«Դատի տվել ենք ամենահամառներին ու անպարտաճանաչներին»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն օրական 10-15 քաղաքացիական գործ է քննում «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ջրամատակարարման համար պարտքեր կուտակած բնակիչների` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սեփական կամքով ժամանակին վարձավճարները չմուծած բնակիչները պարտաճանաչորեն ներկայանում են դատական նիստերին:
Բնակիչների` ջրամատակարարման ու ջրահեռացման համար չվճարած պարտքը տատանվում է 30 հազարից 400 հազար դրամի սահմաններում: Գյումրու բնակիչ Աբրահամ Օրուջյանի պարտքը կազմակերպությանը 28.02.2011 թ. դրությամբ կազմում էր 204.275 հազար դրամ: 28.03.2011 թ. «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան գումարը բռնագանձելու պահանջով:
Հայտնելով, որ պատասխանողը հաշվառված է ընկերությունում որպես բաժանորդ, օգտվել է ընկերության մատուցած ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններից: Ա. Օրուջյանին «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից զգուշացրել էին, որ պարտքը չվճարելու դեպքում հայց կներկայացվի դատարան` առաջացած պարտքը բռնագանձելու պահանջով, սակայն նա պարտքը չէր մարել: Հայցվորը դատարանից խնդրել էր պատասխանողից հօգուտ ընկերության բռնագանձել 204 հազար 275 դրամ պարտքը, ինչպես նաեւ նախապես վճարված 4.085 դրամ պետական տուրքի գումարը: Մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ Ա. Օրուջյանը հայտնեց, որ հայցն ընդունում է մասնակի:
Վերջինս չժխտեց, որ ընտանիքի հետ միասին հաշվառված բնակվել է Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետ փողոց, 32-վ շենքի 13 բնակարանում, օգտվել է ընկերության մատուցած ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններից: 01.03.2008 թ.-ից մինչեւ 28.02.2011 թ. ընկած ժամանակահատվածում պատասխանողին մատուցած` ընկերության ծառայությունների հասույթը կազմել է 56 հազար 199 դրամ, նույն ժամանակահատվածում նա ընկերությանը վճարել է 35 հազար 261 դրամ` պարտք մնալով 20 հազար 938 դրամ:
Մինչեւ 2008 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի պարտքի նկատմամբ, քանի որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, պատասխանողը դատարանից խնդրեց կիրառել հայցային վաղեմություն: Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պատասխանողի ներկայացրած միջնորդությանը` հայցային վաղեմություն կիրառելու մասին, չառարկեց: Դատարանը հայցը բավարարեց մասնակի` Աբրահամ Օրուջյանից հօգուտ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բռնագանձեց 20 հազար 938 դրամ, ինչպես նաեւ 1.500 դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում: Մնացած մասով հայցը մերժվեց:
Աբրահամ Օրուջյանը, ով հավանաբար չէր սպասում նման շրջադարձային որոշման, երբ պարզվեց, որ պիտի մուծի ոչ թե 204 հազար, այլ ընդամենը մոտ 21 հազար դրամ, չժխտեց անկանոն մուծումների փաստը: Իհարկե, մտքով երբեք չէր անցել, որ տարիների ընթացքում չվճարած գումարները կուտակվելով այդքան մեծ թիվ էին կազմելու: Նախկինում ջրի վարձը գանձել են անձերի քանակով:
Երբ ունեցել է գումար, մուծում կատարել է: «Դե եկել տարել են, եղել է` 500 դրամ եմ տվել, եղել է` 1000 դրամ եմ տվել,- անկեղծանում է Ա. Օրուջյանը,- ջրաչափ տեղադրել ենք 2008-ին: Պարտքը գոյացել է 2002-ից, էդ ժամանակվանից եմ ջրմուղի բաժանորդ եղել, փողն էլ հաշվարկել են անձերի քանակով: Բայց դե օր նորմալ չեմ տվել, փաստորեն, ըդքան պարտք է ելել վրես»:
Կազաչի պոստ, դոս 2-րդ, տուն 30 տան բնակչուհի Ալինա Սաֆարյանի պարտքը «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին կազմում էր 79 հազար 349 դրամ:
«Նիկոլայի թվի սարքած շենքերի մեջ կապրինք, կօգտվինք դրսի ծորակից: Մենք, ճիշտ է, 3 անձ ենք, բայց կամ ամուսինս կամ տղես մշտապես կբացակայեն, ըդուր համար էլ ջրմուղում 2 անձի քանակով էին պարտքս հաշվարկել,- ասում է Ալինան,- շնորհակալ եմ էդ մոտեցման համար, բայց ինչ որ տեղ էս գումարի հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ տարվա մեջ մենք էդ տունը կապրինք ձմեռվա 3 ամիսները, էդ ամիսներին էլ բակի ծորակը սառած է, բայց ընձի կըսեն` կապ չունի, դու բաժանորդ ես»:
«Կազաչի պոստ» կոչվող թաղամասի երկհարկանի շենքերը, որոնք կառուցվել են կոմունալ բնակարանների սկզբունքով, չունեն նորմալ ջրահեռացման համակարգ: Շենքերի ծայրամասային հատվածներում տեղադրված ընդհանուր օգտագործման զուգարանները հետագայում այդ մասնաբաժնում ապրողները սեփականաշնորհել են` ներառելով իրենց բնակարանների բնակմակերեսում, իսկ միջնամասում ապրողները զուգարանի հարցը լուծել են` դրանք կառուցելով փայտից ու տեղադրելով շենքի բակում:
Ալինա Սաֆարյանն ասում է, որ իր բնակարանը չունի ջրահեռացման խողովակ, բնականաբար, անհնար է այնտեղ ջրաչափ տեղադրելը: Ինքը հիմնականում ապրում է քրոջ տանը, մինչեւ արտագնա աշխատանքից կվերադառնան ամուսինը կամ տղան:
«Ես երբ պետք է եղել, ջուր բերել եմ հարեւանի տնից: Էդ մարդն հմի արդեն ջրաչափ է դրել, փաստորեն օր վերցնենք` ես էդ գումարը բդի իրան տամ, ոչ թե ջրմուղին»,- իր տեսակետն է ներկայացնում տիկին Սաֆարյանը:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ` կա հատուկ որոշում այն անձանց համար, ովքեր օգտվում են բակում տեղադրված ծորակներից: Նրանց համար վարձավճարը հաշվարկվում է անձը 150 լիտր օրական չափաքանակով, ներկայիս սահմանված գնային հաշվարկով այն ամսական կազմում է 250 դրամ, որը մեծ գումար չէ: Այսինքն` Ալինա Սաֆարյանը 2 անձի համար ամսական պիտի վճարեր 500 դրամ, որը չի արել:
«Պարզապես ջրի ու աղբի վարձ տալ մեր բնակիչները չեն սիրում,- ասում է Վարդան Մարտիրոսյանը,-ժամանակին ոչ մեկս էլ չենք տվել, որովհետեւ չեն եկել ուզել, ոչ էլ հաշվարկ են գիտեցել մարդիկ: 2002 թ.-ին, երբ քաղաքապետարանից մեզ փոխանցեցին ջրի վարձավճարների գանձումը, օժիտով փոխանցեցին, այսինքն` տարիներ շարունակ բնակչի վրա հաշվարկ է կատարվել ջրի վարձավճարների մասով, բայց բնակիչը չի իմացել, որ ինքը պարտք ունի: Գնագոյացումը եղել է կառավարության համապատասխան որոշումով, հաշվարկվել է անձի քանակով, որովհետեւ ջրաչափ կոչվածը չի եղել, էնպես չէ, որ ասենք քաղաքապետարանն է նշանակել կամայական թիվ, պարզապես գանձող չի եղել»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվող 22 հազար բաժանորդ պարտք է կազմակերպությանը: Նրանց մի մասը, կազմակերպության կողմից պարբերաբար տեղական ԶԼՄ-ներով հեռարձակվող հայտարարություններից տեղեկանալով, այցելել են, տեղում ճշտել, սխալներն ուղղվել են, եթե դա եղել է ջրմուղի սխալը, իսկ այն, ինչ մնացել է պարտքից, դրա մարման համար կազմվել է ժամանակացույց, կնքվել է պայմանագիր` մաս-մաս վճարելու պայմանով:
Ամենահամառ պարտատերերի գործերն ուղարկվել են դատարան: 2010 թ. առաջին ատյանի դատարանում քանակի առումով առաջատարը հենց «Շիրակ-ջրմուղկոյուղին» ընդդեմ բնակիչների դատական գործերն էին: Միայն այս տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Շիրակ-ջրմուղկոյուղ»-ին դատական հայց է ներկայացրել 719 շահառուի նկատմամբ: «Հիմա դատարանը կիրառում է հայցային վաղեմություն, որը հնարավորություն է տալիս բնակչին մի քանի անգամ կրճատելու պարտքը,-ասում է Վարդան Մարտիրոսյանը,-եթե նայենք մեր կազմակերպության տեսանկյունից` մենք չենք շահում, բայց մյուս կողմից էլ էդ չվճարողների մեծ մասը չքավոր մարդիկ են, ու երբ ընդամենը վերջին 3 տարվա պարտքն է հաշվարկվում, ահագին գումար կրճատվում է»:
Մայիսի 19-ին հրապարակված վճռով Ալինա Սաֆարյանից առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի որոշմամբ հօգուտ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բռնագանձվելու է ոչ թե մոտ 80 հազար դրամ, այլ, կիրառելով հայցային վաղեմություն, 16 հազար 276 դրամ` որպես մինչեւ 31.03.2011 թ. մատուցված ծառայությունների դիմաց պարտքի գումար, ինչպես նաեւ 1,500 դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում:
Նույն սկզբունքով կրճատվել էր գյումրեցի Լեւոն Ագարյանի 353 հազար 871 դրամ պարտքը: Վերահաշվարկը ցույց էր տվել, որ Լ. Աբգարյանին 01.03.2008 թ.-ից մինչեւ 28.02.2011 թ. ընկած ժամանակահատվածում ընկերության մատուցած ծառայության հասույթը կազմել է 148.945 դրամ:
Այդ ժամանակահատվածում Աբգարյանը վճարել էր ընդամենը 22.520 դրամ: Քանի որ մինչեւ 2008 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի պարտքի նկատմամբ ընկերությունը բաց էր թողել Քաղաքացիական օրենսգրքի 332 հոդվածով սահմանված հայցային վաղեմության 3-ամյա ժամկետը, ապա Լեւոն Աբգարյանի պարտքը դատարանի որոշմամբ սահմանվեց 126 հազար 425 դրամ:
Մեկ այլ գյումրեցի բաժանորդի` Էմմա Ասատյանի` «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին ունեցած 144 հազար 088 դրամ պարտքը դատարանի որոշմամբ կրճատվեց մինչեւ 32 հազար 272 դրամի: «Մեկն էլ կողքից կարող է մտածի, թե մեր գործը դատարաններն են անում,- նկատում է կազմակերպության ղեկավար Վարդան Մարտիրոսյանը,- բայց վստահաբար կարող եմ ասել, որ մենք 2 տարի շարունակ աշխատել ենք պարտք ունեցող բաժանորդների հետ, դատի տվել ենք ամենահամառներին ու անպարտաճանաչներին: Վերջը, դրանք կազմակերպության գումարներն են, մենք ծառայությունը մատուցել ենք, ուրեմն գումարներն էլ պիտի գանձվեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել