
Զելենսկին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության առաջնորդներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 18-ին կայցելի Բրյուսել, որտեղ կհանդիպի բարձր մակարդակի եվրոպացի մի շարք պաշտոնյաներին։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, այցը նախաձեռնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Բրյուսելում Զելենսկին բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ինչպես նաև Եվրոպական միության ղեկավարության հետ։
Հանդիպումների հիմնական թեման կլինի Ուկրաինային աջակցության հետագա քայլերի քննարկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում իշխանության է գալիս Դոնալդ Թրամփը, ով այլ տեսակետ ունի Ուկրաինային աջակցության հարցում։
Աղբյուրի տվյալներով՝ ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ որոշում չի ընդունվի։ Այն կրելու է հիմնականում քաղաքական բնույթ։ Reuters-ը հիշեցնում է, որ Զելենսկին և արևմտյան մի շարք առաջնորդներ նախկինում առաջարկել էին զինադադարի պարագայում Ուկրաինայում տեղակայել եվրոպական խաղաղապահ ուժեր։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել