուղ, ջրի բացակայության պատճառով չի մշակվում 469 հա հողատարածք, իսկ ցանց չլինելու պատճառով 350 հա չմշակվող հող կա: Ջրի պակասը զգացվում է հատկապես Արշալույս գյուղում, որտեղ չի մշակվում 300 հա հողատարածք, հաջորդը՝ Հայթաղում, որտեղ անմշակ է մնացել 148 հա հողատարածք:

Խոյում 124 խորքային հոր կա, որից 43-ը շահագործվում է ոռոգման նպատակով:

Բարվոք վիճակում է Վաղարշապատ համայնքը, որի մեջ մտնում է երկու բնակավայր՝ Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի տեղեկացմամբ՝ Վաղարշապատում ոռոգման ջրի կամ ցանցի բացակայության պատճառով չմշակվող հողեր չկան: Միայն Ոսկեհատ գյուղում 1100 հա հողատարածք ոռոգվում է խորքային հորերի միջոցով:

Համայնքում 68 համայնքային սեփականություն հանդիսացող հորեր կան, որոնք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվել են «Էջմիածին» ՋՕԸ-ին և օգտագործվում են բացառապես ոռոգման նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բոլոր ծրագրերը միտված են ոռոգվող հողերի ավելացմանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում միայն 16 հազ. կմ ներտնտեսային ոռոգման ցանց կա, որի գերակշիռ մասը համայնքային սեփականություն է: Դրա կեսից ավելին հողային առուներ են, ինչը մեծացնում է ջրի կորուստը:

«Ամեն տարի ներդրումներ կատարվում են՝ լինի պետության կողմից, թե համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով: Բայց ծավալները մեծ են, ներդրումները միանգամից զգացնել չեն տալիս: Իսկ պետությունն ի վիճակի չէ 1-2 տարում ադ խնդիրները միանգամից լուծել, մեծ ֆինանսական միջոցներ են պետք»,- ասում է Վ. Մկրտչյանը:

                                   Ոռոգման ցանցի մեծ մասը հողային առուներով է

Արմավիրի մարզի հողօգտագործողներին սպասարկում է 3 ջրօգտագործող ընկերություն: Այսինքն՝ անհատական խորքային հորերից բացի, ոռոգման ցանցով ջուրը մատակարարում են այդ ընկերությունները:

«Էջմիածին» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նվեր Պետրոսյանը փոխանցեց, որ ընկերության սպասարկման գոտում գտնվում է 42 բնակավայր, այդ թվում՝ եզդիաբնակ Ֆերիկ համայնքը, որը խոշորացված համայնք չէ: Նշված բնակավայրերում վերջին 5 տարվա ընթացքում ջրի բացակայության պատճառով չի մշակվել 1067 հա հողատարածք: 616 հա հող էլ չի մշակվել ցանցի բացակայության պատճառով:

ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղեկացմամբ՝ 42 բնակավայրում 1659 կմ ոռոգման ցանց հողային առուներով է, իսկ 1261 կմ-ը մաշված է:

«Հողային հունով ներտնտեսային ջրանցքների ջրի կորուստները միջինացված կազմում են 45-60%: Ներտնտեսային ցանցերը համայնքային սեփականություն են, ընկերությանը հանձնված է անհատույց օգտագործման իրավունքով: Համայնքները սուբվենցիոն և այլ ծրագրերով կատարում են հիմնանորոգման աշխատանքներ»,- ասում է Նվեր Պետրոսյանը:

Նշենք, որ ընկերության սպասարկման գոտում են գտնվում Խոյ, Վաղարշապատ, Ֆերիկ, Փարաքար, Արաքս համայնքները:

«Շենիկ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում 261 կմ ոռոգման ջրի ցանցը հողային առուներով է, ինչն, ըստ գործադիր տնօրենի, 50-60% ջրի կորուստ է առաջացնում: Նույն վիճակն է նաև «Արմավիր» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում՝ Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան համայնքներում: Ընկերության գործադիր տնօրեն Վահագն Արշակյանը նշում է, որ ցանցի 80%-ը հողային առուներով է:

Խորքային հորերը ծանրաբեռնված աշխատում են հատկապես սակավաջուր տարիներին: Գյուղացիները նշում են, որ տարեցտարի նվազում է նաև խորքային հորերի ջուրը և մոտ ապագայում զրկվելու են նաև այդ ջրից:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter