HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր՝ մեքենայում․ Սյունիքի պարեկների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի մեքենայում հայտնաբերել են հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։

«Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։

Պարեկները հետապնդել են, մի քանի անգամ հորդորել վարորդին, որ կանգնի, սակայն նա շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավապահներին հաջողվել է Անդոկավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնել մեքենան։ 34-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է, որ հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։ Սյունիքի պարեկների և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ տղամարդիկ խոստովանել են, որ հետապնդման ժամանակ մեքենայից նետված փաթեթները պատկանում են իրենց և դրանց մեջ տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք Հայաստան-Իրան միջպետական սահմանի փշալարերի վրայով նետելու եղանակով իրենց է փոխանցել Իրանի քաղաքացին:

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 10-ին Մեղրիից Քաջարան տանող ճանապարհի հարակից ձորում Սյունիքի պարեկները հայտնաբերել են մեքենայից նետված փաթեթները, որոնցում շուրջ 3 կգ 981 գրամ մարիխուանայի, շուրջ 5 կգ 474 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և մեթադոն տեսակի 2000 դեղահաբեր էին: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝  արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter