
Փաշինյանին սպասում են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել, որը կկայանա դեկտեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սանկտ Պետերբուրգում պարոն Փաշինյանին սպասում են։ Նախագահը նրան հրավիրել է և, իհարկե, ակնկալում է նրա ներկայությունը՝ մյուս գործընկերների հետ միասին»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ չնայած գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրում, այն կունենա բավականին բովանդակալից օրակարգ։
Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է 2018 թվականից։ Վերջին տարիներին ձևավորվել է ավանդույթ՝ այս գագաթնաժողովները դեկտեմբերի վերջին անցկացնել Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս հանդիպումների ժամանակ, որպես կանոն, հաստատված օրակարգ չի լինում, և ԱՊՀ երկրների առաջնորդները ոչ պաշտոնական միջավայրում քննարկում են իրենց հետաքրքրող հարցերը։
Լուսանկարը՝ Спутник գործակալության
Մեկնաբանել