
Վրաստանում նոր նախագահ են ընտրել
Վրաստանում ընտրիչների կոլեգիան ընտրել է երկրի նոր նախագահին։ Այդ պաշտոնը կզբաղեցնի նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նա նախագահի միակ թեկնածուն էր։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաշվարկն ավարտվել է, իսկ Կավելաշվիլին ստացել է 224 ընտրիչի աջակցությունը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար Կավելաշվիլիին անհրաժեշտ էր առնվազն 200-ը։
53-ամյա Միխայիլ Կավելաշվիլին ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն է և Վրաստանի վեցակի չեմպիոն (նա խաղացել է Թբիլիսիի «Դինամոյի» կազմում)։ 2016 թվականից իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր էր, իսկ 2022 թվականից գլխավորում էր իշխող կուսակցությունից «անջատված» «Ժողովրդի ուժը» կուսակցությունը։ Հենց այս կուսակցության պատգամավորներն էին առաջարկել «օտարերկյա գործակալների մասին» վրացական վիճահարույց օրենքը։
Նոր խորհրդարանի կազմում Կավելաշվիլին ու նրա համախոհները հայտնվել են «Վրացական երազանքի» ցուցակով։ Նա հայտնի է իր հակաարևմամետ հռետորաբանությամբ։
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ ընտրությունների միջոցով ընտրվել էր 2018 թվականին։ Դրանից հետո Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ էին եղել, ինչի արդյունքում նախագահին արդեն ընտրում է կոլեգիան, որի, այս կազմում, մեծամասնությունն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն են։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում դարձյալ հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը: Վրացական ընդդիմությունը համաձայն չէ արդյունքների հետ ու դրանք կեղծված է համարում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները և իր պաշտոնավարման ժամկետից հետո չի հեռանա պաշտոնից, քանի որ «ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել»:
Լուսանկարը՝ «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել