HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հակակոռուպցիոն դատարանում գործերն արագ են քննվում    

«Արդարադատության բարոմետր. գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» հետազոտության արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Նուբար և Աննա Աֆեյան հիմնադրամ»-ի աջակցությամբ հետազոտել են Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի գործունեությունը։ «Արդարադատության բարոմետր. գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի շրջանակներում հետազոտել և վերլուծել են Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական և քրեական գործերի քննության արդյունքներն ու իրավիճակը։ 

Հետազոտությունը, որն այսօր քննարկվեց մասնագիտական շրջանակում, ընդգրկում է Հակակոռուպցիոն դատարանի գործունեության ողջ ընթացքում՝ 2022թ օգոստոսից  մինչև 2024թ. օգոստոսը քննված գործերը: Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է Հակակոռուպցիոն դատարանում քննված 87 քաղաքացիական գործ, որոնցով առաջին ատյանի դատարանում վերջնական դատական ակտեր են կայացվել: Դիտարկված ակտերի մեծ մասը՝ 71%-ը (62) կայացվել է 2023թ.-ին, 29%-ը (25)՝ 2024թ-ին: Դիտարկված բոլոր գործերում ներգրավված պատասխանողների բացարձակ մեծամասնությունը (94%) ֆիզիկական անձինք են:

Քննված գործերի 76%-ում պետությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել: Բոլոր գործերով միասին հայցապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8 մլրդ 814 588 370 դրամ: Դատարանը գործի քննության արդյունքում վճռել է պատասխանողներից բռնագանձել պետությանը պատճառված 7 մլրդ 466 886 885 դրամի վնաս (84.7%-ը): Նշված գումարը 34 գործով ամբողջությամբ կամ մասնակի բավարարվածն է և կազմում է դատարանում քննված բոլոր գործերի 39%-ը: 

Մասնավորապես, 25 գործերից յուրաքանչյուրում հայցապահանջի չափը չի գերազանցել 1 մլն դրամը, և առավել մեծ չափի՝ 50 մլն դրամը գերազանցող հայցապահանջ է ներկայացվել 6 գործով: Հետազոտողները դատաքննության արդյունավետության տեսանկյունից բարձր են գնահատում այդ 6 գործերից 5-ով պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ դատարանի վճռի առկայությունը: Շեշտեցին նաև, որ ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանների, Հակակոռուպցիոն դատարանում գործերն արագ են քննվում։    

«Հետաքրքիր է, որ թեև հաշտության համաձայնությամբ են ավարտվել քննված գործերից ընդամենը 5-ը, սակայն դրանցում վերականգնված վնասի չափը բավական մեծ է՝ 2 մլրդ 707 634 065 դրամ։ Այսպիսով, ընդամենը 5 գործ հաշտության համաձայնությամբ ավարտելու արդյունքում վերականգնված վնասը մյուս բոլոր գործերի (82 գործ) քննության արդյունքում վերականգնվող վնասի շուրջ 36.3%-ն է»,– հայտնեց հետազոտությունն իրականացրած «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Նա նշեց, որ հաշտության համաձայնությամբ գործն ավարտելու պրակտիկան թույլ է տալիս էականորեն խնայել ինչպես մարդկային ռեսուրսն ու ժամանակը, այնպես էլ՝ բոլոր կողմերի ֆինանսական ծախսերը: Չնայած այս ինստիտուտի արդյունավետությանը, այն դեռևս լայն կիրառություն չունի: Գլխավոր դատախազության ներկայացուցիչները դա մեկնաբանում են հիմնականում ապօրինի գույքի ծավալի շուրջ կողմի և դատախազության մոտեցումների տարբերությամբ (անհամաձայնությամբ): 

Հետազոտողները Գլխավոր դատախազությունից ստացել են մի շարք տվյալներ, որոնցից պարզ է դառնում, որ պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու միջոցով 2018-2022թթ. վերականգնված դրամական միջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ մեկ տոկոսը: Յուրաքանչյուր տարվա համար միջինում այն կազմել է 0,25%, ինչը պատճառված վնասի չնչին մասն է: 2023թ. նկատվում է այս իրավական մեխանիզմի արդյունավետության էական աճ. վերականգնված վնասը կազմում է պատճառված վնասի ավելի քան 5%-ը: 

Դատաքննության արդյունքում կայացված որոշումների բաշխումը եւ հայցի բավարարման (ամբողջությամբ կամ մասնակի) և հայցի մերժման համամասնությունը գրեթե հավասար է՝ 48% և 49% համապատասխանաբար: Ներկայացված վիճակագրությունը վերաբերում է ոչ միայն ապօրինի գույքի պահանջով, այլև Հակակոռուպցիոն դատարանում քննվող բոլոր տեսակի հայցերին: «Հայաստանի դատական համակարգը հաճախակի քննադատվում է, սակայն այս թվերը կարող են անուղղակի վկայել, որ դատարանն առնվազն չի առաջնորդվում «մեղադրական մոտեցմամբ» և անխտիր չի բավարարում դատախազության ներկայացրած բոլոր հայցերը»,- ասված է հետազոտության մեջ: 

Հակակոռուպցիոն դատարանը հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մերժել է ներկայացված հայցադիմումների 13%-ը: Հայցերի 1%–ը թողել է առանց քննության, որպես հիմնավորում ներկայացրել է, որ հայցվորը՝ դատախազության ներկայացուցիչը, ծանուցված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել։ Նաև՝ դատական նիստը հետաձգելու կամ կամ գործի քննությունն իր բացակայությամբ իրականացնելու մասին միջնորդություն չի ներկայացրել: 

Առաջին ատյանի կայացրած դատական ակտերի 57%-ի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքների 78%-ն ընդունվել է վարույթ: Դեպքերի մեծ մասում (70%) վերաքննիչ բողոք ներկայացնողը դատախազությունն է, 22% դեպքերում՝ պատասխանողը: Եվս մի քանի գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել և՛ դատախազությունը, և՛ պատասխանողը: Հետազոտության ավարտին՝ 2024թ. օգոստոսին, 31 գործով վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել: Վերաքննիչ քննության արդյունքում՝ 11 գործով ստորադաս դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է դատարան՝ նոր քննության, 11 գործով ստորադաս դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, 7 գործով փոփոխվել է ստորադաս դատարանի դատական ակտը: Մեկական գործերով վճիռը մի մասով բեկանվել և ուղարկվել է նոր քննության, մի մասով՝ թողնվել է անփոփոխ։ Եվս մեկ գործով դատարանի վճիռը բեկանվել է, և հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել 10 գործով, որից 9–ը դատախազությունն է ներկայացրել, մեկը՝ պատասխանողը:   

Հետազոտության շրջանակում կազմակերպությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն դատարանում 2022-2024թթ.–ին քննված 97 քրեական գործով կայացված վերջնական դատական ակտերը: Դրանցում ներգրավված է եղել 169 մեղադրյալ: Քննված բոլոր գործերով միասին պատճառված վնասի չափը կազմել է 71 մլն 801 199 դրամ: Այս թիվն անհամեմատ փոքր է քաղաքացիական գործերով ներկայացված պատճառված վնասի հայցապահանջից (չի գերազանցում դրա անգամ 1 տոկոսը): 

Հատկանշական է, որ քրեական գործերի գերակշիռ մասում՝ մոտ 80%, պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ, մնացած եզակի դեպքերում՝ մասնակիորեն: Գործերի գերակշիռ մեծամասնության պարագայում (72%) գործով մեկ մեղադրյալ է ներգրավված, գործերի 22.6%-ում՝ երկու կամ երեք մեղադրյալ, 5 և ավելի մեղադրյալ կա գործերի 4.3%-ում: 

Պարզեցված վարույթի կարգով է քննվել յուրաքանչյուր 5-րդ գործը (21%): Կայացված 57% դատական ակտերով վերաքննիչ բողոք է ներկայացվել: Բոլոր բողոքների 78%-ն ընդունվել է վարույթ: Դեպքերի մեծ մասում (70%) վերաքննիչ բողոք ներկայացնողը դատախազությունն է, 22% դեպքերում՝ պատասխանողը: Եվս մի քանի գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել և՛ դատախազությունը, և՛ պատասխանողը: 

Մեղադրյալների 84.8%-ը տղամարդիկ են, 15.2%-ը՝ կանայք: Դատավճռի կայացման պահին մեղադրյալների տարիքային կազմերը՝ ամենամեծ տարիքային խմբերը 34-41 և 42-49 տարեկաններն են՝ գրեթե հավասար ներկայացվածությամբ: 

Մեղադրյալների 94%-ի նկատմամբ կայացվել է մեղադրական, 6%-ի նկատմամբ՝ արդարացման դատավճիռ, 47.4%-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:  Ազատազրկման ձևով պատիժ է կիրառվել 77 մեղադրյալի նկատմամբ, 60–ի նկատմամբ տուգանք է կիրառվել, կարճաժամկետ ազատազրկման է դապարտվել 11 անձ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել է 5 անձ, զինվորական ծառայության մեջ սահմանափակում է կիրառվել մեկի նկատմամբ: 

Վերաքննիչ բողոք է ներկայացվել 24.7% դեպքում կամ՝ յուրաքանչյուր 4-րդ մեղադրյալի առնչությամբ: Համեմատության համար՝ քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոք էր ներկայացվել կայացված դատական ակտերի 57%-ով: Դեպքերի մեծ մասում (մոտ 68%) վերաքննիչ բողոք ներկայացնողը դատախազությունն է, 25%–ի դեպքերում՝ մեղադրյալը: Երեք գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել և՛ մեղադրյալը, և՛ դատախազությունը: Հետազոտության իրականացման պահին ներկայացված վերաքննիչ բողոքների բացարձակ մեծամասնությունն ընդունվել էր վարույթ, իսկ մի քանի վերաքննիչ բողոքի՝ վարույթ ընդունվելու վերաբերյալ «Դատալեքս» համակարգում դեռ տեղեկատվություն առկա չէր:  

Հետազոտության ավարտի պահին՝ 2024 թ. օգոստոսին, վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 23 մեղադրյալի առնչությամբ: Վերաքննիչ քննության արդյունքում 19 գործով ստորադաս դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, 4 գործով փոփոխվել է ստորադաս դատարանի դատական ակտը: 

Վճռաբեկ բողոք է ներկայացվել կայացված վերաքննիչ դատական ակտերից 15-ի առնչությամբ: Դրանց բացարձակ մեծամասնության պարագայում (14 գործ) բողոք ներկայացնողը դատախազությունն էր և միայն մեկ դեպքում՝ մեղադրյալը: Վարույթ է ընդունվել 7 վճռաբեկ բողոք, 6 բողոք վարույթ ընդունելը մերժվել է: Մյուս վճռաբեկ բողոքների վերաբերյալ տվյալներ չեն եղել:   

Հետազոտողները նկատել են նաև, որ թեև Հակակոռուպցիոն դատարանում գործերի քննության ժամկետները համեմատաբար սեղմ են, և ողջամիտ ժամկետները հիմնականում պահպանված են, սակայն տևական է դատարանում գործը վարույթ ընդունելու ժամանակահատվածը: Քաղաքացիական գործերի զգալի մասում (38%) գործը վարույթ ընդունելը տևում է 4-6 ամիս: Նշանակալի է նաև այն գործերի ծավալը (26%), որոնց վարույթ ընդունելու տևողությունն ավելի երկար է՝ կես տարուց մինչև մեկ տարի: Քիչ չէ այն գործերի ծավալը (7%), որոնք վարույթ ընդունելը մեկ տարուց ավելի է տևում:  

Ստորև ներկայացված չեն նաև պետությանը պատճառված և բնեղենով վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները: Դատական վճիռների և հաշտության համաձայնությունների հիման վրա քաղաքացիական գործերով վերականգնված վնասն առավել ինտերակտիվ և հանրամատչելի ձևաչափով (ՀՀ քարտեզ) ցուցադրված է նշված կայքում: 

Գլխավոր նկարը՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter