
Համայնքների ղեկավարները և մարզպետներն այլևս դրամական օգնություն չեն կարող տրամադրել
Տարիներ առաջ դրամական օգնություն տրամադրելու մասին համայնքների ղեկավարների ընդունած որոշումներն ուսումնասիրելիս զավեշտալի, երբեմն՝ արտառոց դեպքերի ենք հանդիպել՝ բնակիչներին «սոցիալական օգնություն» էր տրամադրվել հողի հարկը վճարելու համար, համայնքներից մեկի ղեկավարը ոստիկանության օրվա կապակցությամբ 20․000-ական դրամով խրախուսել էր ոստիկաներին, մեկ ուրիշ համայնքում փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ 30․000-ական դրամով պարգեւատրել էին փրկարարական ծառայության աշխատակիցներին և այլն:
2024թ. նոյեմբերի 13-ից կիրառության մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքում ամրագրվել է, որ համայնքների ղեկավարները և մարզպետներն այլևս դրամական օգնություն չեն կարող տրամադրել բնակիչներին։ Օրենքը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է ոչ թե դրամ տալ սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին, այլ օգնել նրանց՝ բացահայտելու դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները։
Այլ կերպ ասած՝ համայնքների ղեկավարները պարտավորվում են կյանքի կոչել չինական հայտնի ասույթը. «Մարդուն ձուկ տուր, եւ նա մեկ օր կուշտ կլինի, սովորեցրու նրան ձուկ որսալ, եւ նա կուշտ կլինի ամբողջ կյանքի ընթացքում»։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի կարգավորումները տարիներով քննարկված գաղափարներ են։ Առաջարկներն արվել են պետական և համայնքային բյուջեներից սոցիալական օգնության անվան տակ գումարների փոշիացումը կանխելու համար։ Օրենքում ամրագրված նորարարությունները կկիրառվեն այն ժամանակ, երբ դրանք տեղայնացվեն համապատասխան օրենքներում։ Նոյեմբերի սկզբին Եվրոպայի խորհրդի գրասենյակի հրավիրած՝ «Սոցիալական ոլորտի քաղաքականությունը Հայաստանում՝ ապակենտրոնացման համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեցին, որ երկու տարվա ընթացքում օրենքից ածանցվող 50 իրավական ակտ պետք է ընդունվի, այդ թվում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) նոր օրենքը, որի նախագիծը մշակվում է։
Չինական ասույթի երկրորդ մասի գաղափարը ՏԻՄ օրենքում ամրագրվել էր դեռևս 2016թ․–ին, սակայն դրանից հետո էլ համայնքների ղեկավարների համար սոցիալապես անապահով բնակիչներին աջակցելու նախընտրելի ձևը դրամ բաժանելն է մնում: Սա ոչ միայն հեշտ տարբերակն է՝ ունակություններ և աշխատանք չպահանջող, այլև դրամ ստացող բնակիչներին ուղղակիորեն կախվածության մեջ է դնում համայնքի ղեկավարից, պարտավորվածություն ստեղծում նրա հանդեպ։ Բացի այդ, դրամական աջակցությունը երկար տարիներ ծառայեցվել և շարունակվում է ծառայեցվել գործող իշխանության և համայնքների ղեկավարների վերընտրվելուն, այլ կերպ ասած՝ ընտրակաշառքի դեր է կատարում։
Այդ է պատճառը, որ մինչ օրս համայնքների ղեկավարներին չեն պարտավորեցնում դրամ բաժանելու փոխարեն սոցիալական ծառայություններ մատուցել։ Ավելին, 2018թ․ իշխանափոխությունից հետո «դրամական օգնություն» տրամադրելու արատավոր երևույթը լայնորեն կիրառում են նաև մարզպետները։ Վերջիններս անհաշիվ գումարներ են բաժանում՝ երբեմն տպավորություն ստեղծելով, որ ողջ բնակչությունը կարիքավոր է։ Ընդ որում, գումարի չափի սահմանափակում չկա, միանվագ դրամական օգնությունը կարող է 500 հազար դրամից ավելի լինել։
«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը մարզպետներին նույնպես արգելում է դրամ բաժանել։ Նրանց հետևյալ դերակատարությունն է վերապահված․ «Մարզպետը հրատապ արձագանք պահանջող իրավիճակի դեպքում կազմակերպում կամ իրականացնում է մարզում բնակվող տուժած անձանց սոցիալական աջակցությունը»։
Հրատապ դեպքերը պետք է սահմանվեն կառավարության որոշումով, իսկ եթե չսահմանվե՞ն։ Հավանականությունը չափազանց փոքր է, որ առաջիկա երկու տարիներին այդ իրավական ակտերը կընդունվեն։
2016թ․-ին ընդունված ՏԻՄ օրենքը սոցիալական պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարին պարտավորեցնում է հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին, օգնել նրանց՝ հայտնաբերել եւ օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները: Նաեւ՝ 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում սոցիալական աշխատողի հաստիք ունենալ, գնահատել բնակչության սոցիալական կարիքները և ըստ այդմ աջակցել։ Մինչդեռ, բազմաթիվ համայնքներ առ այսօր անգամ սոցիալական աշխատող չունեն, սոցիալական անապահովության չափորոշիչներ չեն ընդունել, դրամ բաժանողը համայնքի ղեկավարն է՝ իր հայեցողությամբ։
Մեր երկրում սոցիալական աջակցությունը տրամադրվում է երեք մակարդակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարիքավորներին նպաստներ է տրամադրում պետական բյուջեից, համայնքների ղեկավարները դրամական աջակցություն են տալիս համայնքային բյուջեից՝ կրկնելով նույն գործառույթը, մարզպետներն իրենց հայեցողությամբ են դրամ բաժանում բնակիչներին՝ դարձյալ պետական բյուջեից։
Օրենքում տեղ գտած նորությունն այն է, որ կրկնություններից խուսափելու համար արգելվում է «միևնույն ժամանակահատվածում նույն ընտանիքին կամ անձին պետական ու համայնքային սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում նույնաբովանդակ սոցիալական ծառայություն տրամադրելը»։ Դրանից խուսափելու համար պարտավորեցվում է համաձայնագիր ընդունել ազգային և տարածքային մակարդակներում և տրամադրվող սոցիալական ծառայությունների մասին տեղեկություններ փոխանակել համագործակցության ցանցի մասնակիցների միջև։
Համայնքային սոցիալական ծրագիրը ֆինանսավորվելու է համայնքի բյուջեից, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հատկացրած գումարներով և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցներից: Վերը հիշատակված քննարկման ժամանակ ներկայացվեց Ֆինլանդիայի փորձը, որտեղ նաև պետությունն է դրամաշնորհ տալիս համայնքներին սոցիալական ծրագրեր ներկայացնելու համար։
Համայնքի ղեկավարը սոցիալական ծրագիրն իրականացնելու է աշխատակազմի միջոցով կամ պայմանագրային հիմունքներով կարող է պատվիրակել համայնքում գործող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց:
Համայնքներում սոցիալական օգնություն տրամադրելու անընդունելի գործելաոճը և անարդյունավետությունն ավելի ակնառու ցույց ենք տվել 2018թ․-ին Նոր Հաճն համայնքում կատարած հետազոտությամբ։ Պարզել էինք, որ Նոր Հաճնի 2905 տնային տնտեսություններից 356-ն ընդգրկված է Ընտանեկան նպաստների համակարգում: Համայնքի ղեկավարից դրամական օգնություն ստացողների անունները երբեմն համընկնում են կառավարության նպաստառուների ցանկի հետ, բայց հիմնականում համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը «աղքատությունը» գնահատել էր իր չափորոշիչներով:
Կառավարությունը սոցիալապես անվճարունակ ճանաչված անձանց բուժծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն է ընձեռել: Սակայն, Նոր Հաճնի բնակիչների կեսը համայնքապետից դրամական աջակցություն էր խնդրել առողջական խնդիրները լուծելու համար: Նրանց մեծ մասն ընդգրկված էր կառավարության սահմանած սոցիալական խմբերում:
Նոր Հաճնի բնակիչները գումար էին խնդրել նաև թաղման ծախսերի համար, այն դեպքում, երբ պետությունը փոխհատուցում է ծախսերը և այլն: «Սոցիալական աջակցութան մասին» նոր օրենքի տրամաբանությամբ այս հարցերը պետք է կարգավորվեն՝ կարիքավորին վերահասցեագրելով համապատասխան ծառայություններ։
Նոր Հաճն համայնքում ներկայացրել ենք սոցիալական աջակցության մի օրինակ, երբ համայնքապետարանը համագործակցել էր այլ կազմակերպության հետ, և ուսման վարձը վճարելու դժվարություն ունեցող մի քանի ուսանող արհեստներ ուսանելու անվճար դասընթացի էին մասնակցել։ Վարսահարդարում ուսանած օրիորդը պատմում էր, թե դասընթացի շնորհիվ ինչպես է դրամ վաստակել և օգնել իր՝ կարիքի մեջ գտնվող բազմազավակ ընտանիքին։ Նրա օրինակին հետևել էին փոքր քույրերը, և դա ընտանիքում դաստիարակության ձև է դարձել։
Կարիքավորին աջակցելու այս լավ օրինակն, այնումենայնիվ, համայնքի ղեկավարի աշխատաոճը չի փոխել։ Ինչը նշանակում է՝ նա չի ցանկանում ազատվել դրամ խնդրողներից։
Համայնքների ղեկավարները նախ պետք է բացահայտեն դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները
Այն, ինչն այսօր ամրագրվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, տարիներ առաջ իրականացրել են համայնքներում, սակայն լավագույն գործելակերպի այս օրինակները չեն խրախուսվել և չեն տարածվել։
2015թ·-ին Ախուրյանի համայնքապետարանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից (UNICEF) ստացած դրամաշնորհով սոցիալական ծրագիր իրականացրեց։ Համայնքի միգրանտ եւ խոցելի խմբերի ընտանիքներից 220 կին արհեստներ ուսանեցին (խոհարարություն, ֆլորիստ-դիզայներ, շյուղագործություն և հելունագործություն, կարուձև, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն), որը սոցիալապես խոցելի ընտանիքների համար եկամուտ ստանալու հնարավորություն էր ստեղծում:
2016թ․-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Արագածոտնի մարզպետի և Ապարանի քաղաքապետի հետ որոշեցին Ապարան քաղաքում սոցիալական ինտեգրման կենտրոն ստեղծել: 2024թ․ հուլիսից «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ում գործում է ԿրթաԲ․Ա․Ց․ «Ապարան մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնը»։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի ֆինանսավորմամբ և Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորումով մեծահասակ բնակիչները տարբեր դասընթացների և ծրագրերի մասնակցելու հնարավորություն ունեն։
Արժանապատիվ կերպով դրամ վաստակելը միշտ էլ նախընտրելի է օգնություն խնդրելուց։ Լավ ծրագրեր իրականացնելու մտահղացումներ բնակիչներն էլ կարող են ունենալ, եթե համայնքների ղեկավարները որոշեն նոր մշակույթ ներմուծել համայնքում, եթե իրենք էլ կարողանան բացահայտել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները։
Մեկնաբանել