HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանն իր ելույթում ասել է հետևյալը․

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված հրատապ մարտահրավերների հասցեագրման գործում:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։

Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։

Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը:

Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն է մշակութային ժառանգության պաշտպանությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից և եղանակային ծայրահեղ պայմաններից: Մենք կարող ենք նաև փոխանակել լավագույն փորձը ժառանգության պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունն ու կենսաբազմազանությունը։

Այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։

Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:

Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։  Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր:

Մշակութային ժառանգության պաշտպանության մեր քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։  Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է մեր հավաքական ջանքերում:  Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար:  Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:

Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։

Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter