HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն կրկին պահանջում է հայ-ադրբեջանական սահմանից հեռացնել ԵՄ դիտորդներին

Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում:

«Մենք հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի: Առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ այս առաքելությունը կլինի կարճաժամկետ։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և դրա կազմը, ինչպես նաև մանդատի գործողության տարածքն ընդլայնվում է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ գործոն է»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև պատերազմի գործոն այլևս չկա։ 

Միևնույն ժամանակ, Հաջիևը նեղսրտել է Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական համագործակցությունից։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել էին Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել էր Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Լուսանկարը՝ Դիտորդական առաքելության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter