
ԱՍՀ նախարարն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄԸՄՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին։ Այս մասին հաղորդում են նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունն ու աջակցությունը՝ տարբեր ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործընթացում։ Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և այդ համատեքստում անդրադարձել Միասնական սոցիալական ծառայության ու ԿԽԿՄԸՄՖ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքներին։ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել ոլորտային մի շարք հարցերի։
Ազամատ Բայալինովը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը՝ համատեղ իրականացված աշխատանքները բնորոշելով ոչ միայն համագործակցություն, այլև գործընկերություն, քանի որ նպատակը եղել է նույնը՝ աջակցել քաղաքացիներին։ Ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիտարկել է նաև երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը, ինչը թույլ կտա ճգնաժամային իրավիճակների արձագանքման աշխատանքներում ունենալ պատրաստի սցենարներ։
Հանդիպման ավարտին կողմերը դիտարկել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ներդրման գործընթացում համագործակցության հնարավորությունները․ Նարեկ Մկրտչյանը և Ազամատ Բայալինովը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված թեմաների ուղղությամբ։
Մեկնաբանել