
Բաքուն Երևանից վճռական քայլեր է սպասում. Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են: Այդ մասին, ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է նախաբան և 17 հոդված։ «Նախաբանի և 15 հոդվածների տեքստերը լիովին համաձայնեցված են: Մնացած երկու հոդվածների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Վերջնական համաձայնության հասնել դեռ չի հաջողվել»,- ասել է նա։
Բայրամովը դարձյալ առաջադրել է ադրբեջանական կողմի այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ «դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»։ Ըստ նրա՝ Բաքուն Երևանից այդ ուղղությամբ վճռական քայլեր է ակնկալում:
«Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանն առաջ է քաշում վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած որոշումն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել ՀՀ Սահմանադրության նախաբանի անփոփոխության մասին։ Հենց նախաբանում էլ հղում է արվում անկախության մասին հռչակագրին, որն իր հերթին ոտնձգություններ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Բայրամովը խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն արագ տեմպերով շարունակում է իր տարածքում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները, ինչպես նաև՝ շարունակվում է Արաքս գետի վրա կամրջի շինարարությունը։ Բայրամովն ընդգծել է, որ «Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վերաբերյալ վերջնական դրական որոշում չկա»։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել