
Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները հանդիպել են Մանամայում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։
ԱԳՆ փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով նախանշել անհրաժեշտ քայլերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։ Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած վերջին տարիների ու ներկա մարտահրավերներին՝ ՀՀ-ն առավելագույն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման, խաղաղության հաստատման նպատակով, ինչի ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Մեկնաբանել