![](/static/articles/17/14/49/l-WjaQMR9XeQ.jpg)
Բանակցությունների սեղանին հայկական պատվիրակության անդամները տարբեր դիրքորոշումներ ունեն. Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող հիմնական պատճառներից մեկը բանակցությունների սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամների անհամաձայնեցված դիրքորոշումներն են։ APA գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Բաքվում ընթացող «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։
«Հայաստանի հետ բանակցություններ են վարվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կայուն խաղաղության հասնել դեռ չի հաջողվել։ Դրա հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են։ Մյուս խոչընդոտն այն է, որ հայկական պատվիրակության անդամները բանակցությունների սեղանի շուրջ հանդես են գալիս տարբեր դիրքորոշումներով»,- նշել է Մամեդովը։
Այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը կարող են պայմանավորվել և հասնել խաղաղության։
Համաժողովը, որին մասնակցում էին քաղաքական վերլուծաբաններ և փորձագետներ, կազմակերպվել էր Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել