
Զախարովան ոչ բարեկամական քայլ է անվանել Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը
Ռուսաստանի իշխանությունները քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը դիտարկում են որպես Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա հակասում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններին։
«Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացարձակ ոչ համագործակցային քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին։ Մենք երկկողմ դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք Երեւանին՝ պարզաբանումներ ստանալու համար»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ավելի վաղ ռուսական իշխանությունները հայ գործընկերներին բազմիցս կոչ են արել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր պրակտիկան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն գոհացրել ՀՀ իշխանություններին»:
«Առավել ևս ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են իրենց բաց, ժողովրդավարական և բազմակարծությանը հավատարիմ լինելու մասին։ Շարունակելու ենք այդ հարցը դնել պաշտոնական Երեւանի առաջ»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը թույլ չի տվել Անդրանիկ Միհրանյանին մուտք գործել Հայաստան։ Վերջինիս ասել է, որ նախատեսում էր այցելել ծնողների գերեզմանին։ Միհրանյանը ռուսական հեռուստաեթերում բազմիցս քննադատել է ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով «հայկական պետականության կործանման մեջ»։
Դեռ նախորդ տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարգելվի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը Հայաստան, որոնք հարգալից վերաբերմունք չեն ցուցաբերում ՀՀ ընտրված իշխանությունների նկատմամբ։ Հայաստան արգելված է նաև ռուսաստանցի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, մեդիա մենեջերներ Մարգարիտա Սիմոնյանի և Արամ Գաբրելյանովի մուտքը։
Լուսանկարը՝ REUTERS/Maxim Shemetov
Մեկնաբանել