HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանները քաղաքացուն ծեծել են Չարենցավանի բաժնում». ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծել են քաղաքացի Արա Օհանյանին, որը պատերազմի մասնակից է և Մարտունի քաղաքից բռնի տեղահանված արցախցի: Ծեծի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է՝ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։

Ըստ փաստաբանի` հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։

«Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։ Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև իրենց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»,- նշում է փաստաբանը: Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասն անդրադարձել է դեպքին` նշելով, որ ոստիկաններից մեկի անունը Սամվել է, ազգանվան վերաբերյալ որեւէ տվյալ չունի Արա Օհանյանը, մյուս ոստիկանի վերաբերյալ ընդհանրապես որևէ տվյալ չունի, իսկ երրորդ ոստիկանը, Արա Օհանյանի նշելով, Չարենցավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Իսկանդարյան ազգանունով ինչ-որ ծառայող է:

«Ցավալին այն է, որ Արա Օհանյանը, դառնալով սպառնալիքների զոհ և գտնվելով ակնհայտ վախեցած վիճակում, հիվանդանոցում նշել է, որ, իրոք, վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով, սակայն, արդեն նկատելով հետագա իրադարձությունները, որոշել է պատմել՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- նշում է փաստաբանը:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել, Ռոման Երիցյանը ներկայացնում է.

«Չարենցավանում գործում է ինչ-որ «Երկաթի ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերություն, որտեղ վերջինս աշխատում է, այնտեղ է աշխատում նաեւ իր կնոջ եղբայրը, ում պատկանող ոսկյա զարդը հափշտակվում է: Նա տեղադրում է ինչ-որ վայրում, այնուհետեւ վերադառնում և տեսնում է այնտեղ չէ զարդը, պայմանական հանդերձարանից գողանում են նրան պատկանող ոսկյա զարդը: 

Արա Օհանյանը, այսինքն` այդ ոսկյա զարդը կորցրած անձի հարազատը, հավաքում է բոլոր աշխատողներին և առաջարկում կամովին դնել ինչ-որ վայրում այդ ոսկյա զարդը, որպեսզի այս ամենը ընթացք չստանա: Բոլորը լսում են այդ արտահայտությունը, 1 օր անցնելուց հետո նկատելով, որ ոչ մեկը ոսկյա զարդը չի վերադարձնում, նույն Արա Օհանյանը, հաշվի առնելով ոսկյա զարդը կորցրած անձի ակնհայտ ծանր սոցիալական վիճակը, առաջարկում է բոլորին կազմակերպել դրամահավաք և աշխատավարձից 1000-2000 դրամ տալ այդ ոսկյա զարդը կորցրած, Մարտունիից տեղահանված արցախցուն, որպեսզի այս հարցը համարվի լուծված: 

Բոլորը տալիս են իրենց համաձայնությունը, սակայն ոսկյա զարդը կորցրած անձը, նկատելով, որ իրեն ոչ մի հատուցում չի տրամադրվում, և ոսկյա զարդը վերջինիս չի վերադարձվում, դիմում է ներկայացնում ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնի աշխատողները, տեղեկանալով կազմակերպված դրամահավաքի մասին, կասկածում են, որ այդ ամեն ինչի հեղինակը եղել է հենց ինքը՝ Արա Օհանյանը, այսինքն՝ ինքն է գողացել ոսկյա զարդը, որպեսզի կազմակերպի դրամահավաք:

Եվ ըստ այդմ` վերջինիս կանչում են ոստիկանության բաժին՝ առաջարկելով ընդունել իր մեղքը` նշելով, որ քո հարազատն է, դու իր հետ կհաշտվես, և այս ամեն ինչը չի ընթացքավորվի, այս հանցագործությունը կդառնա բացահայտված, սակայն Արա Օհանյանը ակնհայտ չի ընդունում և նույնիսկ քմծիծաղ է տալիս` նշելով, թե ես ինչու՞ պետք է իմ վրա վերցնեմ այնպիսի գործողություն, որ ես իրականում չեմ կատարել, ես ընդամենը խղճալով տուժողին, առաջարկել եմ կազմակերպել դրամահավաք, որպեսզի վերջինիս տրամադրվի հատուցում, կամ էլ առաջարկել եմ` այն անձը, որը հափշտակել է այդ ոսկյա զարդը, վերադարձնի վերջինիս։ 

Քծիծաղի եւ մեղքը չընդունելու պատճառով ոստիկանության բաժնի աշխատողները` թվարկածս երեք անձինք, այսինքն՝ մեկի անունը չգիտենք, մյուսի անունը Սամվել է, մյուսի ազգանունը՝ Իսկանդարյան, ոստիկանության բաժնում նրան շատ դաժանաբար ծեծի են ենթարկում, մազերից քաշում, գետնին գցում, հարվածում որովայնի շրջանում, դեմքի շրջանում, ոտքով, ձեռքով տարբեր հարվածներ հասցնում վերջինիս եւ այնուհետեւ քաշելով դուրս բերում ոստիկանությունից:

Արա Օհանյանի հարազատները նրան տեղափոխում են սկզբից Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս նշում է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով, այնուհետեւ Միքայելյան հիվանդանոց, այնտեղից էլ պետք է տեղափոխվի Արյունաբանական կենտրոն։ Բավական է տեսնել Արա Օհանյանին, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տիպի բռնության է ենթարկվել վերջինս ոստիկանության բաժնի աշխատողների կողմից եւ ինչ է իրականում տեղի ունեցել, ինչպիսի հոգեբանական ճնշման է վերջինս ենթարկվել:

Ընդ որում, էս ամեն ինչով իրադարձությունները չեն ավարտում, ոստիկանության բաժնի աշխատողները, ի վերջո հասկանալով, որ Արա Օհանյանը էդ ամեն ինչի հետ որեւէ կապ չունի, նույն բռնի գործողությունները ձեռնարկում են նաեւ այլ անձանց նկատմամբ, մասնավորապես, տուժողի հետ աշխատող այլ անձանց նկատմամբ։ Բռնություն են կիրառում նաեւ այլ անձանց նկատմամբ՝ կրկին առաջարկելով ընդունել, նշելով, որ մենք գիտենք, որ ոսկյա զարդը գտնում է ձեր մոտ: Իսկ այդ անձանց հարազատները արդեն դիմում են տուժողի հարազատներին` նշելով, թե այս ի՞նչ է կատարվում, ինչու՞ է ձեր տղան տվել հաղորդում եւ ինչու՞ են, օրինակ, մեր որդուն ոստիկանության բաժնում ձեր տղայի պատճառով ծեծի ենթարկում, այսինքն` գողությունը բացահայտելու փոխարեն եւ գողոնը գտնելու կամ հաշտակողին գտնելու փոխարեն ոստիկանության աշխատողները որոշել են ծեծի ենթարկել ամեն մի աշխատողի, որպեսզի պարզեն, այդ եղանակով ինչ-որ մեկի վրա բարդեն այդ ամեն ինչը, և կատարված հանցանքը համարվի շատ արագ բացահայտված` օպերատիվ տվյալների ձեռքբերման արդյունքում:

Ի վերջո, հասկանալով, որ ոչ մեկը չի պատրաստվում իր վրա վերցնել չկատարված արարքը, այսինքն` մեղք վերցնել այն բանի համար, որ նրանք չեն կատարել, ոստիկանության աշխատողները կանչում են տուժողին` նշելով, որ այս քաշքշուկներից խուսափելու համար առաջարկում ենք ձեզ գտնել ինչ-որ անձի, ով կներկայանա ու կասի, որ ոսկյա զարդը գտնվում է իր մոտ, վերջինս հանցավոր անցյալ չունենա, ձեր հետ էլ հաշտվի, որպեսզի այս ամեն ինչը համարվի բացահայտված, հակառակ պարագայում այսպես ամեն մի աշխատողի պետք է կանչենք, եւ դուք նրանց հարազատների հետ ինչ-որ պրոբլեմներ ունենաք տեղի ունեցածի պատճառով։

Այսինքն` ներկայացված հաղորդման հիման վրա իրական օպերատիվ աշխատանքներ ձեռնարկելու փոխարեն ոստիկանության աշխատողները որոշում են այսպես ընթացքավորել ներկայացված համապատասխան հաղորդումը: Դեպքի առթիվ նախաձեռնում է քրեական վարույթ, ոչ թե խոշտանգման, այսինքն՝ բռնություն կիրառելու դեպքի առթիվ, այլ գողության դեպքի առթիվ նախաձեռնում է քրեական վարույթ, բայց սա էական չէ, էականն այն է, որ մինչև այսօր Արա Օհանյանը գտնվում էր այնպիսի վախեցած վիճակում, որ նա չէր համարձակվում և նաեւ նրա հարազատները չէին համարձակում ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել ոստիկանության բաժնում, այսօր եմ ես այդ ամեն ինչի մասին իրազեկել»,- պատմել է փաստաբանը:

Ըստ փաստաբանի` «Միքայելյան» ԲԿ-ում Արա Օհանյանին են այցելել, ՀՀ ներքին գործերի նախարարության վերահսկողական վարչության ծառայողները, հետաքրքվել կատարվածով և Ա. Օհանյանի առողջական վիճակով։ Այցելել են նաև ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները, Ա. Օհանյանից վերցրել բացատրություն՝ կատարվածի վերաբերյալ։

«Չնայած իրազեկվելուց անմիջապես հետո կատարվածի մասին տեղեկացրել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, այնուամենայնիվ նշված կառույցից Ա.Օհանյանին որևէ մեկն առ այս պահ չի այցելել, ինչպես նաև նկատելի որևէ գործողություն չի ձեռնարկվել։

Քննչական կոմիտեից ևս որևէ լուր չկա, չնայած նշված կառույցի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության քննիչներն այս պահին առնվազն պետք է ունենային նախաձեռնված քրեական վարույթ, էլ ինչ խոսք ավելի լուրջ քայլերի մասին»,- նշել է փաստաբանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հետքին» հայտնեց, որ դեպքի մասին տեղեկություն չունի և այս պահին հնարավորություն էլ չունի ճշտումներ անելու:

Գլխավոր նկարում` փաստաբան Ռոման Երիցյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter