«Մեզ տեղափոխում են, չգիտեմ՝ ուր, հեռախոս չի լինի, սա եղել է մեր վերջին խոսակցությունը». զոհված զինծառայողի հոր ցուցմունքը
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է այս գործի քննությունը։ Դատարանում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հարցաքննվեցին 3 տուժողներ։
Զոհվածների ծնողները նշում են՝ զինծառայողները չպետք է Այգեստան գնային, այլ պետք է տեղափոխվեին Հադրութի շրջանի «9-րդ կմ» կոչվող տեղամաս, նրանց պետք է դիմավորեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։
Առաջինը հարցաքննվեց տուժող Նվեր Ասատրյանը։ Նա դատարանին հայտնեց, որ որդին՝ Պետրոս Ասատրյանն, իր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան։ Մեկ ուրիշի հեռախոսով որդին զանգել է, ասել, որ տեղափոխելու են իրենց, և այլևս հեռախոս չի լինելու իրենց մոտ։
Նվերը ևս 44-օրյա պատերազմի մասնակից է, այդ ժամանակ նա եղել է Մարտունիում։ «Ես էլ էի էդտեղ, գիշերը որդուս հետ պայմանավորվել էինք, որ պիտի մեր վաշտի հրամանատարին զգուշացնեի՝ գնայի տղայիս տենալու։ Առավոտյան զանգեց, ասեց մեզ տեղափոխում են, չգիտեմ՝ ուր, ու հեռախոս չի լինի, սա եղել է մեր վերջին խոսակցությունը»։ Թե ուր և ում հրամանով են զինծառայողներին տեղափոխում, հայրը չի իմացել։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հետաքրքրվեց՝ այդ զրույցից հետո տուժողը փորձե՞լ է նորից կապվել որդու հետ։ Նվերը նշեց, որ փորձել է զանգած համարներով հետ զանգել, բայց կապ հաստատել չի ստացվել։
Որդու զոհվելու մասին ծնողներն իմացել են միայն հունվարի 13-ին, երբ ԴՆԹ-ն հաստատվել է։ Մինչև դա լսել էին, որ զինծառայողները շրջափակման մեջ են, իր որդու անունն էլ եղել է անհետ կորածների ցուցակում։
Ըստ Նվեր Ասատրյանի՝ 73 հոգանոց վաշտին պետք է տանեին «9-րդ կիլոմետր», բայց իրանք զոհվել են այլ հատվածում. «3 մեքենա են գնացել, մեկը որ խփել են, էդ մեքենայի մեջ հենց մեկն իմ տղան է եղել»։
Հանրային մեղադրողը զոհվածի հորը հարցրեց՝ երբ լուրը ստացել են, որ հնարավոր է՝ որդին զոհված լինի, դրանից հետո իր որդու զորամասի հրամանատարությանը կամ այլ պաշտոնատար անձանց հանդիպե՞լ է։
-Հա, ծնողներով միասին հանդիպել ենք,- ասաց Նվեր Ասատրյանը։
-Պարզաբանումներ պահանջե՞լ եք։ Ո՞նց է ստացվել, եթե հրաման են տվել «9-րդ կիլոմետր» գնալ, բայց այնտեղ չեն գնացել, ուրիշ տեղ են գնացել, այդ հարցի պատասխանը ստացե՞լ եք,- հարցրեց Գրիգոր Մղդեսյանը։
-Պատասխանը ստացել ենք էնքանով, որ ասենք՝ իմ լսելով, հիշելով Գոռ Իշխանյանն անձամբ ասել է, որ ինքը հրաման է կատարել, իսկ Առուստամյանն ասում էր՝ ես չեմ ուզել զինվորներ։ Գոռ Իշխանյանն ասել է՝ Ջալալ Հարությունյանի հրամանն է կատարել։
Ըստ տուժողի՝ Գոռ Իշխանյանն ասել է, որ Կարեն Առուստամյանի հետ զրուցել է, տեղեկացրել է, որ զորք է գալիս, սակայն Կարեն Առուստամյանը հետագայում ասել է, թե չեն տեղեկացրել իրեն։
Նվեր Ասատրյանը դատարանին նաև հայտնեց, որ ինքը լսել է՝ զինծառայողները զանգել են և ասել են՝ շրջափակման մեջ են, ասել են՝ իրենց օգնություն է պետք, մեր փամփուշտները վերջանում են։
Հանրային մեղադրողը հարցրեց՝ եթե փամփուշտների մասին է խոսք գնացել, այսինքն՝ հրաձգայի՞ն մարտ են վարել, եթե հրաձգային մարտ են վարել, ուրեմն թշնամին մոտ է եղել։
-Բլիժնի բոյ ա եղել,- ասաց զոհվածի հայրը։
Հաջորդը հարցաքննվեց Աննա Բալայանը՝ զոհված Արեն Մովսիսյանի քույրը։ Վերջինս հայտնեց, որ եղբայրը 2019թ. հունիսի 26-ից Մարտունի-3 զորամասի 7-րդ վաշտում է ծառայել։
Ըստ տուժող Աննա Բալայանի՝ հոկտեմբեր 10-ին եղբայրը զանգել է և ասել, որ իրենց հեռախոսները հավաքում են, տեղափոխվում են Հադրութ։ Արենն իր մորն ասել է, որ լավ տեղ են տանում՝ խրամատ փորելու։ Փետրվարի 10-ին ընտանիքի անդամներն իմացել են, որ Արենը զոհվել է, թե ինչի հետևանքով, հայտնի չէ։ Մինչ այդ նրանք տարբեր վարկածներ էին լսում, մեկն ասել է՝ տղաները գերի են, մյուսը՝ շրջափակման մեջ են, կամ որ գուցե Իրանի սահմանն են անցել։
Աննա Բալայանը կարծում է, որ հրամանատարները մեկը մյուսին են մեղադրելու, քանի որ տղաներից ոչ մեկը ողջ չէ, որ պատմի իրականությունը։
Աննա Բալայանը մեղադրում է զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին, որը վաշտին ուղարկել է գրավված Հադրութ։
Իշխանյանի պաշտպանը տուժողին հարցրեց՝ արդյոք վերջինս կարող էր չկատարել Ջալալ Հարությունյանի հրամանը։
-Հրամատարներ են եղել, որ չեն լսել վերադասին,- պատասխանեց տուժողը։
Պաշտպանի հարցին, թե ինչու պետք է զինծառայողներին ուղարկեին Հադրութ՝ իմանալով դրա գրավման մասին, և ինչու պետք է Իշխանյանն ուզեր զինծառայողների մահը, Աննան պատասխանեց՝ «ես շատ եմ լսել, որ քանակ են ուզել լրացնել»։
Հաջորդ տուժողը Մհեր Սարգսյանի հայրն էր՝ Ատվերիկ Սարգսյանը։ Վերջինս մանրամասներ չհաղորդեց, ասաց, որ ներկա չի եղել զինվորականների հետ հանդիպումներին ու տեղեկություն չունի։ Ատվերիկը վստահ է՝ «տղաներին դիտավորյալ սպանդի են տարել», ում հրամանով և ինչու՝ ինքը չգիտի։
Այս դատական նիստում նշված տուժողների հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Նվեր Ասատրյանը
Մեկնաբանել