HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռումինիայի սահմանադրական դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների 1-ին փուլը. կլինեն նոր ընտրություններ

Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որի ժամանակ ծայրահեղ աջ թեկնածու Քելին Ջորջեսկուն անսպասելիորեն հավաքել էր ամենաշատ ձայները՝ 23%: Հիմա ընտրությունները պետք է կրկին կայանան։ 

«Ռումինիայի նախագահի ընտրության ընտրական գործընթացը նորից կիրականացվի, և կառավարությունը կընտրի նոր ամսաթիվ»,- ասված է դատարանի հայտարարության մեջ: Սա նշանակում է, որ ոչ միայն քվեարկությունը, այլև նախընտրական արշավները պետք է սկսվեն զրոյից։ 

Դատարանն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, Ռումինիայի նախագահի պաշտոնական կայք էջում հրապարակվեցին նախընտրական քարոզարշավի ընթացքում TikTok-ի դերի մասին գաղտնազերծված զեկույցներ:

Դրանցից հետևում է, որ Ջորջեսկուի քարոզարշավը նման էր մյուս արշավներին, որոնք Ռուսաստանի աջակցությամբ անցկացվում էին Մոլդովայում և Ուկրաինայում։ Փաստաթղթերն ուղղակիորեն չեն ասում, որ Ռուսաստանը փորձել է ազդել Ռումինիայի ընտրությունների արդյունքների վրա, բայց համառորեն ակնարկում են դա:

Ինքը՝ Ջորջեսկուն, հերքել է, որ որևէ աջակցություն է ստացել այլ պետություններից։ Նրա ներկայացուցիչը, ի պատասխան փաստաթղթերի հրապարակման, հայտարարել է, որ դրանցում ոչ մի նոր տեղեկություն չկա։ 

Ջորջեսկուն նախկինում ռուսամետ հայացքներ էր արտահայտել, սակայն վերջերս BBC-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել էր, որ ինքը Պուտինի «երկրպագուն չէ»: Նա նաև հայտարարել էր, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան կդադարի ռազմական ու քաղաքական օգնություն տրամադրել Ուկրաինային:

«Զրո։ Ամեն ինչ կդադարեցնենք: Ես պետք է հոգ տանեմ միայն իմ ժողովրդի մասին: Մենք շատ խնդիրներ ունենք»,- ասել էր Ջորջեսկուն։

Ընտրությունների առաջին փուլից առաջ սպասվում էր, որ Ջորջեսկուն կհավաքի ձայների 10%-ից պակաս, բայց ի վերջո նա դարձավ մրցավազքի առաջատարը և հավաքեց ձայների 23%-ը: Միևնույն ժամանակ, Ջորջեսկուի քարոզարշավը հատկապես TikTok-ում ակտիվացավ քվեարկությանը նախորդած երկու շաբաթների ընթացքում:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանար կիրակի՝ դեկտեմբերի 8-ին։ Ընտրությունները չեղարկելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է։ 

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն, որը նախագահական ընտրություններում համարվում էր ֆավորիտ, սակայն դրա արդյունքում չհայտնվեց երկրորդ փուլում, հայտարարել է, որ դատարանի կողմից ընտրությունների արդյունքների չեղարկումը «միակ ճիշտ որոշումն է»:

Սակայն եվրոպամետ թեկնածու, կենտրոնամետ Ելենա Լասկոնին, որը պետք է լիներ Ջորջեսկուի մրցակիցը երկրորդ փուլում, քննադատել է դատարանի որոշումը և հայտարարել, որ այն զրոյացնում է Ռումինիայի 35 տարվա առաջընթացը:

Լուսանկարը՝ Andreea Alexandru/The AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter