Շիրակի մարզի համար հնարավոր է շուրջտարյա զբոսաշրջային հոսք ապահովել, եթե պետական հոգածություն լինի
Զբոսաշրջային ուղղություններ մշակելիս հիմնականում հաշվի են առնում տվյալ վայրի գրավչությունը, յուրօրինակությունը, ներկայացվածությունը, մարդկային ռեսուրսը, տարածքային հնարավորությունները և այլն: Սակայն անցած 10 տարիների ընթացքում այդպես էլ չմշակվեց Շիրակի մարզի զբոսաշրջային ռազմավարությունը, ոլորտի պատասխանատուները չկարողացան հավաքել ու մեկտեղել ողջ ռեսուրսը՝ շնչավոր ու անշունչ: Տարբեր տարիների, տարբեր կազմակերպությունների կամ անհատների կողմից ինչ-որ բաներ արվեցին, սակայն համապարփակ աշխատանք այդպես էլ չեղավ: «Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյանը գրեթե 17 տարի է՝ այս ոլորտում է, նրա հավաստմամբ՝ խնդիրները շատ են և դրանք հնարավոր է լուծել միայն մասնավոր հատվածի ու տեղական իշխանությունների սերտ համագործակցությամբ:
«Մարզն ու Գյումրին զբոսաշրջային ուղղություն հայտարարողներն այդպես էլ չստեղծեցին մի կառույց, որը կհավաքեր, կխմբավորեր ոլորտի կարիքները, հետագայում դրա հիման վրա կմշակեր համապատասխան ռազմավարություն: Ճիշտ է, ամեն համայնք ինչ-որ բան անում է, Գյումրին փորձում է ակտիվ լինել, հավանաբար մարզպետարանի համապատասխան բաժինն էլ ինչ-որ ծրագրերի շուրջ մտածում է, բայց դա բավարար չէ,-ասում է Գոռ Թորոսյանը,-մենք չունենք շուրջտարյա զբոսաշրջություն հասկացություն, չունենք տոների, միջոցառումների հստակ գրաֆիկ, որևէ տուրօպերատոր տարվա սկզբին չի կարող պլանավորել իր աշխատանքը՝ հիմնվելով միջոցառումների ցանկի վրա, որովհետև, կոնկրետ Շիրակի մարզի համար, դրանք գոյություն չունեն»:
Զրուցակցիս համոզմամբ, Գյումրու և մարզի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն պետք է նպաստեն ոչ միայն ենթակառուցվածքները՝ ասֆալտապատ ճանապարհներ, հյուրանոց-հյուրատներ, սնվելու կետեր, թանգարաններ և մշակութային այլ օջախներ, այլև մի շարք միջոցառումների՝ տարվա ընթացքում անցկացման հստակ բաշխվածությունը:
«Մեր հարևան Վրաստանն ունի «Թբիլիսոբա» կոչվող՝ Թբիլիսի քաղաքին նվիրված տոն: Նշում են աշնանը, փոփոխությունն օրերի առումով շատ քիչ է և տարվա սկզբին էլ արդեն տուրօպերատորները գիտեն ու կարողանում են պլանավորել, խմբեր հավաքել: Վերցնենք Իտալիան, մասնավորապես՝ Վենետիկը, գրեթե ողջ տարին կարողանում է զբոսաշրջիկներ ընդունել, անգամ փետրվար-մարտ ամիսներին, որովհետև հենց այդ ժամանակ է նշվում վենետիկյան դիմակահանդեսը: Հիմա մեր ուզածն էն է, որ Գյումրիում էլ կարողանան տարվա կտրվածքով, տարբեր սեզոնի, 2 կամ 3 մեծ միջոցառում պլանավորել ու ամեն տարի անցկացնել՝ հընթացս անցկացվող այլ փոքր ու մեծ միջոցառումների,-նկատում է Գոռը,- այստեղ շատ կարևոր է նաև տվյալ միջոցառման կայունությունն ու երկարակեցությունը: Այլ մարզերում դրա օրինակներն ունենք, օրինակ՝ Արենիի գինու փառատոնը, Ախթալայի տոլմայի փառատոնը, Երևանի գինու օրերն և այլն: Մեզ այդպիսի մոտեցումն է պակասում»:
Զրուցակցիս փոխանցմամբ, եղել են տարիներ, երբ քաղաքային և մարզային իշխանությունները համագործակցել են տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող անձանց հետ, լսել են կարծիքներ, առաջարկներ, եղել են ծրագրային քննարկումներ, համատեղ միջոցառումներ են անցկացրել:
«Երիտասարդության ոլորտում, օրինակ, համագործակցության նախադեպայինն եղել է Բալասանյան Սամվելի 2-րդ անգամ ընտրվելուց հետո, երբ կազմվում էր Գյումրու զարգացման հնգամյա պլանը: Հասանք նրան, որ քաղաքապետարանը երիտասարդության համար կազմակերպվելիք միջոցառումների համար բյուջեում տարեկան 5 մլն դրամ սահմանեց: Մենք 6-8 գաղափար տվեցինք, որից երկուսը, թե երեքը հաստատվեց, կյանքի կոչեցինք: Երկու տարի այդ մոդելով աշխատեցինք: 2017թ.-ին մարզպետ նշանակվեց Արթուր Խաչատրյանը` իմ տեսած ամենաաշխատասեր մարզպետը, համագործակցային առումով շատ ճկուն, հետադարձ կապը պահող, խնդրին արագ արձագանքող: Իր ժամանակ մենք մասնակցել ենք մարզի զբոսաշրջային զարգացման ռազմավարության կազմման աշխատանքներին, հայեցակարգի մշակմանը, որը, ցավոք, մեկ տարի անց մնաց թղթի վրա՝ իշխանափոխության պատճառով»,- ասում է Գոռ Թորոսյանը:
Ի՞նչ անել, որպեսզի Գյումրին և մարզը զբոսաշրջիկների մեծ հոսք գրանցի նաև աշնան ու ձմռան ամիսներին: Գյումրիում գործող «Արաքս» հյուրանոցային համալիրի տնօրեն Վարդան Սրտաշյանը ոլորտում է գրեթե 10 տարի և ունի սեփական դիտարկումները։ «Որ Գյումրին Ծաղկաձորը, Ջերմուկը կամ Դիլիջանը չէ, գիտենք բոլորս: Գյումրի հիմնականում գալիս են գաստրոտուրերի կամ ճարտարապետությամբ հիանալու: Ցրտերն ընկնելուն պես զբոսաշրջիկների թիվը կտրուկ պակասում է: Որպեսզի քաղաքը հրապուրիչ լինի նաև ցուրտ եղանակին, պիտի ամառը միջոցառումախեղդ չանել, երբ առանց էդ էլ տուրիստը գալիս է, իր համար էական չէ` դու փառատո՞ն ես անում, թե տոնավաճառ,-նկատում է Վարդան Սրտաշյանը,-պետք է գոնե միջոցառումների մի մասը պլանավորել ձմռան երեք ամիսների համար: Ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ հարցին պետական մոտեցում է պետք: Բոլորս էլ գիտենք, որ փառատոներ կամ այլ տիպի միջոցառումներ անցկացնող կազմակերպությունները հիմնականում մրցույթների են մասնակցում աշնանը կամ ձմռանը, միջոցառումների մեկնարկը տրվում է գարնանը, հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է ամռան ամիսներին, երբ սեզոնով պայմանավորված՝ հյուրանոցներում առանց այդ էլ ասեղ գցելու տեղ չկա: Այս հարցին պետք է այլ մոտեցում ցուցաբերել: Օրինակ՝ որոշ մրցույթներ հայտարարել տարվա կեսին»:
Զրուցակցիս կարծիքով, ձմռան ամիսներին հատկապես «խեղճանում են» հյուրանոցատերերն ու սննդի որոշ օբյեկտներ: Տարածքը, անկախ նրանից՝ 1 հաճախորդ ունես, թե 50, պետք է ջեռուցվի, աշխատավարձերը պետք է վճարես և այլն: Ծախսն արվում է, սակայն եկամուտը չի ծածկում կատարածը: Որպեսզի մասնավորը շնչի, պետք է կայունություն ոչ միայն սահմանի վրա, երկրի ներսում, այլև իրականացվող ծրագրային քաղաքականության հարցում: Զբոսաշրջային կազմակերպության տնօրեն Գոռ Թորոսյանը փորձում է միտքը պարզաբանել Գյումրու օր տոնակատարության օրինակով:
«Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ավագանին որոշում էր ընդունել սեպտեմբերի վերջին կիրակին առանձնացնել որպես Գյումրու օր: Մի քանի տարի քաղաքային իշխանությունները ձգտում էին հնարավորինս շատ մեծ տեղաշարժ չգրանցել օրվա հարցում: Բայց դե երկար չտևեց էդ չակերտավոր երջանկությունը, սեպտեմբերը դարձավ հոկտեմբեր, մի տարի էլ ինչ-որ փողոցի բացման հետ կապված հասավ նոյեմբերի սկիզբ, հետո, արդեն քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք էր, նշվեց օգոստոսին ու քաղաքին վերաբերող միակ միջոցառումը զրկվեց իր կայուն տեղից: Իսկ այս տարի ընդհանրապես մնաց ֆեստիվառի «տակ»՝ հուլիսի 27-ին Թաթայի համերգն էր, որոշվել էր հաջորդ օրն էլ Գյումրու օրը նշել, դե որովհետև տուրիստներն արդեն երկօրյա այցով քաղաքում էին, տաղավարները բերել դրել էին, հո չէի՞ն հանելու տանեն, նորից բերեն, սովոր սխեմայով՝ տոնավաճառ, մի քանի երգի, պարի խմբերի ելույթ, եղավ որ տոնը կայացավ: Այնինչ, գոնե քաղաքի տոնի հետ կապված, պետք էր այնպիսի մոտեցում մշակել, որ ամեն անգամ որբի նման անկյուն չքշեն»,-Գոռն ուսերն է թոթվում:
Վարդան Սրտաշյանը ևս առաջին պլան է մղում կայունության հարցը: «Վերջին երեք տարիների ընթացքում, քաղաքում շատացել են հյուրանոցներն ու հյուրատները, մեծ մասն առաջարկում է պարզ գիշերակաց, քչերն են, որ համալիր ծառայություններ են մատուցում: Հյուրանոցը կեցություն ապահովող կառույց է, մեզանից ամենաշատը կարող են պահանջել, որ մենք համապատասխանենք սահմանված ստանդարտներին: Մրցունակ լինել, առավել մեծ քանակությամբ հյուրերի սպասարկել, սա մեր խնդիրն է, դրա համար անընդհատ նոր բաներ ենք մտածում առաջարկվող ծառայությունների փաթեթում: Իսկ այ, ինչպես անել, որ տարվա 12 ամսից գոնե 8-ը մարզկենտրոնի համար դառնա զբոսաշրջային, Գյումրին էնքան հրապուրիչ լինի, որ զբոսաշրջիկը մեկ վայրկյան անգամ չմտածի, թե գնամ էդ ցրտին ի՞նչ անեմ, դա արդեն փառատոներ, զանազան միջոցառումներ, համերգներ կազմակերպողների, նրանց ֆինանսավորող կառույցների խնդիրն է»,-բացատրում է զրուցակիցս:
Հնարավո՞ր է, արդյոք, խնդիրը լուծել հատկապես գյուղական բնակավայրերում մասսայական միջոցառումներ իրականացնելով: Գոռի համոզմամբ, այդ ամենը կնպաստի մարզի զբոսաշրջային ակտիվությանը, եթե մարզի տարբեր հատվածներում իրականացվող միջոցառումները թեմատիկ լինեն, ինչպես, օրինակ, Արևիկում 2023-24թթ.-ին անցկացրած «Լավաշի կախարդանքը» փառատոնը, Ամասիայում՝ «Winter festival -46 C » և այլն: «Ես կառաջարկեի Աշոցքում էլ հստակ որևէ մի ձմեռային լուրջ միջոցառում մտածել, որ դրա համար զբոսաշրջիկն ուզենա գալ, ասենք, թեկուզ մի երեք օր հյուրանոց վերցնի Գյումրիում, բայց ակտիվ հանգիստն անցկացնելու համար ուզենա 40 կմ ճանապարհ կտրի Աշոցք հասնելու համար: Եթե մարզի ամեն մի խոշորացված համայնքում մեկ-երկու կայացած միջոցառում ունենանք, որոնք աջակցություն կունենան թե մարզպետարանից, թե տվյալ համայնքից, որտեղ անցկացվում է, ապա հնարավոր կլինի խոսել մարզի զբոսաշրջային ակտիվության մասին»,-նկատում է Գոռ Թորոսյանը:
Վարդան Սրտաշյանը ևս համարում է, որ մարզի գրավչությունը միայն Գյումրիով չպետք է պայմանավորվի, հարակից համայնքներն էլ պետք է աշխուժանան, տեղական բյուջեներից պետք է ֆինանսավորվեն լավագույն գաղափարները: Ինչ վերաբերում է Աշոցքը Ծաղկաձորի վերածելու խոսակցություններին, ըստ Վարդանի, բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ տարածքն ապահովված չէ այն բոլոր ենթակառուցվածքներով, ինչ Ծաղկաձորը:
«Մինչև ենթակառուցվածքների հարցը չլուծվի, Աշոցքում ոչ ձմեռային տուրիզմը կզարգանա, ոչ՝ հյուրանոցային բիզնեսը: Դուք ասում եք՝ տուրիստը գա, մի երկու գիշեր քնի Գյումրիում, ցերեկները գնա էնտեղ դահուկ քշի, շատ լավ: Հիմա հարց. դուք էդ սարը տեսե՞լ եք՝ տեսել եք, հիմա ինձ ասեք՝ ո՞ր մի տուրիստը կուզենա ամեն անգամ ոտքով, դահուկները կամ սնոուբորդը շալակին բարձրանա, ինչ է թե՝ մի երկու-երեք անգամ ցած պիտի սահի: Ճոպանուղի է պետք կառուցել, առանց դրա չի լինի: Ենոքավանի մասին գիտեք, զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է: Մարդիկ գնում են բնության գրկում հանգստանալու, զիպլայնով թռնելու: Տաթևի ճոպանուղին հենց կառուցեցին, Գորիսում ու հարակից գյուղական համայնքներում մեծ մասն իրենց տները վերածեցին հյուրատների ու պանդոկների: Հիմա Շիրակի մարզն էլ պիտի կարողանա իր ռեսուրսները ճիշտ հաշվարկի, ունեցածը գրավիչ ներկայացնի, գործ անող մասնավորին էլ աջակցի, որ մենք էլ խոսենք զբոսաշրջության զարգացումից»,- եզրափակում է Վարդան Սրտաշյանը:
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի
Մեկնաբանել