HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առանց օրենսդրական կարգավորումների պարտավորություններ են սահմանվել, և ձախողել ՏԻՄ-երին վերաբերող հակակոռուպցիոն միջոցառումը

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ. ծրագրի միջոցառումներից մեկը վերաբերում էր 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը, ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Սակայն այն տեղի չի ունեցել և միավորվելով այլ միջոցառման հետ՝ տեղափոխվել է 2023-2026թթ. ռազմավարական ծրագիր:

Կառավարության կողմից 2019թ. հոկտեմբերի 3-ին ընդունված՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) կոռուպցիոն ռիսկերի վերհանման և ծրագրերի մշակման ու իրականացման միջոցառման շրջանակում ակնկալված արդյունքներն իրականություն չեն դարձել:

Պարզվում է՝ ռազմավարական ծրագրում հակասական կարգավորումներ են սահմանվել, ինչն էլ անհնար է դարձրել դրա իրականացումը: Սակայն, չիրականացված միջոցառումները միավորելով տեղափոխվել են 2023-2026թթ. ռազմավարական ծրագիր: Այստեղ ևս անորոշ ապագա է սպասվում՝ հաշվի առնելով նախորդի անկազմակերպ վիճակն ու պատկան մարմինների ոչ սկզբունքային մոտեցումը: Ձախողման մասին Կառավարությունում չեն բարձրաձայնում, բարձր մակարդակով որևէ պաշտոնյայի պատասխանատվության չեն ենթարկում: Պարզապես այդ էջը փակում են ու սկսում նոր էջից, որը նույնպես իրականություն դառնալու որևէ երաշխիք չունի:

Մասնավորապես՝ 2020թ. պետք է մշակվեր տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանություն, որի հիման վրա 15 000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում իրականացվեր ռիսկերի համապարփակ գնահատում: Նույն տարվա երկրորդ եռամսյակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից պետք է հաստատվեր ՏԻՄ-երում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը: 2021թ. ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, 15 000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում պետք է մշակվեին համակառուպցիոն միջոցառումների ծրագրեր, իսկ 2022թ. այդ ծրագրերը պետք է հաստատվեին և իրականացվեին: Նշվածներից որևէ միջոցառում կյանքի չի կոչվել:

ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի վերհանման և ծրագրերի մշակման ու իրականացման միջոցառման հիմնական պատասխանատուները եղել են Արդարադատության և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները, Կոռուպցիաի կանխարգելման հանձնաժողովը:

Կառավարությունը 2022թ. օգոստոսի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել 2019թ. ընդունված ռազմավարական ծրագրում, որի արդյունքում փոփոխության է ենթարկվել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի վերհանման և ծրագրերի մշակման ու իրականացման միջոցառումը: Այսինքն՝ միայն ընդունումից 3 տարի անց են նկատել, որ հակասությունների հետևանքով համայնքներին վերաբերող հակակոռուպցիոն միջոցառումները չեն կարող իրականացնել:

Նշված փոփոխության վերաբերյալ նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ մոնիթորինգի շրջանակներում պարզվել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք միջոցառումների ոչ ամբողջական իրականացմանը, գնահատմանը խոչընդոտել են հակակոռուպցիոն միջոցառումներով 2020թ. համար սահմանված ակնկալվող արդյունքի և վերստուգիչ ցուցիչների միջև որոշակի անհամապատասխանությունը, վերստուգիչ ցուցիչների սահմանված չլինելու կամ այդ ցուցիչի համար ժամկետներ սահմանված չլինելու հանգամանքները: Որպես օրինակ նշվել է նաև ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի վերհանման և ծրագրերի մշակման ու իրականացման միջոցառումը:

Մասնավորապես՝ 2020թ. վերստուգիչ ցուցիչով նախատեսված է եղել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության հաստատումը, այնինչ ակնկալվող արդյունքներով 2020թ. նախատեսվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և ՏԻՄ-երում արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացված լինելը։ Բացի այդ, միջոցառումների իրականացման շրջանակներում մշակված կոռուպցիոն ռիսկերի մեթոդաբանության նախագծի տարբերակը բավարար չափով կիրառելի և վերաբերելի չի եղել կառավարման ոլորտներին, ինչից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Հայաստանի կառավարման առանձնահատկություններից և սովորութային պրակտիկայից բխող կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդ համակարգ: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել համայնքներին և պետական մարմիններին առնչվող հակակոռուպցիոն միջոցառումների ակնկալվող գործողությունների շրջանակը, միավորել նշված միջոցառումները՝ նախատեսելով կատարման ենթակա գործողությունների նոր շրջանակ և ժամկետներ:

Փոփոխությունից հետո այն վերանվանվել է «Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, անկախ և ինքնավար մարմիններում, քննչական մարմիններում, Դատական դեպարտամենտում, պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների (անձ կամ ստորաբաժանում) նշանակում և գործառույթների ամրագրում համապատասխան փաստաթղթերում» միջոցառում: 

Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի համակարգի ներդրման անհրաժեշտությունը սահմանվել է նաև 2023-2026թթ հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շրջանառել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Օրենսդրական նոր փաթեթով առաջարկվում է հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միասնականության ապահովման, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, որոնց թվում նաև՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակումն ու հաստատումը:

«Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ հնարավոր է իրականացնել միայն վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումից և կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության հաստատումից հետո»,- «Հետք»-ին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանը:

Նշենք, որ 2023թ. հոկտեմբերի 26-ին Կառավարության ընդունած նոր՝ 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի համաձայն, որտեղ և տեղ է գտել ՏԻՄ-երին վերաբերող միջոցառումը, պետք է իրականացվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կառավարման համակարգ ներդնելուն ուղղված քայլեր: Բացի այդ, նախատեսվում է պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգեր, որոնց համար անհրաժեշտ է 1 մլն 760 հազ. դրամ:

Հարկ է նշել, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրով 15 000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի վերհանման, ծրագրի մշակման և իրականացման համար 2020-2022թթ. ընդհանուր նախատեսվել էր 21 մլն 168 մլն դրամ: Այդ գումարից միայն 19 մլն 963 հազ. դրամը պետք է տրվեր փորձագետներին՝ վարձատրության համար: Ընդ որում աշխատավարձի համար նախատեսված գումարից 13 մլն 974 մլն դրամը նախատեսված էր միջազգաին փորձագետների վարձատրության համար, իսկ 3 մլն 989 հազարը՝ տեղական փորձագետների: Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ այդ գումարները չեն ծախսվել, քանի որ միջոցառումը չի իրականացվել։

Ծրագրի շրջանակում 2 մլն 818 հազ. դրամ նախատեսվել էր նաև գործուղումների և միջազգային փորձագետների ընդունման ծախսերի համար, 386 հազ. դրամ՝ նյութերի թարգմանության համար:

2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում նշված է, թե «նախորդ ռազմավարությամբ նախատեսված միջոցառման հաշվառմամբ իրականացվել են մի շարք գործողություններ՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի կայացմանը», իսկ թե ինչ միջոցառումներ՝ հայտնի չէ։

Ռազմավարական ծրագրի՝ համայնքներին վերաբերող միջոցառման հիմնական պատասխանատուներից Արդարադատության և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններից հետաքրքրվել էինք, թե 15 000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում կոռուպցիոն ռիսկերի վերհանման և ծրագրերի մշակման ու իրականացման միջոցառումներ ո՞ր համայնքներում են իրականացվել, ինչպես նաև խնդրել էինք տրամադրել հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերի, ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանության, համապարփակ գնահատումների փաստաթղթերի օրինակները: Սակայն, մեր հարցերի առնչությամբ որևէ հստակ պատասխան չենք ստացել: Միայն նշվել է, որ միջոցառումները միավորվել ու տեղափոխվել են նոր ռազմավարական ծրագիր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Արդարադատության նախարարը հաշվետվություններ ստանալուց հետո պետք է ապահովի մոնիթորինգի, վերջինիս և գնահատման հաշվետվությունների մշակումն ու հրապարակումը Արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքերում:

Արդարադատության նախարարութան կայքում մեր հարցերի պատասխանները չգտանք, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքում վերջին թարմ տվյալը 2022թ. հաշվետվությունն է:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարությանը, ապա վերջինիս գլխավոր քարտուղար Տիգրան Արեյանը ևս խուսափել է մեր հարցերին հստակ պատասխանել: Մասնավորապես անդրադարձ է կատարել վերը նշված օրենսդրական փոփոխություններին, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։

«Այսպիսով, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը սահմանելու, վերհանելու, գնահատելու և կառավարելու լիազորությունը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: ԿԿՀ-ն պատասխանատու է ապահովելու, որ հանրային և համայնքային կառավարման մարմիններում իրականացվեն կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատումներ և դրանց հիման վրա մշակվեն համապատասխան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրեր: Այս լիազորությունների շրջանակում ԿԿՀ-ն պարտավորվում է ապահովել ռիսկերի կառավարման միասնական համակարգի ներդրումը»,- նշել է Տ. Արեյանը, հավելելով, որ նախագծերը գտնվում են լրամշակման փուլում։

Այդ նախագծերը դրվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), 2024թ. մայիսին։ Լայն հանրային քննարկում տեղի չի ունեցել։ Հարթակում դեմ է քվեարկել 8 օգտատեր, կողմ՝ 3։ Մի քանի առաջարկ ներկայացրել է միայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, սակայն տեղեկություններ չկան՝ դրանք ընդունվել են, թե ոչ։ Նախագիծը քննարկման ներկայացրած գերատեսչությունը՝ Արդարադատության նախարարությունը, ընդունված լինելու վերաբերյալ որևէ գրառում չի արել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter