Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի դիզելային վառելիքի կետի գործունեությունը դադարեցվել է
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետները նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում իրականացրել են հրդեհատեխնիկական հետազոտություն:
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
«Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Բացի այդ, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել է։
Տեսչական մարմինը շարունակելու է հետևողականորեն իրականացնել վերահսկողություն՝ ապահովելով հրդեհային անվտանգության նորմերի պահպանումը և հանրային անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել