HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեն կհամագործակցի Հայաստանի և Սփյուռքի ոլորտային փորձագետների հետ

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։ Այս մասին հաղորդում են Քաղաքաշինության կոմիտեից։

Փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։

Մասնավորապես` անդրադարձ է եղել վթարային և երկրաշարժադիմացկունության արդի նորմերին չբավարարող բնակարանային ֆոնդի, գործող քաղաքաշինական նորմերի, նախագծերի փորձաքննության և շինարարության տեխնիկական հսկողության վերաբերյալ հարցերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ փորձագետների՝ միջազգային փորձի վրա հիմնված առաջարկները ճիշտ ժամանակին և օգտակար կլինեն կոմիտեի նախաձեռնած աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրի հայեցակարգ, բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ նոր օրենք, և գալիք տարվանից նախատեսվում է տեղայնացնել Եվրոպական միության քաղաքաշինական նորմերը։ Միջազգային փորձի ուսումնասիրմամբ դիտարկվում են նաև փորձաքննության և տեխնիկական հսկողության որակի հետ կապված խնդիրների լուծման մի քանի տարբերակներ։

Փորձագետների խմբի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր Արմեն Տեր-Կյուրեղյանը ողջունել է քննարկված հարցերի լուծման գործում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և ընդգծել, որ խմբի նպատակն է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի մշակմանը։

Փորձագետների խմբում ներառված են նաև Լոս Անջելեսի տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու դիտարկվող հարցերի լուծման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը։

Հանդիպման ժամանակ որոշվել է դիտարկված ուղղություններով ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր, սահմանել աշխատանքների կազմակերպման ժամանակացույց։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter