Դատավորը չի ներկայացել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք այսօր հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ դատավորին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։ Սակայն, ինչպես հայտնեցին դատախազությունից, նրանք չեն ներկայացել։
Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 12-ին, Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում էր կայացվել դատավոր Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավորի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:
Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է: Նրա ամուսինը՝ Տիգրան Փոլադյանը, Սնանկության դատարանի դատավոր է։ Նրա նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել։
Լուսանկարում՝ Անի Հարությունյանը
Մեկնաբանել